Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կա Սահմանադրություն, ՍԴ, բայց չկա սահմանադրական արդարություն․ Արամ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին

Հուլիս 04,2026 20:25 Share

«Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ ՀՀ-ում կա Սահմանադրություն, ՍԴ, բայց չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն։ Սահմանադրական արդարադատության համար առաջնային է ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրը, որը, ցավոք, չհաղթահարվեց»,- ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա՝ այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքներն անվիճելի էին, ակնհայտ էր․ «Այն խնդիրները, որոնք ներկայացրել էինք, գնահատողական դատողությունների տիրույթից դուրս էին, ակնհայտ ու հայտնի էին, դրանք պետք է իրավական կերպով ճիշտ ամրագրվեին։ Ամրագրվեցին, արդյոք դա տվեց այն արդյունքը, որը կլիներ արդարության պահանջին բավարար՝ ոչ։ Սա խոսում է համակարգային խնդիրների մասին, որն ունենք ՀՀ-ում»։

Հարցին՝ բարձր դատարանի վրա եղե՞լ է քաղաքական ազդեցություն, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Բարձր դատարանի դատավորներից մեկի հարցադրումները նույնիսկ քաղաքական իշխանության խոսույթից էին․ հետևությունները թողնում եմ ձեզ»։

Դիտարկմանը՝ այն, որ ընդդիմադիրներն անգամ սպասելիքներ չունեին ՍԴ-ից, և հարցին՝ այդ դեպքում ի՞նչ տվեց ՍԴ դիմելու գործընթացը հենց ընդդիմությանը, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Սպասելիքներ ընդհանրապես չունենալու տրամաբանությունը չեմ կիսում, բայց սպասելիքներ ունենալու մոտեցումը պետք չէ նույնացնել ռոմանտիզմի հետ կամ իրավիճակը պատշաճ չգնահատելու հետ։ Մեկ հարց կար, որը բոլորի համար անվիճելի էր․ պայմանական հավանականությունը, որ ՍԴ-ն կունենար այդ քաջությունն անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները՝ թե ոչ, նվազ մակարդակի էր։ Արդյոք երկրորդ փուլի հնարավորության քաջություն կունենա՞ր, մի փոքր ավելի բարձր էր հավանականությունը։ Բայց մանդատների բաշխման հետ կապված հարցը նույնիսկ ԿԸՀ-ի համար ակնհայտ էր։ Այսինքն՝ ԿԸՀ-ի ցանկացած անդամ գիտակցում է, որ վաղ թե ուշ այս հարցի վերաբերյալ իրենք ստիպված են լինելու տալ պատասխաններ, որովհետև, երբ անվավեր են ճանաչվում տեղամասի արդյունքները՝ ԿԸՀ-ի նախաձեռնությամբ, որն էական ազդեցություն է ունենում ընտրությունների ընդհանուր ելքի վրա, պետք է վերաքվեարկություն լիներ, որը չեղավ։ Այն, որ այդ ամենը շտկելու հնարավորություն ուներ ՍԴ-ն, և ես ինչ-որ տեղ հակված եմ կարծելու, որ ԿԸՀ անդամներն էլ էին ցանկանում, որ այդպես լիներ, որ հետագայում այդ հարցադրումներն իրենց չներկայացվեին, բայց չեղավ»։

Արամ Վարդևանյանն ասաց, որ առաջիկայում կտեսնենք նաև «Ուժեղ Հայաստանի» քաղաքական հայտարարությունը։

Հարցին՝ ՍԴ-ն ի՞նչ կարող էր անել մանդատների վերաբաշխման հետ կապված, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «ԿԸՀ-ի ընդունած որոշումն էր, որ ՍԴ-ի արդարադատության առարկան էր։ Այդ որոշումը ճանաչվում էր անվավեր, սահմանվում մանդատների բաշխման նոր կարգ, այն կարգը, որը պարտավոր էր սահմանել ԿԸՀ-ն, եթե անվավեր չէին ճանաչվում այդ երկու ընտրատեղամասերի արդյունքները, ԲՀԿ-ն այդ շեմը հաղթահարում էր։ Նույն այդ Ընտրական օրենսգրքի տրամաբանության ներքո չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի՝ ըստ քաղաքացիների քվեի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն, արգելի անցնել անցողիկ շեմը։ Սա աննախադեպ էր, առաջին անգամ էր»։

ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031