Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից

Օգոստոս 11,2026 17:26 Share

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ-ից՝ հորդորելով մանրամասների համար դիմել ՔԿ-ին։ ՆԳՆ-ից չեն հստակեցնում՝ արդյոք ծառայողական քննության արդյունքում է ծառայողն ազատվել աշխատանքից, թե՞ ոչ։ ՔԿ-ից էլ առ այս պահը չեն հստակեցրել, թե ինչ կարգավիճակ ունի ոստիկանության ծառայողը, արդյոք Կոնջորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է, թե ոչ։

Հիշեցնենք` հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ կեսգիշերն անց, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով հինգ մեղադրյալ կա, այդ թվում՝ Աբովյան համայնքի ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։ Վերջիններս մեղադրվում են Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Համացանցում տարածված տեսանյութից ակնհայտ է դառնում, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը Նաիրի Հակոբյանի տան մոտ պարեկային ծառայողի ուղեկցությամբ մեքենայով շրջում, հայհոյանքներ հնչեցնում։ Այդ դրվագով մի քանի հաղորդում է ներկայացվել, որով պահանջել են գնահատական տալ ոչ միայն Ավետ Կոնջորյանի գործողություններին, այլև՝ ոստիկանության ծառայողի։ Այժմ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել