Ժիրայր Սէֆիլյանը՝ Օսիպյանին. «Ընդհանուր սկի Ազատության հրապարակում 500 մարդ չկար»

Ժիրայր Սէֆիլյանը՝ Օսիպյանին. «Ընդհանուր սկի Ազատության հրապարակում 500 մարդ չկար»

Քիչ առաջ Փակ շուկայի մոտ Aravot.am-ը զրուցեց Նախախորհրդարանի քարտուղար Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի հանրահավաքից հետո Գարեգին Չուգասզյանի կոչով հավաքի մասնակիցների երթով շարժվեցին դեպի Փակ շուկա եւ Օպերայի մոտ ոստիկանների միջեւ ընդհարում եղավ: Ոստիկանները փակել էին Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա տանող ճանապարհները:

Aravot.am-ը փոխանցեց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի բացատրությունը, որ հանրահավաքի մասնակիցները 500 հոգով ուզում են շարժվել դեպի Փակ շուկա, մինչդեռ այդ երթն ապօրինի է: Պետք էր նախապես թույլտվություն վերցնել: Ժիրայր Սէֆիլյանի մեկնաբանությամբ. «Նրանց չի հաջողվել արգելել մեզ, բոլորս այստեղ ենք: Ընդհանուր սկի Ազատության հրապարակում 500 մարդ չկար։ Այդպիսի բան չկա, որ այս երթն ապօրինի է: Ինչքան գիտեմ, օրենքով շտապ հավաք անելու իրավունք ունեն քաղաքացիները: Մենք մեր որոշումն ունեցել ենք, եկել, կանգնել ենք այստեղ: Մենք նպատակ ենք ունեցել Փակ շուկայի խնդրին հնչեղություն տալ եւ մեր նպատակին հասել ենք»:

Փակ շուկայի մոտ հավաքի մասնակիցները տեղ ազատեցին եւ Քոչարի պարեցին, նաեւ երգեցին հայրենասիրական երգեր: Մեր հարցին՝ այդքանով ավարտվելո՞ւ է հավաքը՝ Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց. «Այսօր մենք այլ նպատակ չենք էլ ունեցել: Բայց սա սկիզբ է լինելու այս խնդրի հիմնավոր լուծման: Եթե նրանք շարունակեն անտեսել մեր դիմումները, ապա ես կարծում եմ, որ կգա մի պահ, որ քաղաքացին ատելությամբ կլցվի եւ հնարավոր է Մաշտոց-2 լինի: Առանց բախումների, քաղաքակիրթ ձեւով իշխանություններին կարելի է ստիպել, որ հուշակոթողը բերվի նախկին տեսքին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ CivilNetTV

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք