«Տիկին Ջուլհակյանն ասաց, որ Սահմանադրության նախագիծը, որն այս պահին քննարկվում է, չունի հղում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Ի՞նչ է սա նշանակում, որ անգամ, եթե կա նման մտադրություն, սա սպառնալիք է պետության գոյության համար»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը վերացական հասկացություն չէ, դա պետական կազմավորում է, որը ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով։ «Եվ Անկախության հռչակագրի 12-րդ կետն ասում է՝ այս հռչակագիրը հիմք է հանդիսանում ՀՀ նոր Սահմանադրության ընդունման կամ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու, օրենսդրության կատարելագործման կամ պետական մարմինների գործունեության համար։ Այսինքն՝ ուզում է Սահմանադրությունը նոր ընդունվի, թե փոփոխվի, ուզում է դա արվեր 1995 թվականին, թե 2026-ին, այն չի կարող հղում չպարունակել Հայաստանի Անկախության հռչակագրին։ Որ պահին դա տեղի ունեցավ, նշանակում է՝ Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը վերանում է։ Հասկանո՞ւմ եք վտանգն ինչում է»,- ասաց նա։
Էդգար Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանում միամիտ չեն, նրանք շատ լուրջ են վերաբերվում այս ամենին։
«Իսկ ի՞նչ է լինում, երբ հայկական պետական կազմավորումը վերանում է, մենք այս իշխանությունների գործողության հետեւանքով իրենց պաշտոնավարման շրջանում տեսել ենք 2023 թվականին, երբ վերացավ Արցախի Հանրապետություն պետական կազմավորումը։ Ի՞նչ եղավ դրանից հետո՝ այդ տարածքների վրա հաստատվեց ադրբեջանական իշխանություն, եւ բռնի տեղահանվեց այնտեղ բնակվող ողջ հայ բնակչությունը։ Նույն վտանգը սպառնում է մեր պետությանը, եթե դուք համաձայնեք ադրբեջանական այդ պայմանին եւ վերացնեք Անկախության հռչակագիրը։ Մեր պետականությունը վերանալու է, եւ այստեղ հաստատվելու է ադրբեջանական իշխանություն։ Ադրբեջանցիներն արդեն որոշել են այդ պետության անվանումը, դա իրենք անվանում են «արեւմտյան Ադրբեջան»»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































