Սկիզբը՝ այստեղ:
Հորմուզի վերաիմաստավորումը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը
Իրանի նոր ռազմավարության սահմանափակումներն ու արտաքին մարտահրավերները
Կարդացեք նաև
Եթե Իրանը ձգտում է Հորմուզի անվտանգային համակարգում ձևավորել անփոխարինելի դերակատարի դիրք, ապա նույնքան կարևոր է գնահատել, թե ինչ սահմանափակումների և արտաքին մարտահրավերների կարող է բախվել այդ ռազմավարությունը։ Որևէ աշխարհաքաղաքական հայեցակարգ կենսունակ չէ միայն այն պատճառով, որ հիմնված է բարենպաստ աշխարհագրական դիրքի վրա։ Դրա արդյունավետությունը որոշվում է ոչ միայն սեփական հնարավորություններով, այլև արտաքին միջավայրով, միջազգային իրավական համակարգով և մյուս դերակատարների ռազմավարական հաշվարկներով։
Առաջին սահմանափակումը բխում է հենց Իրանի ռազմավարական երկընտրանքից։ Մի կողմից՝ Թեհրանը շահագրգռված է պահպանել այնպիսի անվտանգային միջավայր, որը մեծացնում և ամրապնդում է իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։ Մյուս կողմից՝ լարվածության չափազանց բարձր մակարդակը հարվածում է սեփական տնտեսությանը, խթանում արտատարածաշրջանային ուժերի ռազմական ներգրավվածության աճը և մեծացնում միջազգային հակազդեցության հավանականությունը։ Այդ պատճառով առավել հավանական է, որ Իրանը ձգտի ոչ թե մշտական ճգնաժամի պահպանմանը, այլ դրա կառավարման նախաձեռնությունը պահելուն՝ առանց իրավիճակը վերահսկողությունից դուրս բերելու։
Երկրորդ սահմանափակումը միջազգային իրավական համակարգն է։ Թեև Հորմուզի նեղուցը միջազգային նշանակության ծովային հաղորդակցության առանցքային ուղիներից է, դրա իրավական կարգավիճակը չի վերացնում ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքները։ Միջազգային ծովային իրավունքը միաժամանակ ապահովում է տարանցիկ նավագնացության ազատությունը և ճանաչում է առափնյա պետությունների որոշակի իրավասությունները։ Հետևաբար խնդիրը ոչ թե այն է, թե Իրանը կարո՞ղ է արդյոք իրավական ազդեցություն ունենալ Հորմուզում, այլ այն, թե որտեղ են ավարտվում այդ իրավունքները և որտեղ են սկսվում միջազգային նավագնացության ազատության երաշխիքները։
Այդ պատճառով Իրանի որևէ ռազմավարություն ստիպված է գործել ոչ թե միջազգային իրավական կարգը փոխելու, այլ դրա շրջանակներում քաղաքական ազդեցությունն ընդլայնելու տրամաբանությամբ։ Միջազգային հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ իրավական նորմերն ու քաղաքական վարքագիծը միշտ չէ, որ ամբողջությամբ համընկնում են։ Պետությունները, նավատերերը, ապահովագրական ընկերությունները և էներգետիկ շուկաները հաճախ առաջնորդվում են ոչ միայն իրավական կարգավորումներով, այլև ռիսկերի գործնական գնահատմամբ։ Եթե այդ գնահատականներում Իրանի հնարավոր արձագանքը վերածվի մշտական գործոնի, ապա իրավական կարգավիճակը կարող է պահպանվել, մինչդեռ քաղաքական վարքագիծը՝ աստիճանաբար հարմարվել նոր իրողությանը։
Երրորդ սահմանափակումը ձևավորվում է արտաքին ուժային միջավայրում։ Հորմուզի անվտանգությունը վաղուց դուրս է եկել բացառապես տարածաշրջանային նշանակության շրջանակներից՝ վերածվելով համաշխարհային ռազմավարական նշանակության խնդրի։ Այդ պատճառով Իրանի որևէ փորձ՝ ընդլայնելու իր ազդեցությունը նեղուցի անվտանգության համակարգում, անխուսափելիորեն առնչվելու է մյուս խոշոր դերակատարների շահերին։
Այս խորապատկերում առանցքային դեր ունի Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնի համար Հորմուզը ոչ միայն Պարսից ծոցի, այլև համաշխարհային ծովային հաղորդակցության կարևորագույն հանգույցներից է, որի անվտանգությունը դիտարկվում է որպես գործող միջազգային կարգի հիմնարար բաղադրիչ։ Միաժամանակ վերջին ռազմական զարգացումները ցույց տվեցին, որ նույնիսկ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը չի վերացնում Իրանի կարողությունը՝ ազդելու նեղուցի շուրջ անվտանգային միջավայրի վրա։ Այդ հանգամանքը ձևավորել է նոր ռազմավարական իրողություն, որը Վաշինգտոնը կարող է փորձել փոխել, սակայն չի կարող անտեսել իր ռազմավարական հաշվարկներում։
