Լրահոս
Օրվա լրահոսը

103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

Հուլիս 07,2026 14:02 Share

1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի որոշմամբ Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր համաձայնությամբ Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախը խլվել է Խորհրդային Հայաստանից և ինքնավար մարզի կարգավիճակով մտցվել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։

Նշված ապօրինի որոշման երկրորդ կետով արձանագրվել է. «Հանձնարարել Ադրբեջանի կենտրոնական կոմիտեին որոշել ինքնավար մարզի սահմանները և ներկայացնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի հաստատմանը»։

Սակայն, Խորհրդային Ադրբեջանի վարչակազմը երկու տարի ձգձգել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորումը: Խորհրդային բարձրագույն իշխանության մարմինների ձեռնարկած որոշ քայլերից հետո Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեն 1923թ․ հուլիսի 7-ին՝ 103 տարի առաջ ճիշտ այս օրը, ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորման մասին» դեկրետ, որով որոշել է՝

  1. «Լեռնային Ղարաբաղի հայկական մասից ձևավորել ինքնավար մարզ, որպես ԱԽՍՀ (Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության – Ս. Հ.-Ջ.) բաղկացուցիչ մաս:

  1. Մարզի կանոնադրության մշակման և Ղարաբաղի ինքնավար մարզին վարչական միավորների փաստացի փոխանցման, ինչպես նաև ինքնավար մարզի սահմանների որոշման նպատակով ստեղծել խառը հանձնաժողով՝ բաղկացած Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Քուրդիստանի և Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչներից»:

Նշված դեկրետը հրապարակվել է Բաքվում լույս տեսնող “Бакинский рабочий” ռուսալեզու թերթի 1923 թվականի հուլիսի 9-ի համարում: Կից՝ նշված թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը դեկրետի ուշագրավ հատվածների նշագծմամբ:

Հարկ է նշել, որ Արցախը բաղկացած է լեռնային և դաշտային հատվածներից: Լեռնային Արցախը (Ղարաբաղը) պատմական Արցախի լեռնային մասն է, իսկ դաշտայինը՝ հարթավայրային: Սահմանը նրանց միջև պայմանականորեն կարելի է տանել Նավթալան – Թարթառ – Տիգրանակերտ – Մարտունի – Հորադիզ – մերձարաքսյան որոշ հատվածներ գծով, որից արևելք Դաշտային Ղարաբաղն (Արցախն – Ս. Հ.-Ջ.) է, իսկ արևմուտք՝ Լեռնայինը: Պատմական Ղարաբաղի (Արցախի – Ս. Հ.-Ջ.) դաշտային և լեռնային հատվածների տարածքները գրեթե հավասար են:

Արդեն ծվատված Արցախի նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի վարչակազմը կատարել է երկրորդ հրեշավոր քայլը:

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը, խախտելով կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, անօրինական որոշումը, որտեղ նշվել էր, որ լայն ինքնավարությունը պետք է ձևավորել ամբողջ Լեռնային Արցախի տարածքի վրա, ինքնավար մարզը ձևավորել է Լեռնային Արցախի տարածքի միայն մի մասում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից միտումնավոր դուրս թողնելով աշխարհագրորեն և պատմականորեն Լեռնային Արցախի տարածք համարվող Շահումյանը, Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Քաշունիքը, Ջրականը, Վարանդան, Ակնան և այլն:

Նշված տարածքները, որոնք այսօր բռնազավթված են Ադրբեջանի կողմից, դե յուրե հանդիսանում են Արցախի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը: Այդ տարածքները կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, անօրինական որոշմամբ պետք է մտնեին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական սահմանների մեջ:

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը այնպես է ձևավորել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի քարտեզը, որ Լեռնային Արցախը ցամաքային կապ չունենա Խորհրդային Հայաստանի հետ: Այդ նպատակով Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեի 1923թ. հուլիսի 16-ի որոշմամբ Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև գտնվող տարածքում ստեղծվել է «Կարմիր Քուրդիստան» անունով արհեստական քրդական գավառ: Վեց տարի անց՝ 1929թ. ապրիլի 8-ին, Կարմիր Քուրդիստանի լուծարումից հետո, Խորհրդային Ադրբեջանի վարչակազմն այդ տարածքում ձևավորել է Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլուի շրջանները։

Փաստորեն, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը, առանց հաշվի առնելու Լեռնային Արցախի ժողովրդի կարծիքը, 1923թ. հուլիսի 7-ի դեկրետով Խորհրդային Ադրբեջանի տարածքին բռնակցել է Լեռնային Արցախի տարածքի հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան հատվածների մեծագույն մասերը:

