ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ հերթական հակասահմանադրական փոփոխությունները կատարվեցին, որով սահմանվեց, որ Հայաստանում համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով վերոնշյալ օրենքների մասին, մասնավորապես` արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելու մտադրության, ասում է. «Ընտրական իրավունքը բոլորի համար հավասար է եւ համընդհանուր: Եթե անձը որեւէ երկրում ժամանակավոր չբնակվելու դեպքում զրկվում է ընտրելու իրավունքից, որը հիմնարար իրավունքներից մեկն է, այդ թվում` համընդհանուր իրավունքներից մեկն է, ապա այս նախագիծը ոչ միայն հակասահմանադրական է, քանի որ ՀՀ սահմանադրության մեջ նշված է, որ բոլոր ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, այլեւ խտրական է, քանի որ ունի խտրականություն պարունակող որոշակի տարրեր: Եթե ինչ-որ մի խմբի սկսում ես բացառել, ապա շատ հեշտ է հաջորդիվ այլ խմբերի նույնպես բացառելը` նույն եղանակով, նույն պատճառաբանություններով:
Ես հիշեցի, որ 100 տարի առաջ Եվրոպայում կանանց արգելված էր ընտրություններին մասնակցել, որովհետեւ նրանք կին էին…. ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում իր ետեւից բերելու է տարբեր խմբերի բացառումներ, ինչը ես` որպես իրավապաշտպան, համարում եմ խիստ անընդունելի: Ասում են, որ իբրեւ այլ երկրից ուղղորդել են, որպեսզի գան եւ մասնակցեն ընտրություններին, սակայն նմանատիպ ռիսկերը չեզոքացնելու համար չի կարելի այսպիսի որոշումներ կյանքի կոչել: Եթե կա կոռուպցիա, ապա այն պետք է կարգավորվի քրեաիրավական գործիքակազմով, այլ ոչ թե իրավունքների սահմանափակմամբ: Այս պրոցեսն ուղղակի հակաիրավական է»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































