Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։
2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է վարչությանը վերաբերելի 87 հանցագործություն։ Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 25, ծանր հանցագործություններինը՝ 37,8 տոկոսով։ Միաժամանակ 57,6 տոկոսով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, իսկ սեփականության դեմ ուղղվածները նվազել են 21,7 տոկոսով։ Էականորեն՝ 88,9 տոկոսով, նվազել են բնակարանային գողությունները։ Միաժամանակ աճել են համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել։
Կարդացեք նաև
Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։
Ամփոփելով Վայոց ձորի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Արփինե Սարգսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, մանրամասն վերլուծել արձանագրված յուրաքանչյուր բացասական ցուցանիշ, բացահայտել դրանց պատճառները և ձեռնարկել համապատասխան միջոցներ։
ՆԳ նախարարը, ընդգծելով Վայոց ձորի մարզի առանձնահատկություններն ու հանցավորության ցածր մակարդակը, հանձնարարել է առավել ակտիվացնել բացահայտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները։
ՆԳ նախարարը ոչ բավարար է գնահատել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ հանձնարարելով ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու ստորաբաժանումների միջև համագործակցությունը։ Առանձին ուշադրություն է հրավիրվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։
Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր ահազանգի անհապաղ և պատշաճ արձագանք, գնահատել ռիսկերը և հետևողական վերահսկողություն իրականացնել կրկնահանցագործությունների կանխարգելման և բացառման ուղղությամբ։
Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել․ իրականացնել պատճառների վերլուծություն, ակտիվացնել երթևեկության վերահսկողությունը՝ հատկապես վթարավտանգ ճանապարհահատվածներում։
Գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարներին Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվ ներգրավվել իրավախախտումների կանխարգելման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներում։
ՆԳ նախարարը նշել է, որ ծառայողների առավել նախաձեռնողականությունը կնպաստի աշխատանքի որակի, հետևաբար և հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման արդյունավետությանը։
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն


















































