«Ահաբեկչության մեղադրանքը պարզապես այս մեդիաահաբեկիչներին, այս իշխանությանը պետք էր արատավորելու Սրբազան պայքարն ու նրա մասնակիցներին»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը Բագրատ սրբազանի և մյուսների գործի մասին խոսելիս օգտագործել էր «անկարգություն» բառը, Տաթևիկ Սողոյանն այսպես արձագանքեց․ «Արայիկ Հարությունյանի՝ չակերտավոր ասած՝ լեզվի սայթաքումը լեզվի սայթաքում չէր։ Իրենք արդեն իրենց սև գործն արած, ահաբեկչության պիտակը հանրության լայն շրջանակների մոտ տարածած ու ձախողած լինելով՝ սկսում են հետքայլ անել։ Այն թմբկահարումները, որ ունեին, թե ով կա հեղինակավոր միջազգային կառույցներից, որ կասկածի տակ է դնում ՀՀ-ում քաղբանտարկյալների բացակայությունը, արդեն կարող ենք ասել, որ դա իրողություն է։ Միջազգայնորեն կասկածի տակ է դրվում, մտահոգություն են արտահայտում այն մասին, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ կան»։
Հարցին՝ հնարավո՞ր է Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրանքի վերաորակում լինի, Տաթևիկ Սողոյանը պատասխանեց․ «Ինձ թվում է այլևս ակնհայտ է։ Նույնիսկ այս աղավաղված դատական համակարգում բացառում եմ, որ կարող է ինչ-որ մի տրամաբանությամբ այս ամենի արդյունքում կայացվել մեղադրական դատական ակտ՝ ահաբեկչության մեղադրանքով»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն փաստին, որ Արեգնազ Մանուկյանն իր դստեր հետ տեսակցության հնարավորությունից զրկված է, Տաթևիկ Սողոյանն ասաց․ «Օգոստոսի 19-ին լրանում է Արեգնազ Մանուկյանի աղջկա 14-ամյակը, նա դստերն անգամ հեռախոսով շնորհավորելու հնարավորություն չունի»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































