Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ այս քրեական գործերը ինձ հետ ոչ մի կապ ու առնչություն չունեն, դրա համար ես ցուցմունք չեմ տա». Սամվել Կարապետյան

Օգոստոս 20,2026 23:00 Share

ՀԿԴ-ում ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստում նախագահող Վահե Դոլմազյանը հետաքրքրվեց, թե մեղադրյալները նախնական դատալսումների փուլում ցուցմունք տալու մտադրություն ունե՞ն, թե ոչ, և ստացավ բացասական պատասխաններ։

Մասնավորապես, Սամվել Կարապետյանն ասաց. «Քանի որ այս քրեական գործերը ինձ հետ ոչ մի կապ ու առնչություն չունեն, դրա համար ես ցուցմունք չեմ տա»։

Դատարանն արձանագրեց մեղադրյալների պատասխանները, սակայն նաև պարզաբանեց, որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ապացույցների հետազոտման ընթացքում մեղադրյալը ցանկացած պահի իրավունք ունի ցուցմունք տալու ցանկություն հայտնել։

Այնուհետև, Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմից Արշակ Հակոբյանը ևս մի քանի միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Մասնավորապես, որ դատարանը ճկուն իրավաբանություն կիրառի և թույլատրի դատական նիստերն անցկացնել առանց Սամվել Կարապետյանի մասնակցության, առավել ևս, որ նա ունի փաստաբաններ։

Դատարանը մերժեց միջնորդությունը, ինչի առիթով պաշտպանն Aravot.am-ին մեկնաբանեց, որ թեև մերժումն անհիմն չէր, սակայն դատարանն այնուամենայնիվ կարող էր չմերժել։

Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր նրան, որ դատարանը, ի վերջո, պարզեր, թե ինչու է իր պաշտպանյալին շարունակում ոստիկանությունը տնից ուղեկցել դատարան և անպայման կալանավայրերում գտնվող դատապարտյալների համար նախատեսված հատուկ մեքենայով այն պարագայում, որ այժմ ոստիկանությունը պետք է որ չունենա այն ծանրաբեռնվածությունը, ինչ մի որոշ ժամանակ առաջ։ Դատարանը նշեց, որ այդ հարցը լրացուցիչ կարգով կպարզաբանի։

Հաջորդ երկու միջնորդությունները վերաբերում էին անձնագրերի պատճեները Սամվել Կարապետյանին տրամադրելուն և լիազորագրեր կնքելու թույլտվություններ տալուն, ինչը կապված է արտերկրում նրա բիզնեսների՝ քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու հետ։ Դատարանը որոշում կայացնելը հետաձգեց, մինչև պաշտպանության կողմը որոշ հարցեր ճշտի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել