Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի նպատակն է՝ Տիգրանաշենը տանք, պրծնենք, մենք էլ Ֆեստիվառներ անենք․ Արթուր Խաչատրյան

Օգոստոս 20,2026 19:00 Share

«Չգիտեմ՝ ինչու է Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրել սինոպտիկի պարտավորություններ և Կասպից ծովի՝ բարձրանալու և նվազելու մասին խոսում։ Այսօր Կասպից ծովը նվազում է, հետո ի՞նչ։ Եվ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն այլ խնդիր չունի, քան Ադրբեջանի տարածքի փոփոխությունների մասին խոսե՞լը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, որ ինքը հայ ազգի, հայ ժողովրդի շահերի հետ որևէ առնչություն չունի»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արված հայտարարություններին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը դարձյալ ադրբեջանական անունով՝ Քյարքի անվանեց և ասաց, թե այն «Հայաստանի տարածք չէ»։ Այս առիթով Արթուր Խաչատրյանն ասաց․ «Տիգրանաշենը ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն։ Հասկանում եք, չէ՞, եթե ադրբեջանցիները գան ու Տիգրանաշենում ռազմական բազա դնեն, ի՞նչ է տեղի ունենալու։ Եթե հանկարծ ռազմական հենասյուն հայտնվի ՀՀ մեջտեղում, ի՞նչ է լինելու ՀՀ-ի հետ»։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ է նշանակում, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Քյարքի անվանումը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Ինքը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն այդ տարածքի վրա։ ՀՀ-ի կենտրոնում ադրբեջանական տարածքը կենսական ռիսկ է։ Նիկոլ Փաշինյանի միակ նպատակն է՝ տանք, պրծնենք, Ադրբեջանի հետ հարցերը լուծենք, իրենց բարեգթության վրա հույս դնենք, մենք էլ այստեղ ֆեստիվառներ անենք։ Մենք ասում ենք՝ չի եղել աշխարհում մի դեպք, երբ դիմացինի բարեգթությունը երաշխավորում է քո խաղաղությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել