«Դե ինչ, Հայոց ցեղասպանության թեման է կրկին արդիականացել։ Եվ հետևելով արձագանքներին՝ կարելի է ֆիքսել շատ կարևոր մի փաստ։ Փաստորեն, թուրքական պրոպագանդան բավականին ակտիվ աշխատել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Որովհետև այն անասնական հակահայկական նարատիվները, որոնք թուրքերը տարիներ ի վեր գցում էին հայկական դաշտում, արդեն, կարծես, խոսույթ են դարձել»,– ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը «Հայելի» ակումբում։
«Պետք է շատ հստակ հասկանալ, որ մարդիկ հաճախ այդ պատճառահետևանքային երանգներին այդքան ուշադրություն չեն դարձնում և ընդամենը կրկնում են թուրքական նարատիվները՝ գուցեև չհասկանալով։ Այստեղ մեղադրել-չմեղադրելու հարցը չէ։ Որպես օրինակ՝ շատ վառ է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ընդունման փաստը։
Պետք է նախ նշել, որ սա վերջնական պրոցեսը չէ։ Եվ Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, որ միաձայն ընդունեց Նեթանյահուի իշխանությունը, ինքը պետք է գնա Կնեսետ՝ Իսրայելի պառլամենտ, որտեղ նույնպես պետք է ընդունվի։ Բայց արդեն իսկ կարելի է փաստել, որ Իսրայել պետությունը կառավարության մակարդակով ընդունել է Հայոց ցեղասպանության հարցը։
Պետք է հստակ ֆիքսել, որ Իսրայել պետությունը վարել է և, ըստ էության, շարունակում է վարել հակահայկական քաղաքականություն, քանզի հանդիսանում է վիժվածքածին Ադրբեջանի կարևորագույն գործընկերներից մեկը տարածաշրջանում։ Եթե չլիներ Իսրայելի հակահայկական քաղաքականությունը, Ադրբեջանին զինելը, հետախուզական, դիվանագիտական, քաղաքական աջակցությունը, ապա 44-օրյա պատերազմը կանցներ այլ տրամաբանության մեջ և այլ հունով։
Կարդացեք նաև
Սակայն սրա հետ մեկտեղ մենք մեզ պետք է մի հարց տանք։ Ինչի՞ համար է Իսրայելն ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, և ի՞նչ պետք է անել դրա հետ։
Ոչ մի պետություն, գուցե մեկ-երկուսը, իսկ Հայոց ցեղասպանությունն ընդունել են 30-ից ավելի պետություններ, չի ընդունել ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական տեսլականի ներքո։ Այո, ընդունել են ցեղասպանության փաստը, բայց լոկ ելնելով իրենց շահերից՝ Թուրքիայի հետ սրացումներ, Հարավային Կովկասում ամրապնդվելու գործընթաց և այլն։ Եվ դա նորմալ է։ Նույնը՝ Իսրայելը, որը ժամանակին չի դատապարտել, ինչը բերել է հրեաների հոլոքոստին։ Չմոռանանք, որ Հայոց ցեղասպանության հիմքի վրա հիմնվում էր լեհ հրեա Ռաֆայել Լեմկինը, որը ձևակերպեց «ցեղասպանություն» եզրույթը, այլ ոչ թե հրեաների հոլոքոստը։
Վերադառնալով իրականություն՝ պետք է ընդունենք, որ ցեղասպանության ընդունման փաստը հրեաների կողմից չպետք է ոչ վրդովվեցնի, ոչ էլ ուրախացնի, այլ պետք է մեր կողմից ընկալվի որպես հավելյալ գործիք մեր թշնամի պետության՝ խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է, վրա հավելյալ ճնշում գործադրելու։ Կան մարդիկ, որոնք կտան ամենահիմար հարցը. ի՞նչ է դա մեզ տալու։
