Լրահոս
Օրվա լրահոսը

Los Angeles Times. Ճամբարափոխ լինելով Դոքմեջյանը Մանդելային բանտից ազատել էր

Դեկտեմբեր 12,2013 22:28

Նելսոն Մանդելան և Ջորջ Դոքմեջյանը երբեք չեն հանդիպել, սակայն Մանդելային բանտից ազատելու և Հարավային Աֆրիկայում ռասայական խտրականությանը վերջ դնելուն փոքր չեն Կալիֆոռնիայի նախկին նահանգապետի ջանքերը: Գրում է «Լոս Անջելես Թայմս» թերթը:

Այս մշուշոտ պատմությունը գրեթե չի շոշափվել Մանդելային մահվան հետ կապված նյութերում: Իսկ Մանդելան Կալիֆոռնիային էր վերագրում իր ժողովրդի ռասայական խնդիրների հարթեցումը, գրում է թերթը:

Դոքմեջյանն ու Մանդելան քիչ ընդհանրություններ ունեին: Մանդելան սևամորթ ձախ հայացքներ ուներ, իսկ Դոքմեջյանը սպիտակամորթ հանրապետական, որը մեծապես պաշտպանում էր գործարարների շահերը: Բայց երկուսն էլ կիսում էին մի ընդհանուր պատմություն՝ նրանք ճաշակել էին բռնությունների դառնությունը: Դոքմեջյանը՝ մեծացել է լսելով իր ընտանիքի սարսափելի պատմությունները թուրքերի դաժան սպանություններին մասին:

«Հայրս կորցրել է քրոջը: Նա պարզապես անհետացել է», – թերթին պատմել է Դոքմեջյանը, – «Հայերի նկատմամբ ցեղասպանություն էր իրականացվում: Հայրս եղբոր հետ փախավ ԱՄՆ: Մորս ընտանիքը նույնպես Թուրքիայում էր, և նրանք էլ են տուժել»:

1986թ. Հարավային Աֆրիկայում իրավիճակն ավելի էր վատացել՝ գնալով ավելի շատ սևամորթներ էին սպանվում: Այդ ժամանակ Դոքմեջյանը և նրա աշխատակազմի ղեկավար Սթիվ Մերկսամերը, որն էլ իր հերթին իր ընտանիքի ֆաշիստական Գերմանիայի դաժան պատմությունների կրողն էր, որոշեցին գործի անցնել:

«Ավելի ու ավելի շատ մարդ էր վիրավորվում ու սպանվում», – ասում է 85-ամյա Դոքմեջյանը, – «Ես փորձեցի փոքր-ինչ այլ կերպ մտածել ու հիշեցի այն բազմաթիվ պատմությունները, որոնք լսել էի իմ հայ ծնողներից:

Նրանք Թուրքիայում էին և իրենց ոչ ոք չէր օգնում: Բազմաթիվ փախստականներ էին երազում ընկնել բրիտանական կամ ֆրանսիական նավերը ու փրկվել, սակայն այդ երկրները նրանց ձեռք չմեկնեցին: Նրանք մնացել էին միայնակ՝ չիմանալով, ինչպես պաշտպանվել: Մտքումս պատկերացնում էի, թե ինչ է կատարվում Հարավային Աֆրիկայի սևամորթների հետ»:

Այսպիսով` Դոքմեջյանը ճամբարափոխ եղավ, ինչը քաղաքական կյանքում համարվում է ստորացուցիչ:

«Կալիֆոռնիան չի կարող անտեսել այդ երկրում իրավիճակի վատթարացումը», – գրել էր Դոքմեջյանը Կալիֆոռնիայի համալսարանի հոգաբարձուների խորհրդին ուղղված նամակում, – «Մենք չպետք է մեջքով կանգնենք Հարավային Աֆրիկայի սևամորթներին այս մեծ ճգնաժամի պահին…

«Հաշվի առնելով բռնություններն ու անհանգստությունը… Մենք ունենք բավարար տնտեսական հիմնավորումներ՝ ձեռնարկություններում Կալիֆոռնիայի ցանկացած ներդրումներ կասկածի տակ դնելու, որը եկամուտ է բերում այդ երկրին»:

Երբ Կալիֆոռնիան գործի անցավ, ավելի քան 100 ընկերություն՝ սկսած IBM-ից, վերջացրած Կոկա-Կոլայով, խզեցին իրենց կապերը Հարավային Աֆրիկայի հետ:

Դոքմեջյանը նաև կշտամբել էր իր վաղեմի դաշնակցին՝ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանին, որ կոշտ չի վարվում ՀԱ-ի հետ:

Դոքմեջյանը ցույց տվեց, թե ինչերի կարելի է հասնել մեկ նահանգապետի քաջությամբ, որը կարողանում է վերանայել իր դիրքորոշումը ու անցնել սահմանագիծը (նկատի ունի, որ Դոքմեջյանը միշտ գործարարների շահերն էր պաշտպանում և այս դեպքի համար փոխեց դիրքորոշումը): Անշուշտ, հազվադեպ երևույթ է այսօրվա քաղաքական կյանքում, եզրափակում է հեղինակը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031