«Վիճակագրությունն ուղղակի ահազարհուր է։ Քիչ թե շատ տրամաբանական կառույց ունեցող և քաղաքական, մասնագիտական պատասխանատվություն ունեցող համակարգում, իրոք, նրանք, ովքեր փաստորեն ուղղակի հանձնառու են իրենց ոլորտում զարգացումը կամ գոնե բարեկանոն աշխատանքն ապահովելու առումով, պետք է հեռանային և ընդունեին իրենց մեղքը»,- ասաց լեզվաբան, «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով երկրի ներսում աճող հանցագործությունների, հատկապես հայկական բանակում զոհերի սրընթաց աճի մասին։
«Բայց մենք գիտենք, որ հեռու ենք տրամաբանական զարգացումներից։ Մեզ մոտ խոր համակարգային ճգնաժամ է։ Եվ հասարակությունը, քաղաքացիները, որոնց անունից հանդես են գալիս ներկա իշխանությունները, կարծում եմ, պետք է անպայման իրենց անհանգստությունն ու ձայնը բարձրացնեն։ Վերջինն էլ Սլավոնական համալսարանի լրագրության բաժնի ուսանողի հետ կապված դեպքը։ Նրա մասին կարծիքներ հնչեցին, նրա դասախոսները, ընկերները սոցիալական ցանցերում գրում էին, թե նա որքան զուսպ, համեստ, կազմակերպված, բարեկանոն երիտասարդ է։ Ի դեպ, կարդացի մի շատ տհաճ ձևակերպում. «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը»։ Պարզվում է՝ այդպիսի հոդված կա, և այդ հոդվածով է, որ երկու հոգու ձերբակալել են։ Սա հերթական զանգն է։ Եվ յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ սա մեզանից հեռու գտնվող ընտանիքի կամ մարդու կորուստ չէ։ Այդ կորուստն աստիճանաբար բախում է բոլոր դռները։
Երբ զինծառայությունը 2 տարվանից դարձրին 1,5 տարի, դա թմբկահարվում էր որպես մեծ հաջողություն, բանակում լուրջ բարեփոխում։ Բայց մենք տեսնում ենք, որ, ըստ էության, իշխանության առաջարկած քայլերը, որոնք Ազգային ժողովի կողմից անմիջապես դակվում և օրենքի ուժ են ստանում, ոչ միայն համակարգը չեն բարեփոխում, այլ առավել ընդգծված են դարձնում այնտեղ կուտակված, երևի թե, հին, բայց հիմա զարհուրելի աստիճանի հասնող խնդիրները։
Քանի՞ լումա արժե իրենց հռչակած դրսի խաղաղությունը, որը դարձյալ մազից է կախված և ուղեկցվում է Ալիևի սպառնալիքներով։ Բայց ինձ համար ավելի վտանգավոր է մեր ներհասարակական, ներհամակարգային, ըստ էության, պատերազմը։ Կարելի է ասել՝ դաստիարակված, բարեկիրթ, զուսպ մարդկանց հանդեպ, որոնք հեռու են քրեական ենթամշակույթից, չունեն ատելության, դիմացինին հայհոյելու անսպառ պաշար, նրանց ենթարկում են հոգեբանական, մարմնական, ֆիզիկական խոշտանգումների։ Եվ ես կարծում եմ՝ այդ ինքնասպանության հասցնելն էլ պետք է շատ ուշադիր ուսումնասիրվի։ Ես բոլորովին հավատ չունեմ։ Մենք գիտենք, որ կա այդպիսի բազմաթիվ նախադեպերի մի շղթա, որ սպանությունները փորձում էին կոծկել ինքնասպանության տեսքով։ Այն էլ՝ այդպիսի անհեթեթ ձևակերպմամբ. «անզգուշությամբ»։
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ անզգուշությամբ, եթե դուք պարբերաբար մարդուն նվաստացնում, ստորացնում եք անհասկանալի, բանակի և ծառայության հետ բացարձակապես կապ չունեցող մեթոդներով, ենթարկում խոշտանգումների։ Դրանից հետո էլ նրանց վերացնում են։ Երևի դյուրին է ամեն ինչ անզգուշության վրա բարդելը։ Երևի Ազատ գյուղում էլ վառարանն անզգուշությամբ է բռնկվել»,- ասաց տիկին Դիլբարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