Եվ այսպես, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի չքննարկված և քվեարկության չդրված, բայց «ընդունված» ապօրինի որոշմամբ, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեի 1923թ․ հուլիսի 7-ի դեկրետով Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախն ինքնավարության կարգավիճակով բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ հայտնվելով իր համար բոլոր առումներով խորթ և օտար միջավայրում:

Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի քաղաքականությունն ընդհանրապես, Խորհրդային Ադրբեջանի վարչակազմի քաղաքականությունը մասնավորապես մշտապես ուղղված է եղել Արցախի բնիկ հայ ժողովրդի բռնի կամ «խաղաղ» տեղահանմանը իրենց դարավոր հայրենիքից: Այդ նպատակով Խորհրդային Ադրբեջանի բոլոր ժամանակների ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ գիտակրթական, թե՛ հոգևոր-մշակութային ոլորտներում միտումնավոր իրականացրել է հակահայկական քաղաքականություն՝ գլխավոր նպատակ ունենալով փոխելու ժողովրդագրական պատկերը Լեռնային Արցախում հօգուտ ադրբեջանցիների (կովկասյան թաթարների), ովքեր մինչև 1918 թվականը կոչվում էին թաթարներ, 1918-ից մինչև 1936 թվականը ներառյալ կոչվում էին թյուրքեր, իսկ 1936 թվականից հետո սկսեցին կոչվել ադրբեջանցիներ:

Նման քաղաքականության իրականացման մասին բացահայտ խոստովանել է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի նախկին նախագահ՝ 1969-1982թթ. Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևն ազգային մամուլի օրվա առթիվ Բաքվի մամուլի ակումբի հիմնադիրների հետ 2002թ. հուլիսի 22-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Խոսելով Ադրբեջան-Արցախ հակամարտության մասին՝ նա, մասնավորապես, ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը ծագել է 1988 թվականին, սա նոր խնդիր չէ։ Այսինքն այն սուր հակամարտություն է։ Բայց այս խնդիրը շարունակվում է 20-րդ դարի սկզբից սկսած… Անգամ խորհրդային ժամանակաշրջանում նորմալ չէր… Սակայն, չնայած դրան, մենք վերահսկում էինք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ինչի՞ շնորհիվ: Նախ, իհարկե, խորհրդային ​​համակարգն ինքն էր դա թույլ տալիս։ Երկրորդ՝ ես խոսում եմ այն ժամանակաշրջանի մասին, երբ ես առաջին քարտուղար էի,… փորձել եմ փոխել այնտեղ (ԼՂԻՄ-ում – Ս. Հ.Ջ.) ժողովրդագրական պատկերը։

Լեռնային Ղարաբաղը բարձրացրել է այնտեղ ինստիտուտ, ԲՈւՀ բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը դեմ էին դրան: Ես մտածեցի, որոշեցի բացել: Բայց պայմանով, որպեսզի լինի երեք բաժին՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք: Հարակից շրջանների ադրբեջանցիներին (կովկասյան թաթարներին – Ս. Հ.-Ջ.) մենք ուղարկել ենք ոչ թե Բաքու, այլ՝ այնտեղ։ Բացել ենք այնտեղ կոշիկի մեծ գործարան: Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզը շրջապատող վայրերից ադրբեջանցիներին (կովկասյան թաթարներին – Ս. Հ.-Ջ.) ուղարկել ենք այնտեղ: Այդ և այլ եղանակներով ես ձգտել եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիներ (կովկասյան թաթարներ – Ս. Հ.-Ջ.) շատ լինեն, իսկ հայերի թիվը կրճատվի: Նրանք, ովքեր այդ ժամանակ աշխատել են Լեռնային Ղարաբաղում, գիտեն այդ մասին: Ամեն դեպքում, շնորհիվ իմ կամքի, այլ հատկանիշների իմ խոսքն օրենք է եղել նրա (ԼՂԻՄ-ի – Ս. Հ-.Ջ.) ղեկավարության համար»:

Արցախահայությունը երբեք չի հաշտվել Խորհրդային Ադրբեջանին Լեռնային Արցախի բռնակցման (անեքսիայի) փաստի հետ և մայր Հայաստանին վերամիավորվելու նպատակով տարիներ շարունակ բազմահազար ստորագրություններով լի դիմումներ է հղել Խորհրդային Միության կենտրոնական իշխանության պատկան մարմիններին՝ ակնկալելով հարցի արդարացի լուծում, մասնավորապես՝ 1963թ. ավելի քան 2.5 հազար, իսկ երկու տարի անց՝ 1965թ., ավելի քան 45 հազար ստորագրություններով նամակներ է ուղղել Խորհրդային Միության ղեկավարությանը:

Ցավոք, բոլոր դիմումներն, առանց բացառության, եղել են ապարդյուն:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031