Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Մեզ ներկայացվող պահանջները և Հայաստանի ներսից գեներացվող խնդիրները ճակատագրական և ողբերգական հետևանքների կարող են հանգեցնել. Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան

Օգոստոս 14,2026 10:18 Share

ԱԺ ընտրությունների արդյունքները ոչ թե հնարավորություններ ստեղծեցին մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու կամ դրանց հետևանքները թուլացնելու համար, այլ խորացրեցին խնդիրները և առաջացրեցին նոր մարտահրավերներ, որոնք գոյաբանական նշանակություն ունեն։

Այս ընտրությունները և վարվող ներքին, արտաքին քաղաքականությունը նվազեցրեցին ՀՀ անկախության և միջազգային հարաբերություններում մեր սուբյեկտայնության մակարդակները։

Մեզ ներկայացվող պահանջները և Հայաստանի ներսից գեներացվող խնդիրները ճակատագրական և ողբերգական հետևանքների կարող են հանգեցնել։
Դրսի տարբեր շրջանակներից (Թուրքիա, Ադրբեջան, ԵՄ և այլն) մեզ պարտադրում են՝

1. ՀՀ սահմանադրության փոփոխություն և ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարում,

2. Սահմանագծման և սահմանազատման անվան տակ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումներ Ադրբեջանին («անկլավների» տեսքով),

3. Ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,

4. «Զանգեզուրի միջանցքի» հանձնում,

5. Ամբողջական հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից,

6. Հայաստանի դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա,

7. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքար՝ հոգևոր և համահայկական այդ կառույցի կազմաքանդման նպատակով,

8. Արցախցիների վերադարձի իրավունքի բացառում,

9. Հրաժարում Արցախի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ միջազգային հայցերից,

10. Մեծամորի ատոմակայանի փակում,

11. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերում,

12. ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դե յուրե հեռացում,

13. Հայ-ռուսական հարաբերությունների թշնամացում՝ ուկրաինական և մոլդովական տարբերակների տեղական դրսևորումներով (նաև՝ Սահակաշվիլու կառավարման ժամանակահատվածի վրացական տարբերակով),

14. Հակաիրանական քաղաքականության իրականացում,

15. Հայաստանի անվտանգային ճարտարապետության փլուզում՝ առանց իրական այլընտրանքների և երաշխիքների,

16. Հայաստանի երկաթգծի օպերատորի փոփոխություն՝ հանձնելով թուրքական աշխարհի երկրների ներկայացուցիչներից մեկին։

Ներքին քաղաքականությամբ պայմանավորված մարտահրավերներն են (դրանց մի մասը նաև դրսից են հրահրվում)՝

1. Ներհասարակական պառակտումը և ատելության մթնոլորտի ձևավորումը,

2. Քաղաքական հետապնդումները, «դատաիրավական» գործիքներով այլակարծության ոչնչացումը, քաղբանտարկյալների աննախադեպ քանակը։

3. Դատաիրավական համակարգի գրեթե 100-տոկոսանոց կախվածությունը գործադիր իշխանության պարագլխից,

4. ԱԺ ընտրություններից հետո ձևավորվելիք «նոր» գործադիր իշխանության ոչ լեգիտիմությունը,

5. Օրենսդիր մարմնի ոչ լեգիտիմությունը (ընտրությունները «պաշտոնապես» և ուղիղ եթերում կեղծվել են),

6. Մասնավոր սեփականության կոպիտ և ապօրինի վերաբաշխումը, նեոբոլշևիկյան խաղի կանոնների հաստատումը, սեփականության ինստիտուտի ոչնչացումը, «պետական» ռեկետը, ամբողջատիրական (տոտալիտար) իշխանական համակարգի ձևավորումը,

7. Հայ-ռուսական հարաբերություններում դիվանագիտական և տնտեսական պատերազմի խորացումը՝ ՀՀ-ի համար տնտեսաքաղաքական և անվտանգային լրջագույն հետևանքներով,

8. ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վատացումը,

9. Գազի գնի հնարավոր թանկացումը և էներգետիկ ճգնաժամի ուրվագծումը,

10. Սպառողական վարկերի ծավալների առաջանցիկ տեմպերի ավելացմամբ պայմանավորված՝ բանկային ոլորտում վարկային ճգնաժամի հեռանկարը,

11. Գյուղատնտեսական ոլորտի կաթվածահար վիճակը,

12. Պետական կառավարման համակարգի կոռումպացվածությունը և պետական կառավարման ցածր որակը,

13. Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հավանականության մեծացումը,

14. Հայաստանն առանց դաշնակիցների թողնելն ու ՀՀ-ն «Պրահա-2» տարբերակով Արցախի ճանապարհով տանելը։

Ներքին և արտաքին գործոններով պայմանավորված մարտահրավերների և խնդիրների մեծ մասը սուբյեկտիվ ծագում ունեն։ Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները դեռևս կարող են շտկել իրավիճակը և հաղթահարել մարտահրավերները։ Բայց պետք է իմանալ, որ ունենք ժամանակի սղության խնդիր։ Հետևաբար՝ պետք է ռացիոնալ օգտագործել ժամանակի ռեսուրսը՝ հանրային լայն համախմբում և դիմադրողականություն ապահովելու համար։ Մենք այդ պոտենցյալն ունենք։ Ես հավատում եմ, որ կարողանալու ենք իրացնել այդ պոտենցյալը։ Դա քաղաքական խնդիր է, և այդ խնդիրը քաղաքական դաշտում պետք է լուծվի։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
13.08.2026 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31