Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը Սարգիս Խանդանյանին հիշեցրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

Օգոստոս 11,2026 13:48 Share

«Ինձ հիշեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որն ասում էր՝ «Հայաստանն ո՞ւմ է պետք»։ Դրան հետևեցին գործընթացներ, և հասկացանք, թե Հայաստանն ում է պետք, որքան է պետք և որտեղ է պետք, ուստի նման սպառնալիք մեզ չի սպասվում»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր՝ «Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ այն դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ գործիք»։

Անդրադառնալով երեկ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը՝ Սպիտակ տանը կայացած խաղաղության մեկամյա տարեդարձի կապակցությամբ, իշխանական պատգամավորը ասաց․ «Այն, ինչ արձանագրվել է երեկվա հայտարարության մեջ, արդեն մեկ տարվա իրողություններ են։ Շատ կարևոր է, որ այդ գործընթացն առաջ է շարժվում՝ թե՛ քաղաքական հարաբերությունների, թե՛ խաղաղության գործընթացի ամրապնդման, և թե՛ դրանից բխող առևտրատնտեսական համագործակցության տեսանկյունից, որը ձևավորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացումը այնպիսի ոլորտներում, որոնցում մենք համագործակցության փորձառություն չունեինք․ այսօր արդեն տեսնում ենք, օրինակ, որ արհեստական բանականության և հաղորդակցությունների ոլորտում խորը համագործակցություն ունենք։ Սա մի գործընթաց է, որը բխում է բացառապես Հայաստանի շահերից, և մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվելու։ Մենք բազմիցս նշել ենք, որ որևէ երկրի հետ հարաբերությունների խորացումը ի վնաս չէ մեր այլ հարաբերություններին»։

Հարցին՝ առաջիկայում ի՞նչ առարկայական գործողություններ կարող են տեղի ունենալ այն իրողությունների համատեքստում, որ TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքը Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններն են, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիրը, եթե չեմ սխալվում՝ կոչվում է Տրանսկասպյան հիմնադրամ։ Նաև ընթացքի մեջ է իրագործելիության ուսումնասիրությունը, և ես մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ կանցնենք բուն երկաթուղու շինարարությանը։ Նաև հետաքրքրություն կա էլեկտրագծերի անցկացման տեսանկյունից, որովհետև TRIPP-ը միայն երկաթուղի չէ, այլ նաև այլ ենթակառուցվածքների ծրագիր է։ Ինչ վերաբերում է Իրան-Ամերիկա հարաբերություններին, իհարկե, մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի։ Մեզ մեծ հույս էր ներշնչել այն բանակցությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև, և կարծես թե ձևավորվել էր խաղաղության պլան։ Հույս ունենք՝ այդ պլանը կիրագործվի»։

Իսկ ինչ վերաբերում է TRIPP-ի իրագործմանը՝ Հայաստանում և Հայաստան-Իրան հարաբերություններին, իշխանական պատգամավորը մտահոգվելու առիթ չի տեսնում․ «Հայաստանի կառավարությունն Իրանի գործընկերների հետ ակտիվ քննարկել է այս հարցը, փոխըմբռնում կա, և չեմ կարծում, որ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա»։

Հստակեցնող հարցին՝ երկաթգծի կառուցման հարցը կապվա՞ծ է նրանից, թե Իրան-ԱՄՆ հարաբերություններն ինչպես կդրսևորվեն, բանախոսը պատասխանեց․ «Ճիշտ հակառակը՝ ընդհանրապես կախված չէ դրանից։ Երկաթգծի կառուցումն օրակարգային հարց է․ ուսումնասիրվում է տեղանքը, դրա իրագործելիությունը և այլ պարամետրեր։ Երբ տեխնիկական զննություններն ավարտվեն, կսկսվի բուն շինարարությունը։ Այստեղ քաղաքական խոչընդոտ ես չեմ տեսնում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31