Գագիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 16 դրվագով, այն բանի համար, որ նա 2002 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2009 թ. մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, իսկ 2009 թ. մարտի 4-ից մինչև 2010 թ. դեկտեմբերի 8-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս այլոց՝ ունենալով համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին նշանակելու, համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու, համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին առաջարկություն ներկայացնելու, համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու, դրանց նպատակային օգտագործումն ապահովելու, ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու լիազորություններ, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններ, այդ լիազորությունների ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, Երևան քաղաքի Կենտրոն համայնքում գտնվող, Կենտրոն, իսկ հետագայում նաև Երևան համայնքին պատկանող և նշված ժամանակահատվածներում ընդհանուր 2.327.584.000 ՀՀ դրամ արժեք ունեցող 25 անշարժ գույքն իրենը դարձնելու, իսկ 2 անշարժ գույքը իր հետ փոխկապակցված անձինը դարձնելու նպատակով, 2004-2008 թթ. ընկած ժամանակահատվածում և 2010 թ. ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 2009 թ. ընթացքում դրդել է համայնքի ղեկավարի կողմից, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին և դրա արդյունքում անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, ինչպես նաև 2004-2017 թթ․ընթացքում, այլ անձանց օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված նշված՝ առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքերի մի մասը, դրդել և կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված, նշված՝ առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքերի մի մասի օրինականացումը:
Նույն գործով 12 դրվագով մեղադրանք է առաջադրված նաև համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Գյանջումյանին, ով ըստ մեղադրանքի, Գագիկ Բեգլարյանի դրդմամբ՝ գիտակցելով ու նախատեսելով, որ թեև հանցավոր ճանապարհով ձեռք բերվող գույքերը համայնքից ապօրինի նվիրաբերվում կամ անհամեմատ ցածր արժեքներով վաճառվում են այլ անձանց, սակայն հետագայում դրանք փոխանցվելու են Գագիկ Բեգլարյանի տնօրինմանը, 2009 թ․ընթացքում, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքերը, այն է՝ անշարժ գույքերի նկատմամբ Գագիկ Բեգլարյանի ունեցած իրավունքի և այն իրականում նրան պատկանելու փաստը թաքցնելու, այլ կերպ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքը Գագիկ Բեգլարյանի կողմից օրինականացնելու նպատակով անշարժ գույքի վարձակալության, նվիրատվության կամ օտարման պայմանագրերը կնքել է Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձանց հետ՝ իբր իրականում անշարժ գույքերը վարձակալել կամ ձեռք են բերել վերջիններս։
Իսկ «Սկառտա» ՍՊԸ տնօրեն Գագիկ Բաղդասարյանին էլ մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով, այն բանի համար, որ նա 2002 թ․մինչև 2009 թ․ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքում համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի ենթակայության ներքո տարբեր պաշտոններում, իսկ՝ 2009 թ․օգոստոսի 3-ից նաև համայնքի ղեկավարի տեղակալ, օժանդակել է պաշտոնատար անձին վերջինիս կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացմանը:
Կարդացեք նաև
Գագիկ Գյանջումյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ և քրեական հետապնդման ժամկետը լրացել է 2025թ. մայիսի 30-ին:
Գագիկ Բաղդասարյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ և քրեական հետապնդման ժամկետը լրացել է 2025թ. մայիսի 30-ին:
Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը լրացել է 2025թ. մայիսի 19-ին:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ս. Խաչատրյանը ստանձնել է վարույթը 2025թ․ապրիլի 17 -ից։ 2025 թ․սեպտեմբերի 12-ին թիվ ՀԿԴ/0079/01/25 քրեական գործը դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի միջոցով մակագրվել և 2025 թ. սեպտեմբերի 15-ին փաստացի հանձնվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։
Մեկ տարի առաջ դատարանը Գագիկ Բեգլարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը 50.000.000 ՀՀ դրամի չափով թողել էր անփոփոխ, Գագիկ Բաղդասարյանի և Գագիկ Գյանջումյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը և գրավը 20.000.000 ՀՀ դրամի չափով թողել էր անփոփոխ։
Այս տարի անդրանիկ նիստը նշանակվել էր փետրվարի 2-ին։ Մինչ նախորդ օրը վեց նիստ է հրավիրվել, կայացել։
Հիշեցնեմ, որ Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը օրեր առաջ երկարաձգվել է։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.07.2026


















