Հետևաբար Միացյալ Նահանգների քաղաքականությունը, տրամաբանորեն, կշարունակի միաժամանակ հետապնդել երկու փոխկապակցված նպատակ։ Մի կողմից՝ փորձել առավելագույնս սահմանափակել Իրանի հնարավորությունը՝ Հորմուզի անվտանգության շուրջ ձևավորվող իր ազդեցությունը վերածելու երկարաժամկետ քաղաքական լծակի, իսկ մյուս կողմից՝ իր ռազմավարությունը կառուցել՝ հաշվի առնելով, որ նեղուցի անվտանգային միջավայրում Իրանի գործոնը դարձել է այնպիսի իրողություն, որը հնարավոր չէ պարզապես շրջանցել։ Այդ պատճառով Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, կշարունակի համատեղել ռազմական զսպումը, դաշնակիցների հետ համակարգումը և ճգնաժամի կառավարումը՝ փորձելով պահպանել ազատ նավագնացությունը և միաժամանակ կանխել այնպիսի իրավիճակի ձևավորումը, որտեղ Հորմուզի անվտանգությունը գործնականում կկապվի բացառապես Իրանի քաղաքական որոշումների հետ։
Հորմուզի շուրջ այս նոր ռազմավարական միջավայրի կարևոր բաղադրիչ է նաև Իսրայել–Իրան հակամարտությունը։ Այդ հակամարտությունը Հորմուզի համար պարզապես արտաքին անվտանգային ֆոն չէ։ Այն ռազմավարական միջավայրի առանցքային բաղադրիչներից է, որի շրջանակում Թեհրանը գնահատում է նեղուցի աշխարհագրական դիրքի արժեքը, ձևավորում իր զսպման հնարավորությունները և որոշում տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնման առաջնահերթությունները։
Այս պայմաններում Իսրայելի ռազմավարական հաշվարկները նույնպես դժվար թե սահմանափակվեն Իրանի անմիջական ռազմական հնարավորությունների գնահատմամբ։ Եթե Հորմուզի շուրջ Իրանի ազդեցությունը վերածվի ավելի կայուն աշխարհաքաղաքական գործոնի, ապա դա կարող է ընդլայնել Թեհրանի ռազմավարական մանևրի տարածքը և բարդացնել Իրանի նկատմամբ ճնշման այնպիսի մոտեցումները, որոնք հիմնված են բացառապես ռազմական գերազանցության կամ արտաքին ուժային ճնշման վրա։
Միաժամանակ արտաքին ուժային միջավայրը չի սահմանափակվում ԱՄՆ-Իրան և Իրան-Իսրայել հակամարտություններով։ Հորմուզի նկատմամբ շահագրգռված են նաև այն պետությունները, որոնց տնտեսական և էներգետիկ անվտանգությունն անմիջականորեն կախված է Պարսից ծոցի կայունությունից։ Այս խմբում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան։ Նրանց ընդհանուր առաջնահերթությունը էներգակիրների և ծովային հաղորդակցությունների կանխատեսելիությունն է, սակայն այդ ընդհանուր շահը չի նշանակում նույնական ռազմավարական հաշվարկներ։
Չինաստանի դիրքորոշումն առանձնանում է իր երկակի տրամաբանությամբ։ Մի կողմից՝ Պեկինը մեծապես շահագրգռված է Պարսից ծոցի էներգակիրների անխափան հոսքով և չի կարող աջակցել այնպիսի զարգացումներին, որոնք Հորմուզը կվերածեն երկարատև անկայունության գոտու։ Մյուս կողմից՝ Չինաստանի երկարաժամկետ ռազմավարական շահերից է բխում նաև առանցքային տարածաշրջաններում Միացյալ Նահանգների միակողմանի ազդեցության սահմանափակումը և ավելի բազմաբևեռ ուժային միջավայրի ձևավորումը։ Այդ տեսանկյունից Իրանի ազդեցության ամրապնդումն ինքնին չի հակասում Պեկինի շահերին, եթե այն չի վերածվում այնպիսի անկայունության, որը կվտանգի էներգետիկ և առևտրային հաղորդակցությունները։ Հետևաբար Չինաստանի համար առավել ընդունելի կարող է լինել ոչ թե Իրանի մեկուսացումը, այլ այնպիսի հավասարակշռության ձևավորումը, որտեղ Իրանի դերակատարության մակարդակը բարձրանում է, բայց չի վերածվում Հորմուզի նկատմամբ բացառիկ վերահսկողության։
Հնդկաստանի հաշվարկն ավելի զգուշավոր է։ Թեև Նյու Դելին նույնպես շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների պահպանմամբ և տարածաշրջանում իր ռազմավարական ինքնուրույնության ընդլայնմամբ, նրա համար առաջնային են էներգետիկ անվտանգությունն ու ծովային հաղորդակցությունների կանխատեսելիությունը։ Հետևաբար Հնդկաստանը, ամենայն հավանականությամբ, կխուսափի այնպիսի զարգացումներից, որոնք կարող են խորացնել Հորմուզի շուրջ անվտանգային անորոշությունը՝ միաժամանակ փորձելով պահպանել հարաբերությունների բավարար մակարդակ Իրանի հետ։
