Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևանը վերածվում է այն եզակի տարածքներից մեկի, որտեղ հատվում են գրեթե բոլոր հիմնական աշխարհաքաղաքական շահերը. «Փաստ»

Հուլիս 21,2026 11:02 Share

Եթե երկար տարիներ Նախիջևանը դիտարկվում էր որպես Ադրբեջանի աշխարհագրական առումով առանձնացված ինքնավար միավոր, ապա այսօր այն աստիճանաբար վերածվում է Բաքվի արտաքին քաղաքականության, անվտանգային ռազմավարության և տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների առանցքային գործիքներից մեկի։

Հատկանշական է, որ 2026 թվականի մարտին Ադրբեջանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունները ոչ միայն փոխեցին Նախիջևանի ներքին կառավարման մոդելը, այլ նաև ազդարարեցին ամբողջ տարածաշրջանին ուղղված քաղաքական ուղերձ, որի բովանդակությունը շատ ավելի լայն է, քան կարող էր առաջին հայացքից թվալ։ Այդ փոփոխություններով Ադրբեջանը փաստացի ավարտեց դեռևս 2022 թվականից սկսած գործընթացը՝ ամբողջությամբ վերացնելով Նախիջևանի քաղաքական ինքնավարության բովանդակությունը և երկրամասի ամբողջ կառավարումը կենտրոնացնելով Բաքվում՝ անձամբ Ադրբեջանի նախագահի վերահսկողության ներքո։

Այս գործընթացի ամենանշանակալից բաղադրիչներից մեկը դարձավ Նախիջևանի Սահմանադրության նախաբանից 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերաբերյալ հիշատակումների ամբողջական հեռացումը։ Թեև առաջին հայացքից դա կարող է թվալ ընդամենը իրավատեխնիկական փոփոխություն, իրականում դրա նշանակությունը շատ ավելի խորքային է։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը շուրջ մեկ դար հանդիսանում էին այն իրավաքաղաքական հիմքը, որի վրա կառուցվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Այդ պայմանագրերը ոչ միայն սահմանում էին տարածքային պատկանելության հարցերը, այլև ստեղծում էին միջազգային իրավական այն համակարգը, որի շրջանակներում Ռուսաստանն ու Թուրքիան հանդես էին գալիս որպես որոշակի երաշխավորներ։ Այժմ, երբ այդ հղումները վերացված են, Ադրբեջանը փաստացի հայտարարում է, որ Նախիջևանի կարգավիճակի միակ աղբյուրը Ադրբեջանի Սահմանադրությունն է, իսկ դրա վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել բացառապես Բաքվում՝ առանց որևէ արտաքին իրավաքաղաքական հղման։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է միջազգային զարգացումների տեսանկյունից։ Փաստացի Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չի ընդունում նույնիսկ պատմականորեն ձևավորված այն իրավական մեխանիզմները, որոնք որևէ արտաքին դերակատարի հնարավորություն էին տալիս թեկուզ տեսականորեն անդրադառնալ Նախիջևանի կարգավիճակին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը և Թուրքիան այլևս իրավական հիմք չունեն հանդես գալու որպես Նախիջևանի կարգավիճակի երաշխավորներ, քանի որ այդ երաշխավորության հիշատակումը պարզապես վերացվել է տարածաշրջանի հիմնական իրավական փաստաթղթերից մեկից։

Ներքին պատճառների հետ մեկտեղ, ինչպես արդեն նշեցինք, Նախիջևանի ինքնավարության վերացումը շատ ավելի մեծ չափով պայմանավորված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Այսօր Նախիջևանը դարձել է Հարավային Կովկասի ամենակարևոր աշխարհագրական հանգույցներից մեկը, քանի որ հենց այս տարածքով են անցնում կամ կարող են անցնել մի շարք ռազմավարական տրանսպորտային նախագծեր։ Նախիջևանի աշխարհագրական դիրքը այն դարձնում է այնպիսի տարածք, որի նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է տալիս ազդելու ամբողջ տարածաշրջանի հաղորդակցային համակարգի վրա։ Հետևաբար, Բաքուն ձգտում է բացառել ցանկացած իրավիճակ, երբ այդ տարածքում որոշումների ընդունման գործընթացում կարող էին դեր ունենալ տեղական իշխանությունները կամ արտաքին դերակատարները։

Այս համատեքստում առավել տեսանելի է դառնում Իրանի գործոնը։ Իրանի համար Նախիջևանը միշտ ունեցել է առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Իրանը սահմանակից է Նախիջևանին և երկար տարիներ ապահովել է Ադրբեջանի հիմնական ցամաքային կապը դեպի այդ երկրամաս։ Եթե ապագայում ձևավորվեն նոր տրանսպորտային երթուղիներ, այդ թվում՝ Սյունիքով նախատեսվող ճանապարհները, որոնք էապես կնվազեցնեն Իրանի նշանակությունը, ապա Թեհրանը կկորցնի տարածաշրջանում իր ազդեցության կարևոր լծակներից մեկը։ Հենց այդ պատճառով Բաքուն շահագրգռված է, որ Նախիջևանի շուրջ որոշումների ընդունման գործընթացում Իրանը չունենա որևէ ազդեցության հնարավորություն։

Այս ամենը զգալի ազդեցություն ունի նաև Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հարավ-արևմտյան ուղղությամբ ցանկացած քաղաքական, տնտեսական կամ ռազմական զարգացում անմիջապես վերահսկվելու է Բաքվի կողմից՝ առանց որևէ միջանկյալ կառույցի։ Բացի այդ, տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ շարունակվող բանակցություններում նույնպես Նախիջևանի կարգավիճակի փոփոխությունը կարող է կարևոր դեր ունենալ։ Եթե նախկինում տեսականորեն հնարավոր էր խոսել ինքնավար կառույցների որոշակի մասնակցության մասին, ապա այժմ բոլոր բանակցությունները կենտրոնանալու են բացառապես Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների շուրջ։ Սա ուժեղացնում է Բաքվի բանակցային դիրքերը և նվազեցնում ցանկացած այլ դերակատարի ազդեցության հնարավորությունը։

Հատկանշական է նաև այն, որ այս գործընթացը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ ամբողջ Հարավային Կովկասում ընթանում է ազդեցության նոր բաշխում։ Թուրքիան փորձում է ընդլայնել իր ներկայությունը, Ռուսաստանը պայքարում է պահպանելու մնացած ազդեցությունը, Իրանը փորձում է կանխել տարածաշրջանային մեկուսացումը, իսկ արևմտյան երկրները ձգտում են մեծացնել իրենց քաղաքական և տնտեսական ներգրավվածությունը։ Այս պայմաններում Նախիջևանը վերածվում է այն եզակի տարածքներից մեկի, որտեղ հատվում են գրեթե բոլոր հիմնական աշխարհաքաղաքական շահերը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031