«Ինձ որևէ տեղեկություն Արայիկ Հարությունյանի հետ կապված չի զեկուցվել»,- դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ կապված մտահոգիչ տեղեկություններ են զեկուցվել իրեն, դրա համար էլ որոշել է նրան չվերանշանակել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաստմանը՝ հայտարարեցիք, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը ներառված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և շարունակում է մնալ ՀՀ կառավարության քաղաքական պարտավորություններից մեկը և հղմանը ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածին, ըստ որի՝ Սահմանադրություն կարող է ընդունվել հանրաքվեով, իսկ նախագիծը կարող է դրվել հանրային քննարկման միայն ԱԺ-ում ձայների 2/3-որդով և հարցին՝ իրավական ի՞նչ մեխանիզմով եք հասնելու դրան, եթե չունեք ԱԺ-ում 2/3-րդի շեմը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես իրավաբան չեմ։ Այդ հարցերով դեռ մեր իրավաբաններն ինձ եզրակացություն չեն տվել։ Չմտնենք այդ թեմայի մեջ։ Այդ հարցը կա, մեր մասնագետները զբաղվում են, բայց այդ հարցի պատասխանը ինձ դեռ չեն տվել, որ ես էլ Ձեզ տամ»։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրության հետ կապված ասաց․ «Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի կառավարող ուժի մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է։ Նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Այլ հարց է, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունն այնպիսին չէ, որ Սահմանադրության փոփոխությունն իրականացվի մեզ հայտնի ընթացակարգով։ Բայց այդ օրակարգը կա, դա մեր նախընտրական պարտավորությունն է, և մենք պետք է դիրքավորվենք այդ թեմայի շուրջ»։
Կարդացեք նաև
Ժամկետների մասին էլ ասաց․ «Մենք որոշեցինք առաջարկների ներկայացման ժամկետը հետաձգել ընտրություններից հետո, որպեսզի հնարավոր լինի դրանք հանգիստ քննարկել։ Առաջարկները քննարկվել են, մնացել է մեկ առաջարկ, որի քննարկումից հետո նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա մինչև տարվա վերջ»։
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