Ճապոնիայի և Հարավային Կորեայի դիրքորոշումները նույնպես պայմանավորված են երկակի սահմանափակմամբ։ Երկու պետություններն էլ մեծապես կախված են Պարսից ծոցի էներգակիրների կայուն մատակարարումներից, սակայն միաժամանակ սերտորեն կապված են ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում։ Այդ պատճառով նրանք դժվար թե շահագրգռված լինեն Իրանի ազդեցության անվերահսկելի ընդլայնմամբ, բայց նաև շահագրգռված չեն Հորմուզի շուրջ այնպիսի ռազմական էսկալացիայով, որը կարող է խաթարել էներգետիկ և առևտրային հոսքերը։ Նրանց համար առավել նախընտրելի կլինի կայունության պահպանումը՝ առանց լայնածավալ ռազմական ներգրավման։
Եվրոպական միության հաշվարկները ևս կառուցված են նման երկակիության վրա։ Եվրոպայի համար Հորմուզի կայունությունը կապված է ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլև համաշխարհային առևտրի և միջազգային ծովային հաղորդակցությունների կանխատեսելիության հետ։ Միաժամանակ եվրոպական պետությունները սահմանափակ շահագրգռվածություն ունեն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններում անմիջականորեն ներգրավվելու հարցում։ Հետևաբար ԵՄ-ի համար առավել ընդունելի մոտեցումը կարող է լինել դիվանագիտական ճնշման, միջազգային իրավական մեխանիզմների և ճգնաժամի կառավարման գործիքների համադրումը՝ միաժամանակ պահպանելով նավագնացության ազատությունը։
Ռուսաստանի դիրքորոշումը ձևավորվում է մեկ այլ ռազմավարական տրամաբանությամբ։ Ի տարբերություն Ասիայի և Եվրոպայի խոշոր տնտեսությունների՝ Ռուսաստանը Պարսից ծոցի էներգակիրներից անմիջական կախվածություն չունի, և Հորմուզի անկայունությունը նրա համար նույն տնտեսական վտանգը չի ստեղծում։ Փոխարենը Մոսկվան շահագրգռված է Միացյալ Նահանգների միակողմանի ազդեցության սահմանափակմամբ, բազմաբևեռ միջազգային համակարգի ամրապնդմամբ և Իրանի՝ որպես տարածաշրջանային ազդեցիկ դերակատարի դիրքերի պահպանմամբ։ Այդ պատճառով Ռուսաստանը կարող է ավելի մեծ պատրաստակամությամբ ընդունել Իրանի ազդեցության ընդլայնումը Հորմուզի շուրջ, եթե այն նպաստում է տարածաշրջանում ԱՄՆ-ի գերակայության սահմանափակմանը։ Սակայն Մոսկվայի շահերից նույնպես չի բխում անվերահսկելի անկայունությունը, որը կարող է վերածվել լայն տարածաշրջանային պատերազմի։
Տարածաշրջանային մակարդակում սահմանափակումների տրամաբանությունն ավելի բարդ է։ Պարսից ծոցի արաբական պետությունները միաժամանակ շահագրգռված են անվտանգ նավագնացությամբ, տարածաշրջանային լարվածության նվազեցմամբ և սեփական անվտանգության պահպանմամբ։ Վերջին պատերազմը, սակայն, ցույց տվեց, որ նրանք կարող են ներքաշվել ռազմական հակամարտության մեջ նույնիսկ այն դեպքում, երբ անմիջականորեն շահագրգռված չեն դրա ընդլայնմամբ։ Տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների օգտագործումը Իրանի դեմ գործողություններում, ինչպես նաև դրանց նկատմամբ Իրանի հարվածները, այդ պետություններին փաստացի վերածեցին հակամարտության ռիսկերի անմիջական կրողների։
Այս փորձը կարող է էականորեն ազդել նրանց հետագա հաշվարկների վրա։ Մի կողմից՝ նրանք չեն ցանկանում Հորմուզի շուրջ Իրանի ազդեցության անվերահսկելի ընդլայնում և շարունակում են ապավինել արտաքին անվտանգության երաշխիքներին։ Մյուս կողմից՝ նրանք շահագրգռված չեն կրկին ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ, որը կարող է վտանգել իրենց տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքները, խաթարել նավագնացությունը և ուղղակիորեն հարվածել տարածաշրջանի տնտեսական կայունությանը։ Հետևաբար նրանց համար առավել ընդունելի կարող է դառնալ այնպիսի անվտանգային հավասարակշռության ձևավորումը, որը միաժամանակ կսահմանափակի Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնումը և կնվազեցնի նոր լայնածավալ էսկալացիայի հավանականությունը։
Այս պայմաններում Հորմուզի ապագա անվտանգային համակարգը կարող է ներառել ոչ միայն մրցակցության, այլև սահմանափակ գործնական համագործակցության տարրեր։ Տարածաշրջանի պետությունների համար նման համագործակցությունը կարող է դառնալ ոչ թե Իրանի հետ ռազմավարական համերաշխության արտահայտություն, այլ սեփական տարածքը և ենթակառուցվածքները կրկին լայնածավալ հակամարտության թատերաբեմ չդարձնելու գործնական անհրաժեշտություն։
