«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն մտահոգություն է հայտնում 2026 թվականի հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանում ներդրված ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի կիրառման ընթացքում արձանագրվող զանգվածային իրավախախտումների վերաբերյալ։
Ըստ քաղաքացիների ահազանգերի՝ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնների աշխատողները հրաժարվում են օգնել քաղաքացիներին դիմումները լրացնելու հարցում համապատասխան հրահանգի պատճառով։ Սա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի կոպտագույն խախտում է, որը վարչական մարմնին պարտավորեցնում է պարզաբանումներ տալ անձանց իրավունքների վերաբերյալ, օժանդակել դիմումի ձևակերպմանը և հնարավորության դեպքում՝ նաև կազմել դրանք։ Պետական ծառայողին արգելելն օգնել քաղաքացուն իր իրավունքների իրացման հարցում հակաօրինական է և պետք է դառնա լուրջ հետաքննության առարկա, իսկ որոշումը կայացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Համակարգի ամբողջական թվայնացումը հաշվի չի առնում այն անձանց կարիքները, որոնք չունեն սմարթֆոն, համակարգիչ, աջակցող տեխնոլոգիաներ, հասանելիություն ինտերնետին կամ սոցիալական կապեր։ ՄՍԾ կենտրոնների կողմից մերժում ստանալով՝ քաղաքացիներն ուղղորդվում են մասնավոր համակարգչային կամ պատճենահանման կենտրոններ, որտեղ դիմումն իրենց փոխարեն լրացնելու համար վճարում են 5,000-10,000 դրամ։ Սա ոչ այլ ինչ է, քան աղքատության «հարկ», որը ձևավորվել է ՄՍԾ կենտրոնների անգործության և ուղղորդված մերժումների արդյունքում:
Մենք վերահաստատում ենք մեր նախկինում բարձրաձայնած դիրքորոշումը, որ քաղաքացիներին եկամուտներ (այդ թվում՝ գոյություն չունեցող) վերագրելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ստեղծում է «մեղավորության կանխավարկած»՝ անձին ստիպելով ապացուցել եկամտի բացակայությունը։ Միևնույն ժամանակ, համոզված ենք, որ հաշմանդամության նպաստը չպետք է դիտարկվի որպես եկամուտ։ Այն տրվում է հաշմանդամությամբ պայմանավորված հավելյալ ծախսերը հոգալու համար և չի կարող հիմք դառնալ ընտանիքին անապահովության նպաստից զրկելու համար։
ՄԵՐ ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ՝
Վերականգնել թղթային դիմումների ընդունման հնարավորությունն այն անձանց համար, որոնք չեն տիրապետում թվային գործիքներին կամ նախընտրում են հենց այդ եղանակը։
Դադարեցնել հակաօրինական հրահանգները և դրանց կատարումն անկախ նրանից, թե ով է հրահանգողը։ ՄՍԾ աշխատողները պարտավոր են տեղում աջակցել և լրացնել դիմումները քաղաքացիների փոխարեն՝ ըստ օրենքի պահանջի։ Պետական համակարգը պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե դառնա գործիք՝ աղքատության դեմ պայքարելու փոխարեն աղքատների դեմ պայքարելու համար։
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ՝
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ օր առաջ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ անապահովության գնահատման համակարգի եկամուտների վերագրման վերաբերյալ դրույթների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իրականացնել համալիր ուսումնասիրություն՝ գնահատելու պաշտոնատար անձանց գործողությունների (անգործությունը) համապատասխանությունը հանրային շահին և բացահայտելու մասնավոր վճարովի ծառայությունների ուղղորդման գործընթացում առկա շահերի բախման և համակարգային կոռուպցիոն ռիսկերը:
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր, Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինքի պատգամավորներին՝ իրականացնել իրենց վերահսկողական գործառույթը, ինչպես նաև փոփոխություններ նախաձեռնել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում՝ վերացնելով մարդու արժանապատվությունը ոտնահարող դրույթները:
ԶԼՄ-ներին՝ ակտիվորեն լուսաբանել այս խնդիրները՝ հաշվի առնելով, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք չունեն իրենց ձայնը բարձրացնելու հավասար հնարավորություն։
Միջազգային դերակատարներին՝ լրջորեն գնահատել բարեփոխման մարդու իրավունքների հետ կապված խնդիրները և դադարեցնել աջակցությունը բարեփոխմանը, եթե չնախաձեռնվեն հրատապ փոփոխություններ։
Քաղաքացիներին՝ փաստագրել իրավունքների խախտման դեպքերը և ակտիվորեն դիմել իրավապաշտպան կազմակերպություններին։
Մենք շարունակելու ենք օգտագործել իրավական բոլոր միջոցները այս հակամարդկային գործընթացը վիճարկելու և հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը պաշտպանելու համար։
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ


















































