«Եթե ուշադիր հետևեք, թե ինչպես է զարգացել այս ամենը, ապա կտեսնեք՝ սկզբից ևեթ փորձել են Վեհափառի նկատմամբ քայլեր անել, բայց փորձը ցույց է տվել, որ իրենց հաջորդ քայլերը եղել են այն, որ սրբազանները, որոնք Վեհափառի կողքին են, հեղինակություն են, կամաց-կամաց իրենց են փորձել վնասել։ Հիմա արդեն փորձում են Վեհափառին։ Իրենց պարզ տրամաբանությամբ՝ ուզում են հասնել իրենց նպատակին։ Աներազելի մի բան է դա իրենց համար։ Հայոց եկեղեցին շատ փորձություններ է հաղթահարել, սա էլ կհաղթահարի, ցավալի է, որ այս անգամ ՀՀ-ի մեջ է դա»,- հարցին՝ մինչև ո՞ւր կհասնի եկեղեցու դեմ ուղղված այս արշավը, Վաղարշապատի դատարանի բակում Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Հրայր սարկավագ Հակոբյանը։
Ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Այս գործով մեղադրվում են նաև վեց բարձրաստիճան հոգևորականներ։
Հրայր սարկավագը փաստեց՝ եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությանը և հայկական արժեքները։ Արդեն տեսել եք, թե ինչքան է այդ կառույցը ոտնահարվում․ «Ամեն տեղ ուզում են իրենց ձեռքը դնել։ Ինչքան էլ փորձեն հորինել, թե բարեփոխումներ են ուզում անել, դա բացառվում է, քանի որ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում 700 տարվա եկեղեցական պատմության մեջ թվացյալ բարեփոխումներ իրականացնել»։
Կարդացեք նաև
Նշենք, որ Վեհափառի և 6 մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով դատական դռնփակ նիստից հետո Վեհափառին դատարանի բակում հարյուրավոր քաղաքացիներ ողջունեցին ծափերով և ճանապարհեցին Հայրապետական մաղթերգով։ Այնուհետև Վեհափառը, հարյուրավոր հավատացյալներ և հոգևորականներ քայլերթով շարժվեցին դեպի Մայր Աթոռ միասնական աղոթք հնչեցնելու։
Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































