«Վերջերս կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, լրացվել են հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր չափորոշիչներ: Եվ դրան արձագանքելով՝ Ներքին գործերի նախարարը ստորագրել է հրաման եւ սահմանել է այն գները, որով հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կարող են հատկացվել»,- Ներքին գործերի նախարարությունում կայացած ասուլիսում նշեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը:
Նա ընդգծեց, որ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին. «Դրանց հետ կապված աճուրդային կանոնակարգումներն ինչպես եղել են, այդպես էլ շարունակելու են գործել: Այդ չափորոշիչներում եւս որեւէ փոփոխություն չի կատարվել»:
Ռուսլան Մարանդյանի ձեւակերպմամբ. «Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներում միշտ առկա է 4 զրո եւ մեկ թիվ կամ 5 զրո: Սա բանաձեւ է, որն ամրագրված է»: Նա պարզաբանեց, թե հատկապես ինչն են փոխել. «Նախատեսել ենք այնպիսի չափորոշիչներ, երբ համարանիշի մի կողմում միշտ գտնվում են զրոները, լատինական տառերը կարող են լինել նույնը՝ կրկնվող կամ տարբերվող, մյուս կողմում թվերից մեկը կամ նույն թիվը կրկնվում է, ասենք՝ 3 հատ 1, կամ 2 թիվ կա, որոնցից 1-ն է կրկնվում, ասենք՝ 121: Այսինքն, եթե ամփոփենք նկարագրությունը՝ միշտ մի կողմում գտնվում են զրոները, լատինական տառերը կրկնվում կամ տարբերվում են, մյուս կողմի 3 թվերի պարագայում կամ նույն թիվն անընդհատ կրկնվում է, կամ այդ 3 թվերից 1-ը կրկնվում է 2 անգամ, եւ 1 տարբերվող թիվ է լինում»:
Նա նաեւ ներկայացրեց, թե ինչպես են որոշվել գները. «Առկա չափորոշիչների եւ գների համեմատական ենք անցկացրել, թե նոր չափորոշիչին համապատասխանող այսինչ համադրությունը որ գնային սեգմենտի տակ պետք է տեղավորել: Գնային սեգմենտը 250 հազարից մինչեւ 8 միլիոն դրամ է սահմանվել: Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նվազագույն շեմը սկսվում է 60 հազար դրամից եւ ավարտվում է 8 միլիոնով:
Կարդացեք նաև
ՆԳ նախարարի հրամանի առումով մենք բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել, այլ ավելացրել ենք այն սեգմենտներում, որոնք տեղավորվում են 250 հազարից մինչեւ 8 միլիոնի միջակայքում: Օրինակ՝ 250 հազար դրամի սեգմենտում այսպիսի համադրություն ենք ավելացրել՝ 00 պլյուս-մինուս XXY: Սա ֆիզիկական անձանց հատկացվող համարանիշ է: Պլյուս-մինուս նշանակում է տարբերվող լատինական տառեր, XXY-ի դեպքում XX-ը կրկնվող թիվն է, Y-ը՝ տարբերվող»:
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գեւորգյանը հետեւյալը հավելեց. «Առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի մասնակցության միջոցով, իսկ նոր չափորոշիչով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը քաղաքացին կարող է ավելի հեշտ ձեռք բերել կոնկրետ տրանսպորտային միջոցը հաշվառման գործընթացն իրականացնելուց՝ հստակ սահմանված արժեքի վճարմամբ: Նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի վրա տարածվում են նաեւ նախկինում գործող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի իրավահարաբերությունները:
Այսինքն, երբ, օրինակ, քաղաքացին վճարեց 250 հազար դրամ եւ ձեռք բերեց նոր զրո չափորոշիչներով հաշվառման համարանիշ, կարող է օգտագործման իրավունքով օգտագործել այն, եւ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելուց հետո այն 6 ամիս պահպանվում է վերջինիս անվամբ: Եթե 6 ամսվա ընթացքում համարանիշ ձեռք բերողն այլ տրանսպորտային միջոց չի ներկայացնում հաշվառման, նա կարող է այն տրամադրել նաեւ իր մերձավոր ազգականին: Եթե անձամբ ինքը չի հաշվառում իր մեքենայի վրա, չի տրամադրում մերձավոր ազգականին, այդ դեպքում 6 ամիս հետո այդ համարանիշերը ներառվում են ազատ համարանիշերի ցանկում»:
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































