Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքքայի համաձայնագրից հետո Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը անցնում են համատեղ ռազմական ծրագրերի

Օգոստոս 10,2026 17:31 Share

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը գործողություններ են ձեռնարկում օրերս ստորագրված Մեքքայի համաձայնագրի շրջանակներում։ Համագործակցության առաջին փուլը կլինի զինվորական անձնակազմի փոխանակումը, համատեղ զորավարժությունները և ռազմական նախագծերը։ Երկրները քայլեր կձեռնարկեն ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ զորավարժությունների և նախագծերի միջոցով, հայտնում է Ermenihaber-ը։

Երկրները նպատակադրված են հետախուզական տվյալների փոխանակումն ու նախազգուշացման կարողություններն ամրապնդել տարածաշրջանային սպառնալիքների համատեղ զսպման համար։ Ծրագիրը նախատեսում է նաև բարելավել տարբեր ստորաբաժանումների համատեղ գործելու կարողությունը՝ երեք երկրների զինված ուժերի միջև անցկացվելիք վարժանքների միջոցով:

Ակնկալվում է, որ այդ վարժանքները կապահովեն համակարգումը և համատեղելիությունը հնարավոր ճգնաժամերի և սպառնալիքների սցենարներում:

«Մեքքայի դաշինք» անվանումը ստացած նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ են հայտնել Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Մուհամմադ Իսհաք Դարը

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքական և պակիստանյան կողմերի հայտարարություններից առանձնանում են հետևյալ առանցքային կետերը.

Համաձայնագիրը հիմնված է կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի վրա (ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն)։ Երեք երկրներից որևէ մեկի վրա արտաքին զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր կողմերի վրա։ Ֆիդանը նշել է, որ տեխնիկական առումով այն նման է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, սակայն ռազմական միջամտությունից զատ կարող է ներառել նաև հետախուզական, լոգիստիկ և զինամթերքի աջակցություն:

Երկու երկրների արտգործնախարարներն էլ ընդգծել են, որ դաշինքը որևէ երկրի դեմ ուղղված չէ։ «Մեզ վրա չհարձակվող որևէ երկիր մեր թիրախում չէ»,- հայտարարել է Ֆիդանը՝ հավելելով, որ համաձայնագիրը չի չեղարկում երկրների՝ այլ պետությունների հետ առկա երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերը:

Թուրքիայի արտգործնախարարի փոխանցմամբ՝ դաշինքի ձևավորման աշխատանքները տևել են շուրջ 2 տարի 8 ամիս։ Նախատեսվում է ձևավորել քաղաքական-ռազմական կոմիտե (արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ), ինչպես նաև գլխավոր քարտուղարություն, որի կենտրոնակայանը գտնվելու է Սաուդյան Արաբիայում:

Ֆիդանը հայտնել է, որ այլ պետություններ ևս ցանկություն են հայտնել միանալու համաձայնագրին, իսկ որպես հավանական ապագա անդամ առանձնացրել է Եգիպտոսին: Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, դաշինքը բաց է լինելու այլ երկրների մասնակցության համար ևս:

Նշվել է նաև, որ նախատեսվում է զարգացնել համատեղ ռազմարդյունաբերությունը, անցկացնել համատեղ զորավարժություններ, ապահովել զինատեսակների ու կապի համակարգերի տեխնիկական համատեղելիություն:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դիվանագիտական ջանքեր է գործադրում Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև առաջարկել է Ռուսաստանին ու Ուկրաինային Սև ծովում առևտրային նավերի անվտանգության մորատորիում սահմանել (տարկետում՝ պետության կողմից վճարման դադարեցում որոշակի ժամանակով՝ պայմանավորած ծայրահեղ իրադրությամբ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել