Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը

Օգոստոս 04,2026 13:38 Share

«Չեստնի զնակ»-ը (Честный знак) Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Արգելափակումը վերաբերել է հայկական արտադրության «Բջնի» հանքային բուժիչ-սեղանի ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի (այդ թվում՝ մանկական) և ոչ ալկոհոլային գազավորված «Մոխիտո» ըմպելիքների առանձին խմբաքանակներին։

«Ներկայում Ռոսպոտրեբնադզորի կողմից նշված խմբաքանակների իրացումը արգելված է մանրածախ և առցանց վաճառքի հարթակներում՝ մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Նշագրման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղի հետ, ինչը թույլ է տալիս անմիջապես գործարկել սպառողների պաշտպանության մեխանիզմը»,- նշել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ЦРПТ) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

Յուսուպովը հավելել է, թե 2026 թվականի սկզբից «Չեստնի զնակ»-ը կանխել է «ժամկետների խախտմամբ և պարտադիր պահանջներին չհամապատասխանող» 48 միլիոն շիշ խմելու ջրի վաճառքը։

Ըստ նրա՝ արգելափակման պատճառը «ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության համար հնարավոր վնասի պատճառման վտանգն է եղել»։ Մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ արտադրողները խախտել են արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջները։ Միաժամանակ, արգելափակումը վերաբերում է միայն որոշակի ամսաթվերին արտադրված խմբաքանակներին և չի տարածվում մյուս արտադրանքի վրա։

Ապրիլի 28-ին «Չեստնի զնակ»-ը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել էր Հայաստանից մատակարարվող «Ջերմուկ»-ի վաճառքը։ Ինչպես հայտնել էր Յուսուպովը, շրջանառության մեջ էր 338 հազար շիշ։ Ռոսպոտրեբնադզորում իրենց պահանջը բացատրել էին «ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության համար հնարավոր վնասի պատճառումը կանխելու նպատակով անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել