Թաւշեայ թալանչիները…
Հայաստանի յետընտրական շրջանից սկսեալ ամենօրեայ լուրեր տարածւեցին առ այն, որ Նիկոլի ինչպէս խորհրդարանական, այնպէս էլ կառավարական թիմի անդամները հրաժարւում կամ ազատւում են զբաղեցրած պաշտօնից։ Այդ կարգի լուրերի մաս էր կազմում ԱԺ-ի գործող խօսնակ Ալէն Սիմոնեանի յաջորդ նստաշրջանին խորհրդարանում չլինելու եւ այդ պաշտօնը ներկայ ԱԺ փոխնախագահ Ռուբինեանին զիջելու հանգամանքը։ Այս առթիւ, երբ լրագրողները Սիմոնեանին հրաժարւելու մասին էին հարցնում, վերջինս ասաց՝ մտադիր եմ հանգստանա՜լ հնգամեայ քաղաքական ծա՜նր պարտականութիւնից յետոյ…։ Մինչդեռ, այսպէս ասած՝ օդում կախւած լուրերն այլ պատճառներ էին թւարկում ժողովրդի երեսին թքողի համբաւ «վաստակած» քաղաքական «գործչի» հրաժարականի մասին։ Պարզւում էր, թէ թքելուց բացի, նա ունակ է նաեւ «պալատական յեղաշրջում» կազմակերպելու գործում ու այդ մասին նիկոլը իբր ԱԱԾ-ից իմանալով, թիւ 1 թիմակիցին «արձակուրդի» է ուղարկել…։ Ի դէպ՝ պալատական յեղաշրջման միւս կազմակերպիչ էր յայտարարւում ՔՊ-ի յայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասեանը (գռզօ)։
Այնուհետեւ, մէկը միւսի յետեւից հրապարակւեցին Նիկոլի յայտնի ու ոչ այնքան անյայտ թիմակիցների անուններ, որոնք տարատեսակ պատճառներով հրաժարւում են զբաղեցրած պաշտօններից, այն էլ՝ ամբողջ 8 տարի հաւատարմօրէ՜ն շէֆին ծառայելուց յետոյ…։
Չմոռանանք ասելու, որ այս ամէնին նախորդում էր մէկ այլ կարգի հրաժարական, որն առերեւոյթ կրում էր ընտանեկան եւ դա «թիւ 1 տիկին» Աննա Յակոբեանի ապահարզանն էր…։ Ասում ենք առերեւոյթ, քանզի յիշեալը անպաշտօն, բայց հիմնաւորապէս որպէս այդպիսին պետական-իշխանական խոշոր դրամագլուխների հաւաքագրման եւ օգտագործման ֆունկցիաներ է զբաղեցրել, այսպէս ասած՝ մարդասիրական ու բարերար գործառոյթների անւան ներքոյ…։
Կարդացեք նաև
ՀԱՐՑ 1. Ի՞ նչ եղան Աննայի վերահսկողութեան ներքոյ գտնւող այդ խոշոր նւիրահաւաք-բարենպատա՜կ ֆոնդային դրամագլուխները…։
ՀԱՐՑ 2. Պալատական յեղաշրջում կազմակերպելու մէջ ամբաստանւած ու այժմ «ազգօգուտ ծանրագոյն ծառայութիւններից» յոգնա՜ծ ու հանգստանալու մտադրւած Ալէնը, որը պետական բիւջէն մսխելով՝ հարիւր հազարաւոր դոլարների արժողութեամբ «ծառայողական» մեքենայ էր օգտագործում, «թռնելուց» առաջ կը հրապարակի՞ իր յայտնի թէ’ գաղտնի, շարժուն թէ’ անշարժ գոյքի ու նիւթական անհաշիւ կարողութիւնների մասին…։
ՀԱՐՑ 3. Նոյնպէս եւ՝ Նիկոլի մերձաւոր միւս հրաժարեալ պետականաքանդներն ու հայրենածախները. պարգեւավճարների ու տարատեսակ առանձնաշնորհումների անւան ներքոյ «Թաւշեայ» թալանչիները, նոյնինքն՝ լւացւող փողերի նորագոյն հեղինակները, իրենց փառաբանած Եւրոմիութեան երկրների ո ՞ր ապահով բանկերում են ի պահ դնելու այդ պարգեւավճարնե՜րը…։
Յ.Գ.-
- Ալիեւը 300 հազար թաթարների «Արեւմտեան Ադրբեջան» վերադարձի պետաիրաւական հայց է ներկայացրել ՄԱԿ-ին։
- Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ, Թրամփի օրհնութեամբ՝ մտադիր են շուտափոյթ գործարկել «Թրամփի թրիփ»-ի անւանմամբ՝ Սիւնիքը Հայաստանից պոկելու յանգեցնող «Զանգեզուրի միջանցքը»…
- Իրան- Հայաստան միջպետական ճանապարհի Տիգրանաշէն ստրատեգիական հատւածը Ալիեւին յանձնելու փաշինեանի մտադրութիւնը՝ կենսագործման սեմին…։
- Գագիկ Ծառուկեանն արդէն երկու շաբաթ է, ինչ կալանքի տակ է, «փողերի լւացման» մեղադրանքով…։
Ինչպէս ասել է հանճարեղը. ՈՂԲԱՄ ԶՔԵԶ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ…
ՊԳԹ Դերենիկ ՄԵԼԻՔԵԱՆ


















































