Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան

Հուլիս 05,2026 10:45 Share

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու մեր պետության Մայր օրենքը, որն արդեն երեք տասնամյակ Հայաստանի պետականության, իրավական համակարգի և հանրային կյանքի կազմակերպման անկյունաքարն է։

Սահմանադրությունը ամրագրում է ոչ միայն պետական իշխանության կազմակերպման սկզբունքները, այլև սահմանում այն հիմնարար արժեքներն ու նպատակները, որոնց շուրջ ձևավորվում է մեր հանրային համակեցությունը։

Այն արտահայտում է մեր պետության ինքնությունը, սահմանում է մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքները, ինչպես նաև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը պետության և հասարակության հանդեպ։

Այս տարիների ընթացքում մեր երկիրն անցել է բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ հաղթահարելով քաղաքական, անվտանգային և հասարակական բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ ընթացքում առավել ակնհայտ է դարձել, որ Սահմանադրության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն դրա տառով, այլև դրա ոգու հանդեպ ձևավորված հանրային ու պետական վերաբերմունքով։

Սահմանադրությունը լիարժեք ուժ է ստանում այնտեղ, որտեղ այն ընկալվում է որպես համակեցության անբեկանելի կանոն: Այս հարցում առաջնային ու բացառիկ է պետական իշխանության մարմինների պատասխանատվությունը. ցանկացած իշխանություն լեգիտիմ է և ծառայում է իր նպատակին միայն այնքանով, որքանով անվերապահորեն ենթարկվում է Սահմանադրության էությանն ու սկզբունքներին:

Միաժամանակ, Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ։ Այն պետք է ունենա ներքին կենսունակություն արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործման անհրաժեշտությանը և մեր երկրում ու աշխարհում փոփոխվող իրողություններին։

Այդպիսի զարգացումը երբեք չի նշանակում հրաժարում հիմնարար սկզբունքներից ու պետության հիմնադիր արժեքներից։
Ընդհակառակը՝ այն հնարավորություն է տալիս պահպանել Սահմանադրության արժեքային հիմքերը՝ դրանք ներդաշնակեցնելով ժամանակի պահանջներին և հանրային կյանքի բնականոն փոփոխություններին։

Իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու արժանապատվության անխախտելիությունը, իշխանությունների հավասարակշռությունն ու փոխզսպումը շարունակում են մնալ այն անփոփոխ հենասյուները, որոնց վրա կառուցվում է մեր պետականությունը։ Հենց այդ արժեքների շարունակական ամրապնդումն է ապահովում պետության կայունությունը, հանրային վստահությունը և զարգացման հեռանկարը։

Մեր ընդհանուր առաքելությունն է, որպեսզի Սահմանադրությունը լինի ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև հանրային կյանքի իրական ուղենիշ՝ արտացոլելով հասարակության հասունությունը, պետության զարգացման ընթացքը և ապագայի հանդեպ մեր հավաքական տեսլականը։

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն, իրավունքի նկատմամբ բացարձակ հարգանք և շարունակական առաջընթաց՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հանուն մեր վաղվա օրվա:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031