«Ուշադրությամբ կարդացել եմ ներկայացրած ծրագիրը, ուշադրությամբ լսում էի նաեւ ելույթը եւ հարցուպատասխանի ընթացքում հնչեցրած մտքերը։ Եվ եկել եմ այն եզրակացության, որ դուք շփոթվել եք այստեղ գալու հարցում։ Բացի նրանից, որ մենք կանոնակարգով հիմա այլ հարց պետք է քննարկեինք, եւ հիմա ձեր այստեղ գտնվելու օրը չէր, այդ ծրագրով, այդ ելույթով ու մտքերով՝ ես կարծում եմ, որ դուք պետք է ներկայանաք Քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննիչին։ Եվ մեր երկրում ձեզ ոչ թե պատգամավորները պետք է հարցեր տան, այլ հատկապես կարեւորագույն գործերով քննիչը, որովհետեւ ձեր ծրագիրը, ձեր հնչեցրած մտքերը, դատողությունները դրանք երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանադրական կարգի տապալման համալիր ամբողջություն են։ Եթե դա համադրենք նաեւ ձեր 8-ամյա գործունեության հետ, պատկերը կամբողջանա։
Սահմանադրության եւ կառավարության կառուցվածքի եւ գործունեության կարգի մասին օրենքի ո՞ր հոդվածն է ձեզ իրավունք տվել համարակալել մեր պետությունը, խոսել Երրորդ Հանրապետություն տապալելու, Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին կամ միջամտել կրոնական կազմակերպության ներքին կանոնական խնդիրներին։ Խնդրում եմ վկայակոչել հոդվածը, որն իրավունք է տալիս ձեզ՝ որպես հանրային ծառայողի, նման ոտնձգություն նախաձեռնել մեր պետականության եւ դրանց կարեւորագույն ինստիտուտների նկատմամբ»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նիկոլ Փաշինյանը դիմեց Էդգար Ղազարյանին․ «Եթե շփոթվածության մասին խոսենք, կարծում եմ ձեր մասին պետք է խոսենք, որովհետեւ ինչքան հասկացա՝ դեռ չեք կողմնորոշվել՝ դահլիճի որ հատվածում պետք է նստեք։ Այս տեմպերով որ գնա, հաջորդ անգամ, որ ես գամ, արդեն միջանցքում եք նստած լինելու»։
«Ես քննիչների հարցերին պատասխանում եմ, ավելին, ես Քննիչ հանձնաժողովի հարցերին եմ պատասխանել։ Ինչ վերաբերում է՝ ով, որտեղ եւ երբ է իրավունք տալիս, դա մեր նախընտրական ծրագիրն է եւ ժողովրդից ստացած մանդատը։ Եվ մենք քաղաքական խոսույթներ ենք ձեւավորում, որոնց նպատակը մեր պետության հարատեւությունն է»,- հավելեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Էդգար Ղազարյանը կրկնեց հարցը․ «Ո՞վ է ձեզ իրավունք տվել համարակալելու մեր պետությունը եւ կործանելու պետականությունը»։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ դուք պետք է ասեք, թե նախորդիվ շրջանում Սահմանադրության որ կետի համաձայն է օգտագործվել Երրորդ Հանրապետություն խոսույթը։ Եթե որեւէ քաղաքական կուսակցություն կամ որեւէ պատգամավոր ունի իրավունք Հայաստանի Հանրապետությունը Երրորդ Հանրապետություն անվանել, առավել եւս վարչապետը եւ կառավարող մեծամասնությունը, որը ժողովրդից մանդատ է ստացել, իրավունք ունի Չորրորդ Հանրապետություն անվանել»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































