Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների համար հանգստի ամենապահանջված ուղղությունը Քոբուլեթին է կամ Ուռեկին․ Հայաստանի ներսում շատ թանկ է

Հուլիս 03,2026 22:20 Share

Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Շիրակի մարզի բնակիչների համար հանգստի այս տարվա ամենապահանջված ուղղությունը դարձյալ Վրաստանն է․ Քոբուլեթին ու Ուռեկին են։ Այս ուղղության պահանջված լինելը պայմանավորված է մատչելի լինելով, այլ ոչ թե որակով կամ հարմարավետությամբ։

«Այստեղ գերադասում է գնալ այն մասսան, որը ֆինանսի խնդիր ունի, երկու հոգու համար այս ուղղությունը՝ ուղևորափոխադրումով, հյուրանոցով, երկուանգամյա սննդով, 130 հազարից մինչև 150 հազար դրամ է, իսկ Հայաստանի ներսում Դիլիջան կամ Ծաղկաձոր մեկ օր մնալու համար պահանջվում է 60-70 հազար դրամ։

Իհարկե, Հայաստանի ներսում էժան տեղեր էլ կան, բայց շատ քիչ են, էժան ասվածը 30-35 հազար դրամն է։ Եթե մարդը պետք է գնա, 30-35 հազար դրամ տա մեկ գիշերվա համար, ու նախատեսված է միայն նախաճաշ, ոչ լողավազանով կամ այլ ծառայություններով տեղ է, Գյումրիից էլ մինչև հասնի այդ տեղը ու վերադառնա, եթե սեփական մեքենա ունի, 10-15 հազար դրամ ծախսը կավելանա, եթե չէ, տաքսիով կամ այլ տրանսպորտով գնա, ավելի շատ ծախս կանի, բնականաբար, Հայաստանի ներսում երկօրյա հանգիստն այնքան կնստի մարդու վրա, որքան Վրաստանի մեկշաբաթյա հանգիստը, դեռ մի բան էլ ավելի»,- ասում է Գոռ Թորոսյանը։

Նա նշում է, երկրորդ պահանջված ուղղությունը Եգիպտոսն է, սակայն սա ևս թանկացել է, այստեղ գործուն դերակատարություն ունեն հենց հայերը, տուրօպերատորները, զբոսաշրջային գործակալները, որոնք սկսել են չարթերային չվերթներ կազմակերպել, հյուրանոցներ պատվիրել։ Ըստ նրա, այլ տարբերակ չկա, քան միջնորդավորված գործելը, քանի որ ավիատոմսեր պատվիրել, հյուրանոց վերցնելն ահռելի թանկ է նստում։ Չնայած որ, ըստ մեր զրուցակցի, եգիպտացիներն էլ իրենց հերթին են արժեքը բարձրացրել, քանի որ այլևս հայտնի դառնալու խնդիր չունեն, որպես համեմատաբար մատչելի ուղղություն՝ ողջ աշխարհից գնում են իրենց մոտ հանգստի։

Իսկ ներքին տուրիզմը, որը պահանջարկ ունի մինչև հունիսի կեսը, այս տարի վատ վիճակում է եղել։

«Այս տարի զբոսաշրջությունը Հայաստանի ներսում պահանջված չէ, նպաստել են թե՛ եղանակները և թե՛ ավելի շատ ընտրությունները։ Հայաստանի ամեն մի տեղանքում մարդիկ ինչ-որ չափով զբաղված էին ընտրական գործընթացով, ընտրական թոհուբոհի մեջ էին, եղանակներն էլ անձրևային էին, ցուրտ։ Կարելի է ասել՝ մինչև հունիսի 7-8-ը գրեթե ոչ մի պատվեր չենք ունեցել, Հայաստանի ներսի մասին է խոսքը։ Սա այն շրջանն է, որ մարդիկ գերադասում են Հայաստանի ներսում անցկացնել, այսպես ասած՝ Հայաստանի ներսի շրջանն է։

Դրսի շրջանը սկսվում է հունիսի կեսերից, հուլիսի սկզբից, ծովային հանգստի շրջանն է։

Գյումրիից Հայաստանի ներսում գերադասում են լինել Տավուշի և Լոռու մարզերում»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031