Այս խորապատկերում առանձնահատուկ դեր կարող է ունենալ Օմանը։ Նրա աշխարհագրական դիրքն ու երկարամյա հավասարակշռված դիվանագիտությունը հնարավորություն են տալիս Մասկատին պահպանել դիվանագիտական կապի ուղիներ ինչպես Իրանի, այնպես էլ արևմտյան և տարածաշրջանային դերակատարների հետ։ Սակայն Օմանի հնարավոր դերակատարությունը չի սահմանափակվում միայն միջնորդական գործառույթով։ Հորմուզի անվտանգության համակարգում նրա ներգրավվածության խորացումը կարող է նաև ծառայել սեփական աշխարհաքաղաքական կշռի մեծացմանը՝ հատկապես այն դեպքում, եթե նեղուցի շուրջ ձևավորվեն նոր տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներ։
Այս տեսանկյունից Օմանը կարող է շահագրգռված լինել ոչ միայն հակամարտային էսկալացիան սահմանափակելու, այլև այնպիսի պայմանների ձևավորմամբ, որոնցում Հորմուզի անվտանգությունը կկառուցվի տարածաշրջանային դերակատարների ավելի մեծ մասնակցության վրա։ Այդպիսի մոտեցումը կարող է որոշակի ընդհանուր հիմքեր ստեղծել նաև Իրանի հետ համագործակցության համար, հատկապես եթե խոսքը վերաբերի նեղուցի անվտանգության նոր գործնական կամ իրավական մեխանիզմների ձևավորմանը։ Եթե ապագայում ձևավորվեն Հորմուզի կարգավիճակի կամ անվտանգության շուրջ նոր բանակցային ձևաչափեր, ապա Օմանը կարող է ոչ միայն կրկին ստանձնել միջնորդական դեր, այլև ձգտել դառնալ այդ նոր համակարգի ձևավորման և գործարկման կարևոր մասնակից։
Այսպիսով, Իրանի նոր ռազմավարությունը չի զարգանալու քաղաքական վակուումում և չի բախվելու մեկ միասնական արտաքին ճակատի։ Դրա առջև ձևավորվում է տարբեր, երբեմն հակադիր շահեր ունեցող դերակատարների բարդ համակարգ։ Միացյալ Նահանգները ձգտելու է սահմանափակել Իրանի ազդեցության ռազմավարական հետևանքները, Չինաստանը կարող է ավելի մեծ պատրաստակամությամբ ընդունել Իրանի ուժեղացած դերակատարությունը՝ այն պայմանով, որ այն չի խաթարի տարածաշրջանային կայունությունը, Ասիայի և Եվրոպայի խոշոր տնտեսությունները առաջնահերթություն են տալու էներգետիկ և առևտրային կանխատեսելիությանը, Ռուսաստանը շահագրգռված է լինելու ԱՄՆ-ի ազդեցության սահմանափակմամբ, իսկ տարածաշրջանային պետությունները՝ իրավիճակի կայուն, կառավարելի պահպանմամբ։
Հետևաբար Իրանի ռազմավարության կենսունակությունը կախված կլինի ոչ միայն նրանից, թե Թեհրանը որքան արդյունավետ կկարողանա օգտագործել իր աշխարհագրական և անվտանգային հնարավորությունները, այլև նրանից, թե որքան հաջող կկարողանա դրանք տեղավորել այս բազմաշերտ արտաքին միջավայրում։ Իրանի համար առավել բարդ խնդիրը հենց այստեղ է. ազդեցությունը մեծացնել՝ առանց այնպիսի հակազդեցություն առաջացնելու, որը կչեզոքացնի այդ ազդեցության ռազմավարական արժեքը։
Այս իմաստով Իրանի նոր ռազմավարության գլխավոր սահմանափակումը կարող է լինել ոչ թե ռազմական կամ աշխարհագրական, այլ քաղաքական։ Թեհրանը կարող է ձգտել դառնալ Հորմուզի անվտանգային համակարգի անփոխարինելի և որոշիչ մասնակից, սակայն որքան ավելի տեսանելի և համակարգային դառնա այդ դերակատարությունը, այնքան ավելի մեծ կլինի մյուս ուժերի՝ այն հավասարակշռելու կամ սահմանափակելու շահագրգռվածությունը։ Հենց այդ փոխազդեցությունն էլ կորոշի, թե Իրանի աշխարհագրական առավելությունը կվերածվի՞ արդյոք երկարաժամկետ ռազմավարական ազդեցության, թե՞ արտաքին հակազդեցությունը կսահմանափակի այդ հնարավորությունը։
Հորմուզի ապագայի ռազմավարական սցենարները
Հորմուզի հետպատերազմյան ապագան դժվար է գնահատել մեկ հնարավոր զարգացմամբ։ Պատերազմը փոխել է ոչ միայն տարածաշրջանի անվտանգային միջավայրը, այլև այն հաշվարկների շրջանակը, որոնցով հիմնական դերակատարները գնահատում են նեղուցի նշանակությունը։ Այդ պատճառով առաջիկա զարգացումները կարող են ընթանալ տարբեր ուղղություններով՝ կախված նրանից, թե ինչպես կվերադասավորվեն Իրանի, տարածաշրջանի պետությունների և արտատարածաշրջանային ուժերի շահերը։
Այստեղ սցենարները պետք է դիտարկել ոչ թե որպես մոտ ապագայի կանխատեսումներ, այլ որպես ռազմավարական հնարավորություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի ձևավորման իր նախադրյալները, սահմանափակումներն ու հետևանքները։ Դրանց միջև տարբերությունը հիմնականում որոշվելու է մեկ հարցով՝ Հորմուզի անվտանգությունը կմնա՞ արդյոք մրցակցության առարկա, թե՞ աստիճանաբար կվերածվի այնպիսի համակարգի, որտեղ Իրանի մասնակցությունը կդառնա դրա կայունության որոշիչ կառուցվածքային բաղադրիչ։
