ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ այսօր կայացել է 2027 թվականի Համահայկական ամառային իններորդ խաղերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Համահայկական խաղերի կազմակերպումը մեծածավալ աշխատանք է և պահանջում է ներգրավված բոլոր գերատեսչությունների համակարգված ու հետևողական համագործակցություն։ Նա մասնավորապես կարևորել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ ամենօրյա սերտ աշխատանքը՝ նշելով, որ խաղերը դարձել է մասշտաբային իրադարձություն։
«Պետք է մեծ ջանք գործադրենք, որպեսզի պատշաճ պատրաստվենք, և ամեն ինչ անցկացվի բարձր մակարդակով ու որակով։ 2023 թվականի խաղերին մասնակցել է 7161 մարդ, իսկ առաջիկա խաղերի դեպքում, հաշվի առնելով նաև մարզաձևերի ցանկն ընդլայնելու և առավել բազմազան ծրագիր ունենալու վերաբերյալ քննարկումները, մասնակիցների թիվը կարող է ավելի մեծ լինել»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։
Նրա խոսքով՝ որպես մրցումային միջավայր՝ խրախուսվում է նաև նորակառույց դպրոցների մարզադահլիճների դիտարկումը, եթե դրանք կհամապատասխանեն տվյալ մարզաձևի համար անհրաժեշտ չափանիշներին:
Կարդացեք նաև
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ օրերս Երևանում ավարտվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նստաշրջանը, որի ընթացքում քննարկված հարցերը հիմնականում վերաբերել են 2027 թվականի խաղերի կազմակերպմանը։ Խաղերը նախատեսվում է անցկացնել մարզերում, մասնավորապես՝ Գեղարքունիքում, Կոտայքում, Տավուշում:
Նիստում քննարկվել է նաև խաղերի ծրագրում նոր մարզաձևեր ընդգրկելու հարցը՝ համաձայն Համահայկական խաղերի կանոնակարգի։
Նոր մարզաձևերի վերաբերյալ ներկայացված առաջարկների թվում են տրիատլոնը, մարաթոնը, թեթև աթլետիկայի առանձին ձևերը, դարթսը, խոտի հոկեյը, ռեգբին, համակարգչային խաղերը, կանանց ֆուտբոլը, ժայռամագլցումը և փադելը։
Առանձնակի ընդգծվել է ֆեդերացիաների հետ աշխատանքի համակարգումը, անդրադարձ է եղել գույքային համալրումներին, մարզչական կազմին, ենթակառուցվածքների պատշաճ առկայությանը վերաբերող մի շարք հարցերի։
Անդրադարձ է եղել խաղերի ջահի տեղափոխման արարողակարգին՝ ընդգծելով, որ այն հյուրընկալող յուրաքանչյուր քաղաք պետք է անցկացնի առանձին միջոցառում:
Քննարկվել են նաև մասնակիցների բժշկական ծառայության, սննդի անվտանգության, ոստիկանական հերթապահության, տարածքային ենթակառուցվածքների հասցեագրման կամավորների ընդգրկման ապահովման և այլնի վերաբերյալ մի շարք հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































