Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ի քարոզչական բովանդակությամբ պատկերներ պարունակող ավտոբուսը մեծ հաճախականությամբ կայանված է եղել Կառավարական տուն 1 հասցեի կայանատեղիում»․ ԲՀԿ-ի՝ ՍԴ-ի դիմումից որոշ խախտումների օրինակներ

Հուլիս 04,2026 00:23 Share

ԲՀԿ-ն ՍԴ-ին ուղղված իր դիմումով խնդրում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ, որպես այլընտրանք, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը՝ ապահովելով ԲՀԿ-ի կողմից մանդատների ստացումը։

ԲՀԿ-ի ներկայացրած փաստարկներին Aravot.am-ը նախորդ հրապարակումներում բազմիցս անդրադարձել է։ Այստեղ կներկայացվեն ՍԴ-ի կայքում հրապարակված ԲՀԿ-ի դիմումից որոշ փաստական հանգամանքներ, որոնք նախորդ հրապարակումներում չեն արտացոլվել։

«Դիմողի փաստարկները նախընտրական քարոզչության շրջանում ընտրություններին մասնակցող կառավարող ուժի և նրա գործադիր մարմնի ղեկավարի կողմից իրականացված խախտումների արդյունքում ընտրությունների ազատության և հավասարության սկզբունքների խախտումների մասով» բաժնում նշված է․

«ՔՊ գործադիր մարմնի ղեկավար և պատգամավորի թեկնածու, ՀՀ վարչապետ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում, քարոզարշավի օրերին, ակնհայտորեն կատարել է բռնության կոչեր պարունակող վիրավորական, անձանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, հնչեցրել իրավական սպառնալիքներ, ատելության և բռնության կոչեր։ Դա հանգեցնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջի խախտման, այն է՝ վերջինիս կողմից օգտագործվում են հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդներ, բռնության կոչեր, բռնության կիրառման սպառնալիքներ, ինչն էլ աներկբայորեն համարվում է նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում»։

Վարչական ռեսուրսի կիրառման և այլ խախտումների օրինակներ բաժնում անդրադարձ կա կենսաթոշակների բարձրացմանը։

Մասնավորապես նշված է․ «Որևէ հիմնավորում և պատճառաբանություն, քան նախընտրական շրջանում ընտրական գործընթացների վրա ազդելը, այլ իրողություն չի կարող ունենալ, քանի որ երեք ամսվա տարբերությամբ որևէ պետություն չի կարող արձանագրել այնպիսի տնտեսական աճ, որը թույլ կտա կայացնել իրար տրամագծորեն հակառակ որոշումներ, ինչով իսկ ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակների բարձրացումը միտված է եղել բացառապես կենսաթոշակառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց՝ իշխող քաղաքական ուժի օգտին քվեարկել շահագրգռելուն։

Ընդ որում, թոշակների աճը նախատեսված է եղել ոչ թե պետական բյուջեի շրջանակներում (որտեղ ավելացումը նախատեսված չի եղել), այլ Կառավարության լիազորությունների շրջանակում»։

Խախտումների շարքում նաև ամրագրված է ՔՊ-ի քարոզչական ավտոբուսի կայանման վայրի հետ կապված խախտումը․ «ՔՊ-ի քարոզչական բովանդակությամբ պատկերներ պարունակող ավտոբուսը մեծ հաճախականությամբ կայանված է եղել Կառավարական տուն 1 հասցեի կայանատեղիում (կայանատեղին նախատեսված է կառավարության տրանսպորտային միջոցների համար)»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031