Առաջին սցենար. Հորմուզի փաստացի նոր ռազմավարական հավասարակշռություն
Ամենապարզ, բայց միաժամանակ ամենաիրատեսական տեսական սցենարը կարող է լինել այնպիսի իրավիճակի ձևավորումը, որտեղ Հորմուզի իրավական կարգավիճակը չի փոխվում, նավագնացությունը շարունակվում է, սակայն պատերազմի ընթացքում ձևավորված անվտանգային ընկալումները պահպանվում են։
Այս դեպքում Իրանը չի ստանում նոր իրավական կարգավիճակ և չի ձևավորում նեղուցի նկատմամբ պաշտոնական վերահսկողություն։ Փոխվում է այլ բան՝ միջազգային դերակատարների հաշվարկներում Իրանի հնարավոր արձագանքը դառնում է մշտական գործոն։ Նավագնացության անվտանգության գնահատումը, ապահովագրական որոշումները, էներգետիկ շուկաների վարքագիծը և տարածաշրջանային ռազմական պլանավորումը կարող են աստիճանաբար ներառել Թեհրանի հնարավոր գործողությունների ավելի բարձր կշիռ։
Այսպիսի իրավիճակում Իրանի ազդեցության աճը չի պահանջում իրավական փոփոխություն։ Այն կարող է ձևավորվել փաստացի վարքագծի միջոցով՝ ռազմավարական անորոշության, ռազմական կարողությունների, տեղեկատվական ներգրավվածության և տարածաշրջանային քաղաքական ազդեցության համադրությամբ։
Սակայն այս սցենարի հիմնական սահմանափակումն այն է, որ Իրանի համար չի ապահովում բացառիկ դիրք։ Միացյալ Նահանգները և մյուս արտաքին դերակատարները կշարունակեն ձգտել պահպանել նավագնացության ազատությունը և իրենց ռազմավարական ներկայությունը, իսկ Պարսից ծոցի պետությունները կփորձեն խուսափել այնպիսի իրավիճակից, որտեղ իրենց անվտանգությունը կախված կլինի մեկ պետության որոշումներից։
Հետևաբար այստեղ ձևավորվող հավասարակշռությունը կարող է լինել ոչ թե կայուն համաձայնության, այլ փոխադարձ զսպման և հարմարվողականության արդյունք։ Իրանի ազդեցությունը կաճի այնքանով, որքանով մյուս դերակատարները ստիպված կլինեն այն հաշվի առնել, սակայն առանց այդ ազդեցության լիարժեք համակարգային ամրագրման։
Այս սցենարի դեպքում Հորմուզի ռազմավարական իրականության գլխավոր փոփոխությունը կլինի հենց այդ տարբերությունը՝ իրավական կարգը կմնա նույնը, մինչդեռ դրա շուրջ ձևավորված քաղաքական հաշվարկները կդառնան այլ։
Երկրորդ սցենար. տարածաշրջանային անվտանգային նոր ճարտարապետություն
Ավելի խորքային սցենար կարող է ձևավորվել այն դեպքում, երբ Իրանի և Պարսից ծոցի մյուս պետությունների շահերի ընդհանրությունը որոշ հարցերում սկսի գերակշռել նրանց միջև առկա հակասություններին։
Այդպիսի մոտեցման հիմքում կարող է լինել պարզ ռազմավարական հաշվարկ։ Տարածաշրջանի ոչ մի պետություն շահագրգռված չէ Հորմուզի շուրջ երկարատև ռազմական անկայունությամբ, քանի որ դրա հետևանքները անմիջականորեն տարածվում են էներգետիկ ենթակառուցվածքների, առևտրի, ներդրումների և սեփական անվտանգության վրա։ Վերջին պատերազմը կարող է այդ հաշվարկին տալ լրացուցիչ ծանրություն՝ ցույց տալով, որ տարածաշրջանային պետությունները կարող են հայտնվել մեծ տերությունների հակամարտության անմիջական հետևանքների կենտրոնում նույնիսկ այն դեպքում, երբ իրենք չեն ցանկանում դառնալ այդ հակամարտության կողմ։
Այդ պայմաններում կարող է առաջանալ մի գաղափարական և քաղաքական հիմք, որի շուրջ Թեհրանը երկար ժամանակ կառուցել է իր տարածաշրջանային անվտանգության մոտեցումը՝ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է հնարավորինս ապահովվի հենց տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ՝ սահմանափակելով արտատարածաշրջանային ուժերի որոշիչ դերակատարությունը։
Եթե այս մոտեցումը ստանա գործնական ձև, ապա Հորմուզի անվտանգության համակարգը կարող է աստիճանաբար վերածվել տարածաշրջանային համագործակցության ավելի լայն մեխանիզմի։ Դրա հիմքում կարող են լինել ծովային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, ճգնաժամային հաղորդակցության ուղիները, միջադեպերի կանխարգելման մեխանիզմները, նավագնացության անվտանգության համակարգումը և փոխադարձ վստահության աստիճանական ձևավորումը։
Այս սցենարում Իրանի շահը նույնպես փոխվում է։ Թեհրանը այլևս պարտադիր չէ, որ ձգտի առավելագույնացնել իր միակողմանի ազդեցությունը։ Ավելի շահավետ կարող է լինել այնպիսի համակարգի ձևավորումը, որտեղ Իրանի մասնակցությունը դառնում է անհրաժեշտ և որոշիչ հենց տարածաշրջանային համագործակցության արդյունավետության համար։
