Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Փաշինյանն անկլավ-էքսկլավների հարցը կապում է ՀՀ սուվերեն տարածքների հետ, որպեսզի հող նախապատրաստի ադրբեջանական անկլավները վերադարձնելու համար եւ արդարանա՝ եթե չվերադարձնենք, օկուպացված տարածքները հետ պահանջել չենք կարող։ Փաշինյանը, ըստ էության, ուղիղ խոստովանում է, որ տալու է Տիգրանաշենն ու տավուշյան 3 գյուղերը, մի բան, որ, Զոլյանի խոսքով՝ նախկինում ուղիղ չէր խոստովանում՝ ասելով միայն, թե չի կարող Արծվաշենը չվերադարձնել, ինչը նշանակում է դրա դիմաց տալ ադրբեջանական անկլավները, բայց ընտրություններից հետո այլեւս այս մասին բաց տեքստով է հայտարարում․ «Ինքը խառնաշփոթ է պարզապես ստեղծում, Ջերմուկի ու Արծվաշենի տարածքները բոլորովին տարբեր են։ Նա մի հարթության մեջ է դնում, որ հիմնավորի իր հանձնումը։ Ավելին, անգամ ուղղությունը նշեց, թե ինչպես պիտի զարգանա, այսինքն՝ եթե Արծվաշենին, Ջերմուկին, Սեւ լճին անդրադառնա, դա կլինի վերջում, սկզբում Իջեւանով կհասնի Տիգրանաշեն, հետո նոր կքննարկեն՝ ինչ անել։ Սա նշանակում է, որ հարցն արդեն մանրակրկիտ քննարկվել է, բնական է նաեւ, որ Բայրամովը շտապեցնում է, քանի որ իրենք էլ գիտեն, որ Փաշինյանն իրականում չունի մեծամասնություն, ժողովրդի մանդատ՝ անկախ այն բանից, որ ինքը խոսում է այդ մասին, փաստն այն է, որ չունի մեծամասնություն, իսկ հետագայում լուրջ խնդիրների է բախվելու՝ թե՛ Իրանի հետ կապված, թե՛ Զանգեզուրի միջանցքն է առաջ գալու եւ այլն»։
Տավուշի հատվածում 3 անկլավի հանձնումը, Զոլյանի գնահատմամբ, աղետալի հետեւանքների կարող է հանգեցնել․ «Երեք գյուղ, որոնք հենց մարզի կենտրոնում են, եւ շատ խնդրահարույց է լինելու։ Ես հիշում եմ, որ 1991 թվականին ստիպված էինք ռուսաստանցի պատգամավորների հետ Նոյեմբերյանից Իջեւան գնալ Ստեփանավանով։ Մի անգամ գնացինք անտառով, քիչ էր մնում կրակի տակ ընկնեինք, չընկանք միայն փորձառու վարորդի շնորհիվ, հետո ստիպված էինք Ստեփանավանով՝ ամբողջ Հայաստանով պտտվել։ Այսինքն, այդ անկլավները փոքր են, բայց կարեւոր դիրքերում են, իսկ տնտեսական վնասների մասին չեմ խոսում, որ դրանք տալուց հետո պետք է ճանապարհներ կառուցել, բայց որքան էլ կառուցվի, այլեւս պաշտպանելու հնարավորություն չի լինի, եւ եթե նոր կոնֆլիկտ լինի, դրանք միանշանակ անցնելու են Ադրբեջանին։ Արծվաշենի եւ ադրբեջանական անկլավների նշանակությունը տարբեր է, Արծվաշենի վերադարձի պահանջ անգամ չի դրվել արծվաշենցիների կողմից, եւ հայտնի չէ, թե ով կվերադառնա այնտեղ, եւ արդյոք կվերադառնա՞ որեւէ մեկը, ո՞ւմ պետք է համոզեն՝ անհասկանալի կարգավիճակում վերադառնալ Հայաստանից մեկուսացած տարածք, մինչդեռ ադրբեջանական անկլավները Հայաստանի ռազմավարական ճանապարհների վրա են, մեկը՝ դեպի Վրաստան, մյուսը՝ Իրան, եւ նրանց ռազմավարական արժեքը լրիվ այլ է»։
Քաղաքագետի կարծիքով, առաջիկայում ավելի է ուժգնանալու Փաշինյանի՝ պատերազմի սպառնալիքի լեքսիկոնը․ «Որ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի, կկորցնենք մեր սուվերեն տարածքները եւ այլն։ Ստացվում է, որ ինչքան շատ տարածք տանք Ադրբեջանին, այնքան շատ անկախ կլինենք»։ Նա տարակուսած է՝ Փաշինյանը հրապարակավ ստում է իր ծրագրի համար․ «Անհասկանալի էր հիշատակումը, թե Մինսկի խումբը դեռ քննարկում էր անկլավների հարցը, բայց, վստահեցնում եմ, այդ խումբը երբեք չի քննարկել, որովհետեւ հստակ մանդատ ունեին՝ լուծել միայն Ղարաբաղի հարցը»։ Ի դեպ, Զոլյանը չի բացառում, որ առաջիկայում ադրբեջանական կողմը պահանջի նաեւ Մեղրիին հարակից Նռնաձոր գյուղը, որը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով եւ կոչվել է Նյուվադի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































