Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Արմեն Ֆերոյան. «Կարող է տեսուչները գալիս, ասում են, «Հարգելի դատախազ կամ դատարան, այսինչ պաշտոնյան զանգեց և մեզ հորդորեց, որ նման ապօրինի ձևակերպում օգտագործենք»

Օգոստոս 20,2026 21:12 Share

Հակակոռուպցիոն դատարանում ազգային մեծ բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստում Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արշակ Վարդանյանը նշեց, որ հանրային մեղադրողի խոսքում ներքին հակասություն կա՝ կապված ստուգող տեսուչներին հարցաքննության հրավիրելու հետ։ Եվ իրենք իրենց հիմնավորման հիմքում դրել են այն փաստարկները, որոնց պարզումը, ստուգումը հնարավոր չէ առանց ակտիվ ուսումնասիրման, հետազոտության, առանց ստուգողներին դատարան հարցաքննության հրավիրելու, ինչից հետո բավականին հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալու։

Փաստաբանը խնդրեց նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին այս միջնորդությունը բավարարել։

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ հավելեց, որ հանրային մեղադրողի համառ փորձերը՝ անել ամեն ինչ, որպեսզի տեսուչները գոնե այս փուլում չընդգրկվեն վկաների ցանկում, իր մեջ ավելի է ամրապնդում նրանց հարցաքննելու անհրաժեշտությունը։

Սամվել Կարապետյանի մյուս պաշտպանը՝ Արմեն Ֆերոյանը, հիմնավորելով այս հարցում իր դիրքորոշումը, ասաց, որ պաշտպանության կողմն իրոք շատ կարևորում է ստուգող տեսուչների հարցաքննության հարցը և նախորդ դատական նիստի ժամանակ էլ է ինքն իր տեսակետը արտահայտել։ Նրա խոսքով, այս գործն ունեցել է նախապատմություն դեռևս խափանման միջոցների քննարկման նիստերում, երբ որ իրենք մշտապես հարցեր բարձրացրել են, թե ինչից է վերցվել, որ պարտքը ներվել է, այլ ոչ թե զիջվել։ Եվ մշտապես վկայակոչվել է ստուգման ակտ հասկացությունը։

«Հիմա, ի վերջո, մենք ուզում ենք այդ ստուգողներին կանչել ու ասել. «Ընկերներ, երբ որ այդ փաստաթղթում գրված է ոչ թե «ներում», այլ «զիջում», դուք ինչի՞ց ելնելով այստեղ գրեցիք «ներմանը» վերաբերող տարրեր, վերլուծություն կատարեցիք և եկաք այն եզրահանգման, որ իբր թե տեղի է ունեցել հարկային չարաշահում, դա տվեցիք դատախազության կամ վարույթն իրականացնող մարմնի ձեռքը, իրենք էլ Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք առաջադրեցին։

Այս գործը ծնվել է հենց այստեղից։ Եթե ստուգողները չտային, որ տեղի է ունեցել հարկային չարաշահում, այս գործի մասին խոսք ընդհանրապես չէր կարող լինել։ Հետևաբար խոսել, որ այդ մարդկանց բերել-հարցաքննելը գուցե նաև ավելորդություն է, ես գտնում եմ, որ մեղադրող կողմի տեսակետը խիստ անընդունելի է, որովհետև այս գործի առանցքային հիմքը դա է։

Ես համոզմունք ունեմ, որ այդ մարդկանց պետք է կանչենք, դատարանում հարցաքննենք և փորձենք հասկանալ, որ եթե փաստաթղթում գրված է «պարտքի զիջում», իրենք ինչի՞ են գրել «պարտքի ներում» ու մարդկանց գցել այս թյուրիմացության մեջ։ Ու այդքան ժամանակ պարոն Կարապետյանը, ես ինձ թույլ եմ տալիս այդպես արտահայտվել, գտնվում է ակնհայտ ապօրինի անազատության մեջ թե բանտային, թե տնային կալանքի ռեժիմով։

Նախորդ նիստում էլ եմ ասել. կարող է այդ մարդիկ գալիս ու ասում են. «Հարգելի դատախազ կամ հարգելի դատարան, այսինչ պաշտոնյան զանգեց և մեզ հորդորեց, որ նման ապօրինի ձևակերպում օգտագործենք, դիտարկենք, որ դա պարտքի ներում է և ոչ թե զիջում»,- ասաց Ֆերոյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել