Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Հարութ Սասունյան

Օգոստոս 25,2026 23:45 Share

Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ «Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելը զորք է ուղարկել Ադրբեջան» հոդվածի համար։

Վկայակոչելով անանուն աղբյուրներ՝ CNN-ը 2026 թվականի հունիսի 5-ին հաղորդել է, որ Ադրբեջանում գտնվող իսրայելական ուժերը «բաղկացած են եղել մի քանի տասնյակ զինծառայողներից, այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողությունների ուժերից, նրա էլիտար ուղղաթիռային մարտական ​​և փրկարարական ստորաբաժանումներից և «Մոսադի» անձնակազմից»։

CNN-ը հայտնել է, որ իրեն տեղեկացրել են, թե Իրանի սահմանի մոտ՝ Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի ռազմաբազաներում տեղակայված իսրայելական խմբերն իրականացրել են հետախուզական տվյալների հավաքագրում և անօդաչու թռչող սարքերի գործողություններ, ինչպես նաև պատրաստության են բերել դիրքեր, որոնք կարող էին աջակցել օդային փրկարարական առաքելություններին՝ Իրանի օդային տարածքում իսրայելցի օդաչուների խոցման դեպքում։

CNN-ը հաղորդել է, որ Իսրայելն ամիսներ է ծախսել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով հետախուզական ենթակառուցվածքներ նախապատրաստելու համար՝ նախքան ռազմական գործողությունների սկսվելը։ Լրատվական ցանցի վկայակոչած աղբյուրների համաձայն՝ իսրայելցի գործակալները 2026 թվականի սկզբին սահմանամերձ հատվածում տեղադրել են տեսահսկման և հետախուզական տվյալների հավաքագրման սարքավորումներ, ինչն արտացոլում էր Իսրայելի մտավախությունները, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական ջանքերն ի վերջո ձախողվելու են։

CNN-ը նաև հաղորդել է, որ Իսրայելի հետ այս հարաբերությունները «Ադրբեջանին հնարավորություն են տալիս օգտվել կարևորագույն դիվանագիտական ​​ռեսուրսից, ըստ «Ճգնաժամային խմբի» ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերայի՝ դա Բաքվին թույլ է տալիս օգտագործել Իսրայելի լոբբին Վաշինգտոնում»։

CNN-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանից իրականացված հիմնական գործողություններից մեկը 2026 թվականի մարտի 4-ին Ռահման Մողադամի սպանությունն էր, որը ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ստորաբաժանումը։

CNN-ի հոդվածում ընդգծվել են Իսրայելի և Ադրբեջանի միջև ձևավորված երկարամյա ռազմավարական հարաբերությունները: Բաքուն ապահովում է Իսրայելի նավթի ներմուծման 40 տոկոսը, մինչդեռ Իսրայելն Ադրբեջանին մատակարարում է նրա ժամանակակից սպառազինության 70 տոկոսը: Նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի հարաբերություններն Իսրայելի հետ համեմատել էր սառցաբեկորի հետ, որի 90 տոկոսը թաքնված է ջրի տակ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, և երկու երկրները լայնամասշտաբ համագործակցություն են ծավալել պաշտպանության, հետախուզության և էներգետիկայի ոլորտներում։

Ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Ադրբեջանը հրապարակայնորեն չեն ընդունել Իրանի դեմ պատերազմին առնչվող որևէ ռազմական համագործակցություն՝ իրենց գոյություն ունեցող պաշտպանական հարաբերություններից դուրս: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան խոսնակը հերքել է CNN-ի հաղորդումը։ «Մենք կտրականապես մերժում ենք անհիմն պնդումներն այն մասին, թե իբր Ադրբեջանի տարածքն օգտագործվում է երրորդ երկրների դեմ գործողությունների համար», CNN-ին ուղղված հայտարարության մեջ նշել է դեսպանատունը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը CNN-ի հաղորդումը որակել է «լիովին անհիմն» և մի քանի անգամ կոչ է արել հեռացնել հոդվածը: CNN-ը մերժել է Ադրբեջանի պահանջը: «Մենք հավատարիմ ենք մեր հաղորդմանը», պնդել է CNN-ի խոսնակը: Հատկանշական է, որ Իսրայելի վարչապետի աշխատակազմը և Իսրայելի պաշտպանության բանակը չեն արձագանքել CNN-ի հարցմանը:

2026 թվականի օգոստոսի 17-ին Ադրբեջանի կառավարությունը դատական​​հայց է ներկայացրել ԱՄՆ Դելավեր նահանգի շրջանային դատարան՝ ընդդեմ CNN-ի՝ ներկայացնելով երկու մեղադրանք.

