Երեկ իրավապահները միաժամանակ ներխուժել էին «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ձեռնարկությունները, դրանց տնօրենների տները, լայնածավալ խուզարկություններ էին իրականացնում, ամենուր դադարեցրել էին ընկերությունների աշխատանքը, մարդկանց հանել էին շենքերից եւ անգամ Օլիմպավանից մարզիկներին էին հանել, այդ թվում` արտասահմանցի։
Մեկ տասնյակից ավելի ընկերությունների մասին է խոսքը՝ «Արարատցեմենտ», Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ, «Մուլտի վելնես» համալիր, Օլիմպավան, «Մուլտի ստոուն» ընկերություն, Ծաղկաձորի «Մուլտի գրանդ» հյուրանոցային համալիր եւ բազմաթիվ այլ հիմնարկներ: Մինչ շատերը Փաշինյանի այս գործողությունները համեմատում են 1937 թվականի իրադարձությունների հետ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով վերջին դեպքերին, նկատում է. «1937 թվականն ուներ իր պատճառները, խնդիրները, սակայն Նիկոլ Փաշինյանի գործողությունները, իրականում, շատ մանր են, բացառապես անձնական շահերից ելնելով` իշխանությունը պահելու համար: 37 թվականին այլ մասշտաբների պայքար էր, մեծ տեռոր էր այն ժամանակ, Հայաստանի այսօրվա դեպքերն ինձ հիշեցնում են Լատինական Ամերիկայի փոքր երկրներում տիրող դիկտատուրաները, որոնց խնդիրը եւս բացառապես իշխանության պահպանումն էր: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հերթական կարմիր գծերն է հատում: Այս մարդու հայտարարությունները, նրա բառապաշարը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում: Նրանք նույնպես տիեզերական խոստումներ էին տալիս, մեծ ծրագրերի մասին աղաղակում եւ անպայման փնտրում էին ներքին ու արտաքին թշնամիներ: Մեզանում նույնպես բոլոր այն ուժերը, ովքեր իրենցից ինչ-ինչ վտանգներ են ներկայացնում, չեզոքացվում են: Ստացվել է այնպես, որ Հայաստանում գրեթե չկա միջին խավ, բնակչության մեծ մասն աղքատ է եւ քաղաքական գործոն չէ, մնում է միայն խոշոր կապիտալը, ուստի Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախը հարուստ մարդիկ են, իր լեզվով ասած` «թալանչիները», ովքեր հանդգնել են քաղաքականությամբ զբաղվել: Նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, անտարբեր են երկրում տիրող սարսափելի պրոցեսների նկատմամբ, մուծվում են համապատասխան հիմնադրամներին, իրենցից որեւէ վտանգ չեն ներկայացնում: Իսկ նրանք, ովքեր պայքարում են, ուրեմն հանցագործ են, թալանչի են եւ պետք է պատժվեն: Սա էլ շատ նման է ֆեոդալական հպատակությանը։ Ինչո՞ւ․ որովհետեւ Փաշինյանն այսպիսի քայլերով ոչ միայն ֆինանսական խնդիրներ է լուծում, այլեւ փորձում է քաղաքական հակառակորդներին հնազանդեցնել: Այն, ինչ սպասվում է մեզ, շատ տխուր է: Եթե չեզոքացվեն բոլոր նրանք, ովքեր կարծիք ունեն, դրան էլ գումարվեն այս նոր ընտրական սահմանափակումները, եւ Հայաստան ներմուծվեն 300 հազար այլ ընտրողներ, Հայաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































