«Բոլորիս մեջ բնակվում է այս աննախադեպ ցավը, վրդովմունքը։ Այս մարդը ժամանակին ասում էր, որ այն ժամանակ Ստեփանակերտում սխալ բան է ասել, հետո միտքը փոխել է, դարձել պետական գործիչ։ Բայց հիմա ինքն իրեն ուղղել է։ Ասում է՝ ճիշտ է արել։ Խոստովանում է։ Ասում է՝ այս կետին՝ իր ասած չակերտների մեջ խաղաղությանը և գոյություն չունեցող ինքնիշխանությանը հասնելու համար այդ ամեն ինչը պետք է լիներ։ Այսինքն, հազարավոր ոսկե տղաներ դիտմամբ, գիտակցաբար պետք է նահատակվեին, որ հետո ինքը տարիներ անց իր ելույթների ավարտին ասեր՝ «Փառք նահատակներին»։
Ու դա մտցնի պաշտոնական երդման տեքստի մեջ։ Ավելի քստմնելի, ավելի հատակային, ավելի տմարդի մոտեցում ես իմ կյանքում չեմ տեսել», – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով այս իշխանության՝ վերջին ութ տարիներին վարած քաղաքականությանը և դրա հետևանքներին։
«Պարզ է, որ ինքը չի հաջողել։ Ինքն այսօր ելույթ է ունենում ոչ թե հաղթողի, պետական գործչի, ղեկավարի, անգամ իր պատկերացրած ազգի հոր կերպարով։ Ինքը պարտված է։ Ինքը գիտի, որ այլևս չունի ընտրական օրինակարգություն, լեգիտիմ չէ։ Ուստիև, այն կառավարությունը, այն պետությունը, որ ինքը դե ֆակտո ներկայացնում է, նույնպես լեգիտիմ չէ աշխարհի աչքին։ Դրա համար ինքն այս ջղաձգությունների մեջ է։ Եվ դա ոչ թե ցույց է տալիս ինչ-որ մեկի բնավորությունը, այլ մատնում է իրենց իսկ գիտակցությունը, որ հայ ժողովուրդը իրենց ճամփել է։ Եվ իրենք զոռով, իրենց պղծումներով, կեղծումներով փորձում են վերջին մի քանի ամիսը կամ մի քանի տարին պահել այդ իշխանությունը», – եզրակացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