Սա չի նշանակում, որ տարածաշրջանի պետությունները կհրաժարվեն իրենց անվտանգության արտաքին երաշխիքներից կամ կկտրեն կապերը ԱՄՆ-ի և այլ ուժերի հետ։ Ավելի հավանական է բազմաշերտ համակարգի ձևավորումը, որտեղ արտատարածաշրջանային և տարածաշրջանային դերակատարների գործառույթները կբաժանվեն, իսկ Հորմուզի անվտանգային հիմնական մեխանիզմներում տարածաշրջանի պետությունների դերը կաճի։
Այս սցենարի առավել զարգացած տարբերակում կարող է առաջանալ նաև նոր իրավական կամ համակարգային կարգավորման հարցը։ Եթե գործնական համագործակցությունը վերածվի կայուն համակարգի, ապա դրա երկարաժամկետ ամրագրման անհրաժեշտությունը կարող է դառնալ առանձին քաղաքական օրակարգ։
Այսպիսով, երկրորդ սցենարի առավել հեռանկարային տարբերակը կարող է հանգեցնել Հորմուզի շուրջ այնպիսի համակարգի ձևավորմանը, որտեղ տարածաշրջանային համագործակցությունը կդառնա անվտանգության հիմնական հենարանը, իսկ Իրանի մասնակցությունը՝ այդ համակարգի առանցքային և որոշիչ, բայց ոչ բացառիկ բաղադրիչը։
Երրորդ սցենար. Հորմուզի աշխարհաքաղաքական նոր կառուցվածքը
Ավելի բարդ և տեսական սցենար կարող է ձևավորվել այն դեպքում, երբ Հորմուզի շուրջ ստեղծվող նոր անվտանգային իրականությունը դուրս գա ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական մակարդակ։
Այստեղ Իրանը կարող է փորձել իր ռազմավարական հաշվարկները կապել Չինաստանի և Ռուսաստանի շահերի հետ՝ ձգտելով ձևավորել այնպիսի քաղաքական, տնտեսական և անվտանգային փոխկապվածություններ, որոնք կբարձրացնեն իր դիմադրողականությունը արտաքին ճնշման նկատմամբ և կսահմանափակեն Հորմուզի շուրջ մեկ այլ ուժի գերիշխող դիրքի ձևավորման հնարավորությունը։
Այս մոտեցումը չի ենթադրում, որ Չինաստանն ու Ռուսաստանը պարզապես կընդունեն Իրանի օրակարգը։ Երկու պետություններն էլ ունեն սեփական ռազմավարական առաջնահերթությունները և կփորձեն պահպանել գործողությունների ազատությունը։ Սակայն եթե Հորմուզի անվտանգությունը սկսի դիտարկվել որպես նրանց տնտեսական, էներգետիկ կամ աշխարհաքաղաքական շահերի հետ ուղղակիորեն կապված հարց, կարող է ձևավորվել շահերի այնպիսի համընկնում, որը կուժեղացնի Իրանի դիրքերը։
Չինաստանի համար այդպիսի ներգրավվածությունը կարող է կապվել էներգետիկ մատակարարումների կայունության, տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության սահմանափակման և սեփական տնտեսական ներկայության ընդլայնման հետ։ Ռուսաստանի համար այն կարող է համադրվել տարածաշրջանում իր քաղաքական ազդեցության պահպանման, արևմտյան ճնշման հակակշռման և Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացման շահերի հետ։
Եթե այդ շահերը որոշակի փուլում համադրվեն նաև տարածաշրջանային համագործակցության հետ, ապա Հորմուզի շուրջ կարող է ձևավորվել բազմաշերտ համակարգ, որի մասնակիցները կունենան տարբեր, բայց միմյանց լրացնող շահեր։
Այդպիսի համակարգի առավել զարգացած տարբերակում կարող է առաջանալ նաև Հորմուզի իրավական և համակարգային կարգավիճակի վերանայման հարցը։ Դա կարող է տեղի ունենալ ոչ թե մեկ պետության կողմից միակողմանի փոփոխության միջոցով, այլ երկարատև բանակցությունների արդյունքում, որոնցում առանցքային դեր կարող են ունենալ Իրանը, Օմանը և Պարսից ծոցի մյուս պետությունները։
Այս դեպքում հնարավոր փոփոխությունը սկզբունքորեն կտարբերվի նեղուցի նկատմամբ վերահսկողության դասական տրամաբանությունից։ Խնդիրը կարող է դառնալ ոչ թե այն, թե ով է վերահսկում Հորմուզը, այլ այն, թե ովքեր են մասնակցում դրա անվտանգության և բնականոն գործունեության կանոնների ձևավորմանը։
Սակայն սա նաև ամենաբարդ սցենարն է։ Դրա իրականացման համար անհրաժեշտ կլինի ոչ միայն Իրանի և տարածաշրջանի պետությունների միջև փոխադարձ վստահության բարձր մակարդակ, այլև Չինաստանի, Ռուսաստանի և այլ դերակատարների շահերի այնպիսի համադրում, որը թույլ կտա ձևավորել ընդհանուր ընդունելի համակարգ։ ԱՄՆ-ը և նրա գործընկերներն էլ բնականաբար կարձագանքեն որևէ գործընթացի, որը կարող է սահմանափակել իրենց ռազմավարական ներկայությունը Հորմուզում։
