Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԱԳԲԵԿՈ ՄԱՐՏԸ՝ ՋԵՔՍՈՆԻ ԵՐԳԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

Հուլիս 07,2009 00:00

Ճանաչված պրոումոթեր Դոն Քինգը որոշել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հիշատակը հարգել հուլիսի 11-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուում, որի գլխավոր իրադարձությունը լինելու է առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, գանացի Ջոզեֆ Ագբեկոյի միջեւ կայանալիք չեմպիոնական գոտու համար մենամարտը:

«Don King Producton» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, Ջեքսոնի հիշատակը հավերժացնելու համար կհնչի ռինգի ավանդական տասը գոնգ: Բացի դա, շոուի ընթացքում կհնչեն փոփ արքայի երգերը, կցուցադրվեն տեսաերիզներ: Մասնավորապես, Դոն Քինգը իր անձնական արխիվից հանելու է մի քանի եզակի տեսաձայնագրություն, որոնք արված են 1984 թվականին իր կազմակերպած «The Jackson 5» խմբի համերգային շրջագայության ժամանակ: «Ինչպես աշխարհի շատ մարդիկ, ես նույնպես ցանկանում եմ հարգել երաժշտության հանճարի հիշատակը, որին սիրել եւ որի հետ մտերմություն եմ արել»,- հայտարարել է Դոն Քինգը:

Հետաքրքիր է, թե ի՞նչ է մտածում Վախթանգ Դարչինյանը, որը, ինչպես հայտնի է, ավանդաբար ռինգ է մտնում Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության երաժշտության հնչյունների ներքո: Վիկի հետ կապվելու համար արդեն ուշ ժամ էր: Բացի դա, չցանկացանք խանգարել նրա ռեժիմը, չշեղել ուշադրությունը:

Դրա փոխարեն երեկ Արա Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե ինքը տեղյա՞կ է այդ մասին: «Առաջին անգամ ձեզանից եմ լսում,- պատասխանեց նա:- Ես օրերս եմ վերադարձել Միացյալ Նահանգներից: Վախթանգին հանդիպել եմ, բայց նա ինձ ոչինչ չի ասել: Իմ «Արցախ» ստեղծագործությունը Վախթանգն է ընտրել ու մեր միջեւ այն անպայման հնչեցնելու որեւէ պայմանավորվածություն կամ պարտավորություն չկա: Վիկը հիմա գերազանցապես զբաղված է իր մարզումներով, կենտրոնացած է առաջիկա մարտի վրա: Եվ գիտե՞ք ինչ. ինձ ու, համոզված եմ, ամբողջ հայության համար կարեւոր է, որ Վիկը գոտին վերցնի: Իսկ թե ի՞նչ երաժշտություն կհնչի մարզասրահում, երկրորդական հարց է: Եթե Դոն Քինգը այդպես է որոշել, թող լինի: Մանավանդ որ, ինքս էլ անչափ շատ եմ սիրում Մայքլ Ջեքսոնի երգն ու երաժշտությունը: Կրկնում եմ. թող Վախթանգը հաղթի, թեկուզ արգենտինյան տանգոյի հնչյունների ներքո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել