«Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Իմիջիայլոց, ուրիշ ընտրություն էլ կա: Մենք երկուսը նշում ենք, բայց կա երրորդ ընտրությունը. կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են: Կարող է երրորդ տարբերակ էլ լինել: Իհարկե, ասում եմ, որ ԵԱՏՄ հայտնի ղեկավարի ասածը նման դեր ունեցել է, բայց խնդիրն այն չէ, որ մի քաղաքական գործիչ մի բան է հայտարարել, ՀՀ-ն էլ դրան արձագանքում է այսպես, ինչպես ընդունված է ասել, overreact է անում: Խնդիրն այդ երևույթը չէ:
Խնդիրն այդ երևույթի տակ ընկած ընկալումն է, որ ի վերջո մենք, հարգելի՛ գործընկերներ, պե՞տք է իրար աչքերի մեջ նայենք և ասենք այն, որ ինչ Բելառուսի նախագահն ասել է, ԵԱՏՄ անդամ մի շարք երկրների ընկալումն է ՀՀ-ի մասին, խոր ինստիտուցիոնալ ընկալումը, և դա անհարգալից ընկալում է: Այդ ընկալումն ինչի՞ վրա է հիմնված եղել. այդ ընկալումը հիմնված է եղել այն բանի վրա, որ, դե, Ղարաբաղի կոնֆլիկտը կա, Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կա, Թուրքիայի հետ կոնֆլիկտը կա, այդ թշնամություններն անհաղթահարելի են, ուրեմն իրենք փախչելու տեղ չունեն: Իրենց ոնց ուզենք, այնպես կարող ենք վերաբերվել: Բա ինչո՞ւ է այս խոսակցությունը բացվել խաղաղության միջավայրում և խաղաղության պայմաններում:
Բա որ ասում էի՝ Ղարաբաղի հարցը լծակ էր, պարան էր, թոկ էր կամ թակարդ էր (ես բառերն ասացի), բա ի՞նչ նկատի ունեի. հենց սա նկատի ունեի: Հայաստանի ժողովուրդն ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ:
Կարդացեք նաև
Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Կընտրի՞ ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի՞ ԵՄ-ն, կլինենք ԵՄ, բայց այդ ընտրությունը պետք է հասունացած լինի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն խաչմերուկ է Հարավային Կովկասի հետ:
Ճեպազրույցն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































