Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ Է ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԻ ՍԱՀՄԱՆԸ

Օգոստոս 03,2011 00:00

Մտորումներ Դալիի աշխատանքների ցուցադրության առիթով

\"\"

Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի աշխատանքների ցուցադրությունը Հայաստանի ազգային պատկերասրահում, ինչ խոսք, իրադարձություն է։ Հուլիսի 7-ից պատկերասրահում բացված «Դալին եւ սյուրռեալիստները» ու «Սյուրռեալիզմը եւ հայ նկարիչները» ցուցահանդեսների շնորհիվ հայ արվեստասերը իր համար բացահայտում է սյուրռեալիզմի ինքնատիպ դրսեւորումները։
«Առավոտը», օրերս ներկա լինելով ցուցադրությանը, ականջալուր եղավ մասնագետների խոսակցությանը։ Մինչ այն ներկայացնելը, նշենք, որ Եվրոպայից բերված էր ընդհանուր թվով 160 աշխատանք, որից 125-ը՝ Դալի, մյուսները՝ Կանդինսկի, Ջորջիո դե Կիլիկիո։ Հայ կամ հայազգի սյուրռեալիստներից ներկայացված են Արշիլ Գորկի, Գառզու, Գայանե Խաչատրյան, Հակոբ Հակոբյան, Մարտին Պետրոսյան, Լեւոն Թյությունջյան եւ Փարաջանով։ Պատկերասրահ այցելած նկարիչները բանավիճում էին, իրենց խոսքերով՝ հայ նկարիչների ոչ սյուրռեալիստ լինելու թեմայով։ Մենք զրույցի հրավիրեցինք ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանին (Կուկ), ով 1993թ. Ժնեւում իր 7 գործընկերների հետ մասնակցել է «Եվրոպա-Արտ» միջազգային ցուցահանդես-վաճառքին, որտեղ ի թիվս այլ աշխարհահռչակ նկարիչների, ցուցադրվել են նաեւ Դալիի գործերը։ Մինչ մեզ հետաքրքրող հարցերին պատասխանելը, Վ. Հարությունյանը ներկայացրեց մշակույթի տարբեր ոլորտներում (գեղանկար, գրաֆիկա, քանդակագործություն, գրող, ռեժիսոր) Դալիի 1924-1989 թթ. վարած գործունեությունը. «Իսպանացի արվեստագետը մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը եւ մեծ գովազդ է արել այդ ոճը։ Նկարիչ, ռեժիսոր, ոսկերիչ, հագուստների ու թատերական բեմերի դիզայներ Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից։ Նա գրել է նաեւ բալետային սցենարներ եւ մի շարք գրքեր, այդ թվում՝ «Դալիի գաղտի կյանքը»՝ 1942թ., «Հանճարի օրագիրը»՝ 1964թ.)»։
Մեր զրուցակիցը, համակարծիք լինելով իր վրձնակիցների այն մտքին, որ Դալիի հետ ներկայացվող հայ նկարիչները ամենեւին էլ սյուրռեալիստ չեն, հայտնեց, որ, ցավոք, մեզանում միայն նկարչի մահից հետո են «որոշում», թե նրա աշխատանքները որ ուղղությանն են պատկանում, հետո էլ ասաց. «Օրինակ, իբրեւ սյուրռեալիզմի գործեր ներկայացրած Գայանե Խաչատրյանի, Արշիլ Գորկու, Լեւոն Թյությունջյանի, Մարտին Պետրոսյանի, ի վերջո՝ Փարաջանովի անունների հետ համամիտ չեմ, պատրաստ եմ հրապարակավ բանավիճել: Գորկին, Խաչատրյանը, Թյությունջյանը աբստրակցիոնիզմի վառ ներկայացուցիչներ են, ավելին, Գորկին՝ հիմնադիրներից… Ինչ վերաբերում է սյուրռեալիզմին, այն պարզապես ուղղություն չէ, այլ մտածողություն, աշխարհընկալում, կենսակերպ, հոգեվիճակ: Եթե սյուրռեալիստների գործերում պատկերված ֆիգուրները հնարովի են, ապա Մինասի գործերում էլ դրանք հնարովի են… ուրեմն ինչ, Մինասը սյուրռեալի՞ստ է»։
Ցուցահանդեսին ներկա հայ նկարիչները զարմացած էին, որ «դրսից բերված» աշխատանքների շքեղ շրջանակների կողքին մեր նկարիչներինը ներկայանում էին համեստ, նույնիսկ ճաքած շրջանակներով ու ստվարաթղթե ֆիլետներով (պասպարտու)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031