Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք մաքրում ենք մեր սրտի բաժակը, որպեսզի արժանի լինենք ընդունելու Տիրոջը․ միասնական ժամերգություն Գառնահովիտի հնամենի Սուրբ Գևորգ եկեղեցում

Հուլիս 18,2026 09:40 Share

Արագածոտնի թեմի հոգևորականների միասնական ժամերգությունը տեղի ունեցավ Գառնահովիտի հնամենի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Հավաքվելով Տիրոջ Սուրբ Սեղանի շուրջ՝ հոգևորականները միասնաբար աղոթք բարձրացրին առ Աստված:

Ժամերգության ընթացքում աղոթք բարձրացվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շուտափույթ և անվտանգ վերադարձի համար։

 

Ընթացս ժամերգության իր խոսքով ներկաներին դիմեց Թալինի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։
Տեր Հայրը հիշեցրեց, որ Աստված յուրաքանչյուր մարդու շնորհում է դեպի Իր լույսը գալու հնարավորություն. «Եթե մենք գալիս ենք դեպի Քրիստոս, լուսավորվում ենք»։

Անդրադառնալով Աստծո հանդեպ վստահությանը՝ նա նշեց, որ ինչպես երեխան է առանց երկմտելու վստահում ծնողին, այնպես էլ քրիստոնյան պետք է մանկան սրտով ապավինի Տիրոջը՝ չփնտրելով իր կամքը, այլ ձգտելով ճանաչել և կատարել Աստծո կամքը։

«Մեր ամբողջ երկրային կյանքը դեպի Երկնքի Արքայություն տանող ճանապարհ է։ Հարց տանք ինքներս մեզ՝ արդյո՞ք մաքրում ենք մեր սրտի բաժակը, որպեսզի արժանի լինենք ընդունելու Տիրոջը»,- ընդգծեց Տեր Հայրը՝ կոչ անելով երբեք չկորցնել վստահությունը Աստծո հանդեպ, որովհետև քրիստոնյայի կյանքի գերագույն նպատակը Աստծուն հասնելն է։
Ամփոփելով իր խոսքը պատգամեց.
«Եթե կա լույսը, խավարը ցրվում է։ Լույս դարձե՛ք»։

ԾԱՆՈՒՑՈՒՄ.
տեղեկացնում ենք, որ հուլիսի 24-ին, ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Եղիպատրուշ գյուղի (Ապարանի շրջան) Սուրբ Աստվածածին եկեղեցում:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել