ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ որոշեց երկամսյա տնային կալանքի ենթարկել ընտրակաշառք տալ-ստանալու գործով անցնող ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանին։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Հակոբ Մաթիլյանը։
Դատարանը գրավ չի կիրառել, սակայն սահմանափակել է նրա շփումները. նա իրավունք ունի շփվել միայն փաստաբանի ու տան անդամների հետ։
Հիշեցնենք, որ Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ՝ ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։
Կարդացեք նաև
Այսօր առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեի երկու քննիչներ թակել էին նրա բնակարանի դուռը՝ նրան ձերբակալելով ու տեղափոխելով մայրաքաղաք։
Նա իր տունը խուզարկելու եկած քննիչներից ու ԱԱԾ-ականներից էր տեղեկացել, որ քրեական վարույթ կա նախաձեռնված։
Արա Նախշքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր․ «Ես էլ նոր տեղեկացա, որ քրեական գործ կա, ըստ ինձ ներկայացված փաստաթղթի՝ ես իբրև թե նախատեսել եմ գումար տալու, ոչ թե տվել եմ, խոստացել եմ երկու հոգու ներգրավել հանձնաժողովների մեջ՝ իբրև դրա դիմաց նրանցից ձայներ եմ ուզել, գումարի մասին խոսք ընդհանրապես չկա։ Ես նոր եմ ծանոթացել հեռախոսային խոսակցության վերծանված թղթին։ Ես ասում եմ՝ նման բան չի եղել, ես չեմ ունեցել մտավախություն, հանգիստ եմ եղել այս առումով, որովհետև ես ինձ լավ գիտեմ, ու չկա քաղաքում որևէ մեկը, որին ինչ-որ բան խոստացած լինեմ»։
Նունե ԱՐԵՎԱՏՅԱՆ


















































