Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան գրառմամբ նշում է.
«Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը։
Իսկ իրականում, Ալիևի երեկվա ելույթը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու անթաքույց տեքստերը, ոչ միայն հակասում են խաղաղության մասին խոսույթներին, այլ նաև հակասում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի տեքստին, որտեղ հստակ կետ կա, որ կողմերը իրավունք չունեն միջամտել միմյանց ներքին գործերին։
Փաստացի Ադրբեջանն է այսօր որոշում, թե Հայաստանը ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա, պե՞տք է ունենա ատոմակայան, թե ոչ, և իրեն թույլ է տալիս անթաքույց արտահայտել այդ ամենը։ Իսկ իրականում խաղաղության անվան ներքո տեղի է ունենում Հայաստանի «ֆինլանդիզացիայի» գործընթաց, և եթե ժամանակին Ֆինլանդիան, ելնելով իրավիճակից, ենթարկվում էր բավականին ազդեցիկ Խորհրդային Միության թելադրած պայմաններին, այժմ Հայաստանի կառավարությունը համաձայնվել է Հայաստանը դարձնել Ադրբեջանի պայմաններին ենթարկվող երկիր։ Ու, ցավոք սրտի, դա տեղի է ունենում արտաքին տարբեր դերակատարների հավանության ներքո, քանի որ Հայաստանը ինքը որոշում է կայացրել չպայքարել, չդիմադրել, քայլեր չձեռնարկել սեփական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
Կարդացեք նաև
Մատուցվողը ոչ թե խաղաղություն է, այլ Ադրբեջանի երազանքների ցուցակի կատարման գործընթաց, ինչը փաստացի այսօր իրականացնում է ՀՀ-ում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը»։
Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ «AzTV» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի տարածքում TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու շինարարությունը պետք է մեկնարկի այս տարի:
«Նախագահ Թրամփի հետ վերջին զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի տարածքում երկաթգծի շինարարությունը պետք է մեկնարկի այս տարի․ այնտեղ ընդամենը 42 կիլոմետր ճանապարհ է»,- ասել է նա։
Ալիևի խոսքով՝ Նախիջևանի տարածքում երկաթուղու երկարությունը, նոր տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն, կկազմի 194 կմ, մինչդեռ նախկինում նախատեսվում էր 188 կմ։
«Մենք չենք կարող ժամանակ կորցնել․․․ Եթե որևէ մեկը ցանկանում է մասնակցել այս նախագծին, թող ժամանակ չկորցնի և օր առաջ պայմանավորվի մեզ հետ», – հավելել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտին՝ նշելով, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Ալիևը «զգուշացրել է» Հայաստանին՝ ԱԷԿ-ի փակումից հետո էներգետիկ ճգնաժամի մասին: Ըստ նրա՝ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։


















































