«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 179 մլն ՀՀ դրամ։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում, միջոցները տրամադրվել են պահուստային ֆոնդից։
Զեկուցելով հարցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից են մշակույթի և մշակութային կյանքի ապակենտրոնացումը, երիտասարդների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու խթանումը։
««Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա՝ նպաստելով երիտասարդների ստեղծագործականության բացահայտմանը և տաղանդի դրսևորմանը, ինչպես նաև զբոսաշրջության և մարզերի մշակութային կյանքի զարգացմանը»,- նշել է նախարարը։
Փառատոնը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսի 21-22-ը Սևանա լճի ափին՝ այն հատվածում, որտեղ անցկացվում է նաև «Sevan startup summit»-ը՝ հաշվի առնելով, որ այդ տարածքն արդեն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով և հարմարեցված է լայնածավալ միջոցառումների կազմակերպման համար։ Նախարարի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, նախատեսվել են նաև ժամանակակից տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն բարձրորակ ձայնային ձևավորում և հարմար պայմաններ այցելուների համար։
Կարդացեք նաև
Մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 100 երաժշտական խումբ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից, ինչպես նաև Կանադայից և Ավստրիայից։
Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից երկու փուլով։ Առաջին փուլում, որն արդեն ընթացքի մեջ է և կամփոփվի վաղը, գնահատվում են խմբերի ներկայացրած տեսաձայնագրությունները։ Երկրորդ փուլ անցած 50 խմբերի լսումները կանցկացվեն օգոստոսի 5-11-ը Երևանում և մարզերում։ Դրանց արդյունքներով կընտրվեն մինչև 20 լավագույն խմբեր, որոնք կմասնակցեն օգոստոսի 21-22-ին կայանալիք եզրափակիչ մրցույթ-փառատոնին։
Փառատոնը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով, ինչը, նախարարի դիտարկմամբ, մասնակիցներին հնարավորություն կտա նախապես ժամանել, անցկացնել փորձեր, ստեղծել նոր մասնագիտական կապեր և քննարկել համատեղ ստեղծագործական նախագծեր։ Հաղթողները կորոշվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։ Փառատոնի մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ՝ նախատեսված առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրների համար։
«Վստահ ենք, որ այս մրցույթ-փառատոնը կձևավորվի որպես ամենամյա ավանդական իրադարձություն և կդառնա մեր մշակութային և երիտասարդական կյանքի անբաժանելի մասը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառման տարածքը բաց կլինի բոլոր քաղաքացիների համար․ նախատեսվում է նաև շուրջ 30 տաղավար, որտեղ կներկայացվի Գեղարքունիքի մարզի տնտեսվարողների արտադրանքը՝ խթանելով տեղական արտադրության ճանաչելիությունն ու տնտեսական ակտիվությունը։ Ակնկալվում է, որ փառատոնը կունենա ավելի քան 3000 այցելու և կնպաստի ինչպես ներքին զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ Սևանի տարածաշրջանի տնտեսական աշխուժացմանը։
ԿԳՄՍ նախարարը նաև հիշեցրել է՝ մարզերում երիտասարդական կենտրոնների զարգացման պետական քաղաքականության շրջանակում ստեղծագործականության խթանումը նախատեսված է որպես առանձին ուղղություն։ Այդ կենտրոններում երիտասարդները հնարավորություն կունենան ոչ միայն կազմակերպել ժամանցը, այլև զբաղվել երաժշտությամբ, զարգացնել իրենց ստեղծագործական ունակություններն ու բացահայտել տաղանդները, ինչը, նախարարի խոսքով, ներառված է նաև առաջիկա ծրագրերում։
Կարևորելով նախաձեռնությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է երիտասարդության շրջանում ստեղծագործականության զարգացումը՝ նշելով, որ փառատոնի հիմնական նպատակը նոր երաժշտական տաղանդների բացահայտումն ու մրցակցային միջավայրի ձևավորումն է։ Նրա խոսքով՝ թեև փառատոնը սկզբնապես դիտարկվել է որպես փոքր նախաձեռնություն, այսօր արդեն ձևավորվել է որպես բավականին մասշտաբային նախագիծ։ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Կառավարության նոր ծրագրով, որն այժմ մշակման փուլում է, նախատեսված է բարեկարգել և արդիականացնել 100 երաժշտական և արվեստի դպրոց՝ դրանք ապահովելով նաև բարձրորակ երաժշտական գործիքներով։
Ըստ վարչապետի՝ այս նախաձեռնությունն իրականացվելու է դպրոցաշինության և խաղահրապարակների կառուցման ծրագրերից առանձին։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նաև, որ ակադեմիական քաղաքի շրջանակում նախատեսվում է ստեղծել արվեստների ավագ դպրոց, որը հնարավորություն կտա աջակցել նման նախաձեռնությունների ընթացքում իրենց տաղանդը դրսևորած երիտասարդներին՝ ապահովելով նրանց հետագա մասնագիտական զարգացումը։
ԿԳՄՍՆ


















