Քաղաքականությունն ունի ևս մի շատ կարևոր առանձնահատկություն։ Թուրքիան և Ադրբեջանը երբեք չեն դադարելու ճնշումը Հայաստանի Հանրապետության վրա, քանի որ գոյություն ունի Մեծ Թուրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ընդլայնման, Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը, որոնք իրենք չեն էլ թաքցնում։ Ու կան մարդիկ, որոնք հրաժարվում են այս իրականությունն ընկալել։ Այսինքն՝ մարդիկ, որոնք ասում են՝ Իսրայելն ինչո՞ւ այսքան ուշ ընդունեց, չեն հասկանում պրոբլեմի խորությունը և, ըստ էության, աշխատում են թուրքերի և ադրբեջանցիների վրա։
Եթե մենք մեզ համարում ենք խելացի ազգ, ապա յուրաքանչյուր գործընթաց պետք է օգտագործենք։ Տեսեք, Թուրքիան և Ադրբեջանը միմյանց հետ սերտ կապի մեջ են։ Իսրայելը և Ադրբեջանը շատ մտերիմ ռազմավարական գործընկերներ են։ Մարդը պետք է կատարյալ անմեղսունակ լինի, որ չօգտագործի և փորձի գոնե մի պուճուրիկ սեպ մտցնել Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններում։ Մեզ ձեռնտո՞ւ է, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները խաթարվեն։ Իհարկե, ձեռնտու է։ Կամ մարդիկ կան՝ ասում են՝ տեսեք, Իսրայելն ընդունեց, որ պատժի թուրքերին։ Հա, թող պատժի։ Մենք ինչի՞ց ենք վատ զգում։ Որ թուրքերին պատժո՞ւմ է։
Ինչ վերաբերում է այս ամենին Հայաստանի իշխանությունների վերաբերմունքին, այստեղ ավելորդ է ինչ-որ բան խոսել։ Հայաստանի ներկայիս, գործող իշխանությունները գործում են, մտածում են, քաղաքականություն են ձևավորում բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի տեսլականի ներքո։ ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Եվրոպա՝ բոլոր խոշոր պետություններն այս պարագայում գուցե մի փոքր այլ հարթությունում են գտնվում։ Բայց Հայաստանի իշխանությունները գործում են Թուրքիայի և Ադրբեջանի տեսլականի ներքո, որը հակահայկական է։ Մենք պետք է սա էլ ֆիքսենք ու չզարմանանք, որ այս իշխանությունն ասում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մենք հանում ենք մեր քաղաքական առաջնահերթություններից։ Բա ձեր առաջնահերթությունը ո՞րն է։ Արցախ բառը չարտաբերե՞լ, թուրքերին տեսնելիս չոքերը դողա՞լ, եկեղեցու վրա՞ գործընթացներ գեներացնել, մարդիկ լինեն չաղ ու բախտավո՞ր։ Այդպես չի կարող լինել։
Հետևաբար, Հայաստանի իշխանությունը գործում է թուրքերին և ադրբեջանցիներին ձեռնտու ծիրում, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն են երաշխավորը այս իշխանության ու կառավարության գոյության։ Եվ տրամաբանական է, որ սրանք նույնիսկ ծպտուն չհանեցին։
Իսկ մեր հուզականությանը, թե Իսրայելը թուրքերին է պատժում, լավ է անում։ Դու էլ խելք ունեցիր և օգտագործիր այդ պահը, որպեսզի կարողանաս քո երկրի անվտանգությունը մաքսիմալ ձևավորել։
Հայոց ցեղասպանության ժխտման կամ այն քաղաքական ծիրից դուրս հանելու գաղափարախոսության գլխին կանգնած է ցեղասպանը՝ Թուրքիան։ Եվ մարդիկ, որոնք ասում են՝ մեզ պետք չի Ցեղասպանության ընդունումը, ըստ էության կրկնում են թուրքերի այն տեսլականը, որը միտված է Հայաստանի Հանրապետության թուլացմանը և կազմաքանդմանը»,– ասաց քաղաքական գործիչը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































