ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին․ «Ինչպե՞ս եք դուք վերաբերվում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը։ Ըստ այդ քառակողմ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչվում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»։
«Արդյոք ես ճանաչո՞ւմ եմ Արցախն Ադրբեջանի կազմում, դա՞ է ձեր հարցադրումը»,- ասաց Արեգա Հովսեփյանն ու շարունակեց․ «Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ ես մեծացել եմ, որտեղ ամուսնացել եմ, որտեղ գտնվում են իմ ապուպապերի, իմ հոր գերեզմանները։ Ես դա ճանաչում եմ ու երբեք չեմ մոռանալու, ինչպես չեն մոռանալու 120 հազարը ու շատ հայեր։ Հարց է առաջանում ինձ մոտ՝ ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն՝ արդյոք նա ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ նպատակով է նա դա հարցնում՝ ցավեցնելո՞ւ։ Գիտեք, ձեր հարցերը վաղուց չեն կարող ինձ ցավեցնել, ես տեսել եմ Արցախի անկումը, ավելին, դրանից իմ դիմադրողականությունն ավելի է բարձրացել»։
«Այս ձեր հայտարարությունը տեղին կլիներ, եթե դուք Պրահայի եւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո մի հատ շռնդալից հայտարարություն անեիք եւ դուրս գայիք ԱԳ նախարարությունից, որտեղ մնացել եք մինչեւ 2023 թվականի օգոստոս։ Երկրորդը՝ այսպիսի շռնդալից հայտարարություններ անելու դեպքում ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ ժամանակահատվածում ապրում ՀՀ մայրաքաղաք Երեւանում»,- հարցադրումը շարունակեց Արայիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
«Ինչո՞ւ էի Երեւանում, ճի՞շտ եմ հասկանում ձեր հարցը այն էր, որ ես պիտի մնայի Արցախում եւ զոհվեի»,- արձագանքեց Արեգա Հովսեփյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