Հետևաբար այս սցենարը պետք է դիտարկել ոչ թե որպես մոտ ապագայի հավանական զարգացում, այլ որպես այնպիսի ռազմավարական հնարավորության սահմանային տարբերակ, որի իրագործման դեպքում Հորմուզի հարցը կարող է տեղափոխվել տարածաշրջանային անվտանգության խնդրից դեպի ավելի լայն աշխարհաքաղաքական վերադասավորման մակարդակ։
Սցենարների ռազմավարական նշանակությունը
Այս երեք սցենարները միմյանց բացառող կանխատեսումներ չեն։ Իրականում դրանք տեսականորեն կարող են նաև հաջորդական փուլեր լինել։
Առաջին փուլում Իրանի ազդեցությունը կարող է ամրապնդվել փաստացի վարքագծի և միջազգային դերակատարների հարմարվողականության միջոցով։ Երկրորդ փուլում այդ ազդեցությունը կարող է վերածվել տարածաշրջանային համագործակցության ավելի համակարգային ձևի։ Իսկ առավել բարենպաստ և միաժամանակ առավել բարդ պայմաններում այդ գործընթացը կարող է ներգրավվել ավելի լայն աշխարհաքաղաքական համակարգում՝ Չինաստանի, Ռուսաստանի և այլ դերակատարների մասնակցությամբ։
Այս զարգացումների ընդհանուր տրամաբանությունը ցույց է տալիս, որ Հորմուզի ապագայի հիմնական հարցը կարող է չլինել նեղուցի վերահսկողությունը։ Ավելի կարևոր կարող է դառնալ այն անվտանգային համակարգի բնույթը, որի շրջանակում նեղուցը կգործի։
Եթե այդ համակարգը շարունակի հիմնվել բացառապես արտաքին զսպման և իրանական հակազդման փոխադարձ տրամաբանության վրա, ապա Հորմուզը կմնա մշտական ռազմավարական մրցակցության գոտի։ Եթե, սակայն, ձևավորվեն տարածաշրջանային համագործակցության մեխանիզմներ, ապա հնարավոր կլինի անցում կատարել մրցակցությունից դեպի վերահսկվող փոխկախվածություն։ Իսկ եթե այդ համակարգին միանան նաև ավելի լայն աշխարհաքաղաքական շահեր, ապա Հորմուզը կարող է վերածվել միջազգային անվտանգության նոր կառուցվածքի կարևոր հանգույցի։
Այսպիսով, Հորմուզի ապագայի հնարավոր զարգացումները չեն սահմանափակվում մեկ կանխատեսելի ուղղությամբ։ Դրանք կարող են տատանվել փաստացի նոր հավասարակշռության պահպանման, տարածաշրջանային համագործակցության հիմքով նոր անվտանգային կառուցակարգի ձևավորման և մրցակցության խորացման միջև։ Այդ տարբերակների միջև ընտրությունը, սակայն, չի որոշվի միայն Իրանի կամ որևէ առանձին դերակատարի քաղաքական կամքով։ Այն կախված կլինի փոխադարձ շահերի, ռիսկերի ընկալման, ուժային հնարավորությունների և համագործակցության պատրաստակամության համադրությունից։
Այս իմաստով պատերազմի երկարաժամկետ նշանակությունը կարող է դրսևորվել ոչ թե անմիջապես տեսանելի փոփոխությամբ, այլ այն գործընթացով, որի ընթացքում Հորմուզի շուրջ ձևավորվող նոր հարաբերությունները կստանան ավելի կայուն և կանխատեսելի բնույթ։ Եթե այդ գործընթացը հանգեցնի տարածաշրջանային դերակատարների միջև նոր հավասարակշռության կամ համագործակցության մեխանիզմների ձևավորմանը, ապա Հորմուզը կարող է աստիճանաբար վերածվել ոչ միայն մրցակցության, այլև նոր տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ձևավորման առանցքային հարթակի։
Եզրակացություն
Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունն այսօր այլևս չի կարող գնահատվել միայն նրա աշխարհագրական դիրքով, միջազգային իրավական կարգավիճակով կամ համաշխարհային էներգետիկ հաղորդակցություններում ունեցած դերով։ Վերջին ռազմական զարգացումները ցույց տվեցին, որ նեղուցի իրական նշանակությունը ձևավորվում է աշխարհաքաղաքական այնպիսի միջավայրում, որի շրջանակում այն վերածվում է տարածաշրջանային անվտանգության և գլոբալ ուժային մրցակցության առանցքային հարթակի։ Այդ պատճառով Հորմուզի շուրջ ընթացող գործընթացների գնահատումը պահանջում է դուրս գալ նեղուցի ավանդական՝ ռազմածովային կամ էներգետիկ ընկալումներից և այն դիտարկել որպես ավելի լայն աշխարհաքաղաքական համակարգի բաղադրիչ։
2025 թվականի պատերազմը չփոխեց Հորմուզի նեղուցի իրավական կարգավիճակը և չլուծեց նրա շուրջ ձևավորված մրցակցությունը։ Սակայն փոխեց այն ռազմավարական իրողությունը, որի պայմաններում հետագայում կձևավորվեն նեղուցի անվտանգության, ազդեցության և ուժային հավասարակշռության նոր տրամաբանությունները։ Այդ պատճառով պատերազմի իրական նշանակությունը պետք է գնահատել ոչ այնքան դրա անմիջական ռազմական արդյունքներով, որքան այն քաղաքական փոփոխությամբ, որը տեղի ունեցավ Հորմուզի ռազմավարական նշանակության ընկալման մեջ։
