1. Անցնող մէկ տարւայ ընթացքում, ահա, 7-րդ այցով Վաշինգտոնում էր գտնւում Իսրայէլի վարչապետ Նեթանիահուն։ Ինչպէս բոլոր նախկին այցերում, այս անգամ եւս նա փորձել է համոզել Թրամփին, որպէսզի ԱՄՆ-Իսրայէլ համատեղ գործողութիւններով ռմբակոծւեն այսպէս ասած՝ Իրանի միջուկային ենթադրեալ զինապահեստներն ու առաւել եւս երկրի էներգետիկ-տնտեսական ենթակառոյցները։
2. Միեւնոյն ժամանակ Իսրայէլի պատերազմի նախարար քաթցը եւս վերոգրեալը բարձրաձայնելով, յաւելել է, որ ԱՄՆ պրեզիդենտը արգելում է Իսրայէլի տւեալ մտադրութեան կենսագործումը. աւելին՝ Թրամպը նոյնիսկ յայտարարել է, որ առանց ԱՄՆ թոյլտւութեան, Իսրայէլը պէտք է խուսափի որեւէ գործողութիւնից…։
3. ԱՄՆ-ի իշխանական համակարգում, սակայն, ակներեւ է երկւութիւնը՝ Իսրայէլական կողմի առաջադրւող սցենարների հարցում։ Մէկ կողմից՝ ԱՄՆ պատերազմի նախարար Հեգզետն ու արտգործնախարար Ռուբիօն են, որ մշտապէս արմատական ու կոշտ քայլերի դիմելու յայտարարութիւններ են անում ընդդէմ Իրանի, իսկ միւս կողմից՝ փոխնախագահ Վանսը եւ Թրամփի մնայուն բանագնացներ՝ Վիտկոֆն ու Կոշներն են, որոնք աւելի շատ հակւած են դիւանագիտական-բանակցային գործընթացների շարունակմանը։
4. Թրամպը, յատկապէս ընդդիմանում է զինական գործողութիւնների ծաւալմանը, դա պայմանաւորելով տարածաշրջանում ինչպէս նաեւ միջազգային մակարդակով էներգետիկ ծանրագոյն մարտահրաւէրների ծաւալմամբ։ Փաստ է ի վերջոյ, որ այսօր ԻԻՀ-ն օժտւած է ոչ միայն ռազմաստրատեգիական հզօր զէնքի վերածւած Հորմուզ նեղուցի խաղաքարտով, այլեւ ու մանաւանդ իրեն համակրող, արաբական թերակղզում Եմենի վերահսկողութեան ներքոյ գտնւող Բաբ Էլ Մանդեպ նեղուցի անհրաժեշտ պարագայում փակելու կարելիութեանը, որն, անշուշտ, կանխարգելիչ դերակատարութիւն ունի էներգետիկ եւ նաւթային փոխադրումների կենսական կապուղիների խնդրում։
Կարդացեք նաև
5. Եւս մէկ յատկանշական երեւոյթ է այն, որ ի հեճուկս Թրամփի ամենօրեայ յոխորտալի յայտարարութիւններին, իրանական ռազմական-հրթիռային կարողականութիւնը յաջողել է ճեղքել նոյնինքն ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի նրա արբանեակ երկրների հակաօդային պաշտպանութեան համակարգերն ու ծանրագոյնս խոցել ամերիկեան յենակայանները։ Բնականաբար հարց է առաջանում, որ երբ ԱՄՆ-ն ի զօրու չէ անվտանգ պահել տւեալ երկրներում տեղակայւած իր ռազմական յենակները, ապա ինչպէ ՞ս է կարողանալու երաշխաւորել հիւրընկալ երկրների անվտանգութիւնը։ Ու երեւի հէնց այս իրողութիւնն է ստիպել Պարսից Ծոցի Էմիրանիստ երկրների ղեկավարներին, որպէսզի առանձինն լեզու գտնեն Իսլ. Իրանի իշխանաւորների հետ, շրջանի համընդհանուր անվտանգութեան ու բարիդրացիութեան ամրապնդման հեռանկարով։ Այս խնդրում արդէն առաջին քայլերն են արել, ինչքան էլ անակնկալ՝ Արաբական Էմիրութիւններն ու Կատարը…։
6. Կայ նաեւ մէկ ոչ պատեհ իրողութիւն եւս. դա ԱՄՆ եւ մասնաւորապէս Թրամփի խոստումնազանցութիւնն է, այն էլ կրկնակի-եռակի նախադէպերով, որոնք դրսեւորւել են՝ բանակցային գործընթացների հէնց կիզակէտում։ Արդէն քանիցս ենք ականատես եղել հրադադար-բանակցութիւն-պատերազմ յաջորդական փուլերի, որոնք աւելիով խորացրել են կողմերի ու մասնաւորապէս Իրանի կասկածները՝ ԱՄՆ քայլերի ու խօսքերի հաւաստիութեան վերաբերեալ։ Իսկ դա մէկ կողմից հիմք է հանդիսանում առաւել եւս իրանական որոշակի շրջանակների կողմից բանակցային տարբերակների նկատմամբ թերահաւատութեանը, իսկ միւս կողմից էլ՝ Իսրայէլի սիոնիստական վարչախմբի չարաշահմանը՝ պատերազմական գործողութիւնները կրկին սանձազերծելու տեսակէտից։
7. Ահաւասիկ, փաստը մնում է փաստ, որ դեռեւս նախագահ Օբամայի օրօք Իրան-ԱՄՆ եւ միջազգային դերակատարների միջեւ ձեռքբերւած միջուկային համաձայնագիրը պատռող Թրամփը 10 տարի անց փափագում է մինչեւ իսկ այդ համաձայնագրին համարժէք մի փաստաթուղթ վաստակել , սակայն վերոգրեալ իրողութիւններին բախւելով ու ծանրագոյն գներ վճարելով, հազիւ թէ կարողանայ ըստ ամենայնի համոզել Իրանին՝ երաշխաւորւած հաշտութիւն կնքելու համար…։ Չէ՞ որ ինքը՝ Իրանի պետութիւնն ու ժողովուրդն եւս անասելի ծանրակշիռ գին են վճարել ինքնիշխանութեան եւ պետական ու ազգային անվտանգութեան սիրոյն…։ Ուստիեւ՝ ամէն կերպ արդարացւած է Իրանական պետութեան արժանապատիւ ու արդար խաղաղութեան ձեռքբերման պահանջադիր կեցւածքը, ի շահ թէ’ տարածաշրջանի,եւ թէ’ միջազգային ընտանիքի համերաշխութեան ու խաղաղ գոյակցութեան…
Դերենիկ Մելիքեան
ՊԳԹ


















































