ԱԺ նիստում վիճաբանություն տեղի ունեցավ ՔՊ-ական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։ Երբ «ՈւԺեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը եզրափակիչ ելույթ ունեցավ, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փորձեց պատասխանել նրան։
Մանրամասները՝ տեսանյութում.
«Ուզում եմ մի քանի նկատառում անել Արեգա Հովսեփյանի ելույթի հետ կապված»,- ասաց նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը։ Սակայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից ասացին, որ իրավունք չունի պատգամավորի ելույթին արձագանքել։
Կարդացեք նաև
Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին հայտարարում է նախազգուշացում։ Միջամտեց պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Վահագն Ալեքսանյանը փորձեց լռեցնել Ղազինյանին, այնուհետեւ հայտարարեց, որ պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Երբ լեզվակռիվը շարունակվեց, Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում գտնվելու իրավունքից։
«Դո՛ւրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան»,- ասաց Ալեքսանյանը։
Դավիթ Ղազինյանը հրաժարվեց դուրս գալ։ «Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս հանեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։
Անվտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ, Դավիթ Ղազինյանը եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Անհամաձայնություն ենք հայտնում այն որոշման հետ, որը կիրառվել է պարոն Ղազինյանի նկատմամբ։ Պարոն Ղազինյանի մեկնաբանությունը տեղին էր, որովհետեւ ԱԺ փոխնախագահը պետք է նիստը վարի, նա վարման կարգով կարող է խոսել, ոչ թե խմբակցության անունից մեկնաբանել ամեն ելույթ, ընդհատել։ Նկատել ենք, որ ոչ միայն ինքը, նաեւ մյուս փոխխոսնակը եւս պարբերաբար նիստը վարելու փոխարեն մեկնաբանում են բովանդակությունը՝ որպես ՔՊ պատգամավոր»։
ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանն էլ լրագրողներին ասաց․ «Պարոն Ղազինյանը պարզապես այդ պահին արձագանքեց Ալեքսանյան Վահագնի կողմից նիստը վարելու կարգից շեղվելուն, եւ դա առաջացրեց նիստերի դահլիճից հեռացման կարգապահական պատասխանատվության միջոցի։ Նման կարգապահական պատասխանատվության միջոց, օրինակ, Չախոյան Տարոնի նկատմամբ չի կիրառվել։ Ավելին, նիստը վարողը մեկնաբանելու, ելույթի հետ կապված շարունակություն ապահովելու որեւէ լիազորություն չունի»։
ԱԺ նիստում ելութ ունեցավ Վահագն Ալեքսանյանը եւ ասաց, որ ուզում է քաղաքացիներին պարզաբանել, թե ինչ տեղի ունեցավ։
«ԱԺ Կանոնակարգ օրենքը նիստը նախագահողին տալիս է լիազորություններ, եւ այդ լիազորությունները կիրառելի են։ Այդ լիազորությունները նախատեսված չեն որեւէ մեկին նսեմացնելուն կամ վիրավորելուն, բայց հազար ներողություն, երբ պատգամավորի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում եւ ասվում է՝ լռեք, բայց հարգելի պատգամավորը տեղից ասում է՝ չեմ լռի, ես էլ ձեզ եմ նախազգուշացում հայտարարում, դրան հաջորդում է հաջորդ կարգապահական տույժը, դրան էլ հաջորդում է հաջորդ տույժը՝ դահիլճից հեռացում։ Երբ պատգամավորն ասում է՝ ես երբ կուզեմ, այն ժամանակ դահլիճից դուրս կգամ, այն ժամանակ նիստը նախագահողը պետք է ցույց տա, որ դա այդպես չէ»,- ասաց Ալեքսանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































