«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար մենք չպետք է դա թույլ տանք իրեն»,- դատական նիստից առաջ ճեպազրույցում ասաց «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն արտահայտությանը, թե թևակոխել ենք 4-րդ հանրապետություն։ Սամվել Կարապետյանն ասաց, որ վտանգ է տեսնում այդ համարակալման մեջ։ Նա ընդգծեց, որ չի ընդունում հողերը հանձնելով հանրապետություններ հռչակելը։
Ինչ վերաբերում է Փաշինյանին հեռացնելու իր գաղտնի պլանին, այս մասին էլ ասաց, որ այդ պլանի հետ կապված այլ ուժերի հետ հանդիպումներ անհրաժեշտ չեն. «Մենք էլ ունենք գաղտնի պլան Փաշինյանին հեռացնելու, ինքն էլ ունի գաղտնի պլան… Արդյունքները շուտով կերևան»։
ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանին Ալեն Սիմոնյանով փոխարինելու մասին էլ ասաց. «Ինքն այլևս պետք չի եկել, իրեն նշանակել են ԱԽՔ … Հիմա եթե այդ որակն իրեն դուր է գալիս, թող աշխատի»։
Կարդացեք նաև
Ուժեղ Սփյուռքի մասին ՔՊ-ական քննարկումների վերաբերյալ Սամվել Կարապետյանը նշեց. «Իրենք դրսի թելադրանքով ամեն ինչ անում են, որ մեր Սփյուռքը աջակցություն չունենա, իր մասնակցությունը չունենա Հայաստանի քաղաքական կյանքում, իրենց թվում է, իրենք այդպես ավելի երկար կվայելեն, բայց սխալվում են»։
Ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլի, Հայ առաքելական եկեղեցուն և այս իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավին էլ անդրադարձ եղավ։ Սամվել Կարապետյանը Եկեղեցու դեմ արշավը և Վեհափառին դատարան կանչելը համաշխարհային ամոթ որակեց։ Ինչ վերաբերում է ՔՊ-ական իշխանությունների եկեղեցու բարենորոգման և Վեհափառին հեռացնելու ծրագրին, այս մասին էլ ասաց. «Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգել, իրենց պլաններով հազիվ դա հասցնեն… Փառք Աստծո, մնացածը չեն հասցնի»։
Հարցին՝ հետևո՞ւմ է ԱԺ նիստերին, արդյոք Էդգար Ղազարյանը խախտել էր բարեվարքության կանոնները, նա այսպես արձագանքեց. «Էդգար Ղազարյանը տաղանդավոր քաղաքական գործիչ է, դուք ամեն օր դա տեսնում եք և կտեսնեք»։ Թիմի աշխատանքն էլ լավ գնահատեց։
Դատական նիստն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