Այս խորապատկերում Իրանի քաղաքականությունն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես նեղուցի նկատմամբ բացառիկ վերահսկողություն հաստատելու ձգտում, այլ որպես աշխարհագրական դիրքը երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցության վերածելու փորձ։ Եթե այդ գործընթացը հաջողվի, ապա Հորմուզի նշանակությունը Իրանի համար այլևս չի սահմանափակվի ճգնաժամային զսպման գործառույթով։ Այն կարող է վերածվել այնպիսի ռազմավարական հարթակի, որտեղ տարածաշրջանային անվտանգությունը, ծովային հաղորդակցությունների կայունությունը և ուժային հավասարակշռության հարցերը գործնականում այլևս հնարավոր չի լինի դիտարկել՝ անտեսելով Իրանի դերակատարությունը։
Սակայն այս գործընթացի նշանակությունը շատ ավելի լայն է, քան որևէ առանձին պետության ռազմավարական ձեռքբերումը։ Այն արտացոլում է ժամանակակից միջազգային հարաբերությունների ավելի խորքային միտումը, որի պայմաններում աշխարհագրական դիրքն ինքնին այլևս բավարար չէ ռազմավարական ազդեցություն ապահովելու համար։ Որոշիչ է դառնում պետության կարողությունը՝ սեփական աշխարհագրական հնարավորությունները վերածելու քաղաքական, անվտանգային և դիվանագիտական ազդեցության փոխկապակցված համակարգի։ Հենց այդ կարողությունն է ձևավորում ոչ միայն առանձին դերակատարների ազդեցության սահմանները, այլև ամբողջ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ապագան։
Այս իմաստով 2025 թվականի պատերազմը պետք է դիտարկել ոչ թե որպես Հորմուզի շուրջ հերթական ռազմական ճգնաժամ, այլ որպես աշխարհաքաղաքական անցման փուլ։ Այն չորոշեց, թե ով է վերահսկում նեղուցը, սակայն փոխեց այն ռազմավարական միջավայրը, որի պայմաններում հետագայում կձևավորվեն տարածաշրջանային անվտանգության նոր սկզբունքներն ու ուժային հարաբերակցությունները։ Եթե նախկինում Հորմուզը հիմնականում ընկալվում էր որպես համաշխարհային առևտրի և էներգետիկ հաղորդակցությունների կենսական ուղի, ապա այսօր այն առավելապես դառնում է այն աշխարհաքաղաքական տարածությունը, որի շուրջ վերաձևավորվում են տարածաշրջանային անվտանգության սկզբունքները և ուժային նոր հավասարակշռությունները։
Հետևաբար 2025 թվականի պատերազմի իրական ժառանգությունը ոչ թե ուժերի հարաբերակցության կարճաժամկետ փոփոխությունն է, այլ Հորմուզի աշխարհաքաղաքական նշանակության վերաիմաստավորումը։ Նեղուցն այլևս չի կարող դիտարկվել միայն որպես համաշխարհային առևտրի և էներգակիրների տարանցման ռազմավարական ուղի կամ հնարավոր ռազմական դիմակայության թատերաբեմ։ Այն վերածվում է միջազգային քաղաքականության ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոնի, որի շուրջ վերաձևավորվում են տարածաշրջանային անվտանգության սկզբունքները, ուժային հավասարակշռության նոր հարաբերակցությունները և արտաքին դերակատարների ռազմավարական հաշվարկները։ Այդ իմաստով Հորմուզի ապագայի շուրջ ընթացող մրցակցությունն այլևս միայն նեղուցի նկատմամբ ազդեցության խնդիր չէ, այլ Մերձավոր Արևելքի նոր աշխարհաքաղաքական կարգի ձևավորման անբաժանելի բաղադրիչ է։
Նշում. Սույն հոդվածը հանդիսանում է Մերձավոր Արևելքի ռազմավարական հաղորդակցությունների և դրանց աշխարհաքաղաքական նշանակությանն անդրադարձող երեքմասանոց վերլուծական հոդվածաշարի առաջին մասը։ Հաջորդ հոդվածում կքննարկվի Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցների ռազմավարական փոխկապակցվածությունը և դրանց դերը ժամանակակից աշխարհաքաղաքական վերադասավորումների խորապատկերում, իսկ հոդվածաշարի եզրափակիչ մասը կանդրադառնա Հորմուզի և Սյունիքի աշխարհագրական դիրքի ու աշխարհաքաղաքական ընդհանրություններին՝ վերլուծելով, թե ինչպես են ռազմավարական հաղորդակցությունները վերաձևավորում տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը և ինչ նշանակություն ունի Սյունիքը Հայաստանի պետական անվտանգության ապահովման տեսանկյունից։
Արամ Շահնազարյան
Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ


















































