«Իսրայելն այսօր» (israel heute) կայքը հունիսի 28-ին վերնագրում է՝ «Էրդողանը Թուրքիային ուղղորդում է Իսրայելի հետ բացահայտ առճակատման»: «Մինչ Անկարան ուժեղացնում է իր հակասիոնիստական հռետորաբանությունը, Երուսաղեմը դիվանագիտորեն սուր հակադարձում, պատմական քայլ է անում՝ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:
Իսրայելաբնակ մեկնաբան Ռայան Ջոնսը (Ryan Jones) մեջբերում է Էրդողանի հայտարարությունը՝ «Սիոնիզմ կոչվող ցեղասպանական, օկուպացիոն, էքսպանսիոնիստական գաղափարախոսությունը սպառնում է ո՛չ միայն ինձ, ո՛չ միայն մեր կուսակցությանը, ո՛չ միայն մեր դաշինքին, այլ՝ բոլորին: Մենք պայքարում ենք սիոնիզմի դեմ, չենք պայքարում մեզ համար, անձնական պատճառներով, այլ՝ սեփական գոյատեւման, մեր ազգի գոյատեւման համար»:
Մեկնաբան Ջոնսը գրում է. «Այս բառերի ընտրությունը Իսրայելի քաղաքականության սովորական քննադատություն չէր: Քաղաքակրթական հռետորաբանություն էր, որ սիոնիզմը՝ հրեա ժողովրդի ազգային շարժումը ներկայացնում է որպես գոյաբանական թշնամի: Տոնը նվազ դիվանագիտական էր, ավելի՝ գաղափարական, ավելի նման Թեհրանի բառապաշարին, քան ՆԱՏՕ-ի անդամ պետության», գրում է «Իսրայելն այսօր»-ի քաղաքական մեկնաբանը՝ ծանուցելով Իսրայելի ԱԳՆ-ի կտրուկ արձագանքի մասին՝«Էրդողանը դիկտատոր է, հարձակվում է Մերձավոր Արեւելքի միակ ժողովրդավարության վրա: Էրդողանը կոչնչանա, Իսրայելը հավերժ է»:
Գերմանիայում հրատարակվող «Յուդիշե ալգեմայնեն», որ տարբեր տարիների՝ հատկապես ապրիլի 24-ին հոդված էր հրապարակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ճանաչման մասին Սաարի առաջարկին անդրադարձավ հունիսի 26-ին՝ նշելով, թե 32 երկիր արդեն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ծանուցեց, թե այսօր աշխարհում հայկական ծագմամբ 11 միլիոն մարդ է հաշվվում: Հունիսի 29-ին նույն լրատվամիջոցը իսրայելաբնակ մեկնաբան Սաբինե Բրանդեսի հեղինակած ծավալուն անդրադարձով է լուսաբանում Երուսաղեմի միաձայն որոշումը՝ շեշտելով արտգործնախարար Սաարի խոսքի՝ «բարոյական պարտք» ձեւակերպումը: Հեղինակն անդրադառնում է Թուրքիայի եւ նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի բուռն հակազդեցությանը: «Կառավարության միաձայն որոշումը կուրսի նշանակալի փոփոխություն է ներկայացնում, որ ձեւակերպված է որպես պատմական եւ բարոյական պարտավորություն, մինչդեռ Թուրքիան այն դիտարկում է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ, որը հավանաբար առավել կսրի երկու երկրների միջեւ՝ արդեն իսկ չափազանց լարված հարաբերությունները», գրում է «Յուդիշե ալգեմայնեի» մեկնաբանը:
Կարդացեք նաև
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