Առաջին մեղադրանք՝ զրպարտություն – Ադրբեջանը հայտարարել է, որ CNN-ն անտեսել է իր հերքումները և ցուցաբերել է համակարգված կողմնակալություն։ Այն նաև պնդել է, որ CNN-ն իր հոդվածը պատրաստել է «ակնհայտ չարամտությամբ», այսինքն՝ գիտակցելով, որ իր հայտարարությունները կեղծ են, կամ անփութորեն արհամարհելով ճշմարտությունը։

Երկրորդ մեղադրանք՝ դիտավորյալ վնասի պատճառում – Առանց արդարացման կամ հիմնավորման, CNN-ը դիտավորյալ վնաս է հասցրել Ադրբեջանին, ինչը հանգեցրել է ֆինանսական կորստի։

Ադրբեջանի դատական ​​հայցում լրատվական ցանցը մեղադրվել է «Ադրբեջանի հեղինակությանն անչափելի վնաս հասցնելու և Ադրբեջանի քաղաքացիներին վտանգի ենթարկելու մեջ …․ CNN-ի անպատասխանատու լուսաբանումը սպառնում էր Ադրբեջանին ներքաշել պատերազմի մեջ …. Այս առնչությամբ CNN-ի պնդումներն ապացուցելիորեն և  գիտակցաբար կեղծ են և ակնհայտորեն սրում են աշխարհաքաղաքական լարվածությունն առանց այն էլ պայթյունավտանգ տարածաշրջանում»։

Ադրբեջանը խնդրել է դատարանին «կայացնել վնասի փոխհատուցման որոշում [ընդդեմ CNN-ի]՝ դատաքննության ընթացքում սահմանվելիք չափով, հաշվարկել դատավճռին նախորդող և հաջորդող տոկոսագումարները, կարգադրել CNN-ին հրապարակել զրպարտչական նյութի լիակատար, ակնհայտ և միանշանակ հերքում, կարգադրել CNN-ին հեռացնել զրպարտչական նյութն իր կայքից, տպագիր հրատարակություններից, սոցիալական ցանցերի էջերից և CNN-ի վերահսկողության տակ գտնվող բոլոր թվային արխիվներից, ինչպես նաև տրամադրել այնպիսի հավելյալ փոխհատուցում, որը դատարանը կհամարի արդար և պատշաճ»։

Հետաքրքիր է, որ իսրայելական ուժերի ներկայության մասին նմանատիպ հրապարակումներ միջազգային լրատվամիջոցներում հայտնվել են տարիներ շարունակ, սակայն անհայտ պատճառներով Ադրբեջանի կառավարությունը դատական ​​հայց չի ներկայացրել այդ կազմակերպություններից որևէ մեկի դեմ: 2012 թվականին «Foreign Policy»-ում հրապարակված ծավալուն հոդվածում Քվինսի ինստիտուտի փորձագետ Մարկ Փերին գրել էր, որ Ադրբեջանը «Իսրայելի գաղտնի հենակետն» է Իրանի դեմ:

CNN-ի դեմ Ադրբեջանի ներկայացրած դատական ​​​​հայցում առկա են մի քանի բարդ իրավական հարցեր.

1) Արդյոք Ադրբեջանը, որպես օտարերկրյա պետություն, իրավո՞ւնք ունի ԱՄՆ դատարանում հայց ներկայացնել ամերիկյան լրատվական կազմակերպության դեմ՝ քննադատական ​​​​հոդված հրապարակելու համար։

2) Արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է ապացուցել, որ CNN-ը գործել է «ակնհայտ չարամտությամբ», ինչը նշանակում է, որ նա հրապարակել է հոդվածը՝ իմանալով, որ այն կեղծ է և անփութորեն արհամարհելով ճշմարտությունը։

3) Արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է դիմել դատարան՝ պահանջելով CNN-ից բացահայտել իր գաղտնի լրագրողական աղբյուրները։

4) Արդյոք Ադրբեջանի դատական ​​հայցը խախտո՞ւմ է CNN-ի՝ ԱՄՆ Սահմանադրության Առաջին բարեփոխմամբ երաշխավորված խոսքի և մամուլի ազատության իրավունքը։

5) Զրպարտության վերաբերյալ հայցապահանջում Ադրբեջանը պետք է կարողանա ապացուցել ոչ միայն, որ CNN-ի հաղորդումը կեղծ էր և հրապարակվել էր չարամտությամբ, այլև, որ առավել կարևոր է, Բաքուն CNN-ի հոդվածի հետևանքով կրել է փաստացի ֆինանսական կորուստ։

Այս դատական ​​​​հայցի ամենամեծ հնարավոր ցնցիչ մասը CNN-ի կողմից՝ Ադրբեջանի և Իսրայելի գաղտնի ներքին փաստաթղթերը դատարանի միջոցով պահանջելու կարողությունն է, որպեսզի բացահայտի, թե ինչ ռազմական համաձայնագրեր են նրանք ստորագրել միմյանց հետ: Եթե ​​դատավորը հաստատի նման ծանուցագրի տրամադրումը, Ադրբեջանը կարող է հանգել այն եզրակացության, որ իր շահերից է բխում հայցի հետ վերցնելը, քան ռիսկի դիմել՝ բացահայտելու Իսրայելի հետ իր գաղտնի ռազմական համաձայնագրերը: Այս առումով արտակարգ կարևորություն է ստանում նախագահ Ալիևի նկարագրությունն Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները՝ որպես սառցաբեկոր, որի 90 տոկոսը թաքնված է ջրի տակ։

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել