Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերականգնեք իմ ժամանակը»։ «Լռեք։ Պետք է սպասենք, տեսնենք՝ ո՞նց է Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ 10 րոպե լռում»․ վեճ՝ Ռուբեն Ռուբինյանի, Էդգար Ղազարյանի և մյուսների միջև

Օգոստոս 04,2026 17:53 Share

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, երբ այսօր ձայն տվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, որ նա հարց տա ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Վահագն Ալեքսանյանին, Էդգար Ղազարյանը մի քանի վայրկյան լռեց։ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ չեք խոսո՞ւմ, պարոն Ղազարյան։ Պատգամավորը պատասխանեց՝ մտածում եմ։ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց՝ անջատեք պարոն Ղազարյանի խոսափողը։ Նա էլ տեղից ասաց՝ ես ժամանակ ունեմ։ Այնուհետև Ռուբեն Ռուբինյանը հարցի իրավունքը տվեց Մեսրոպ Մանուկյանին։

Վահագն Ալեքսանյանն էլ միջամտեց՝ բայց պարոն Ղազարյանը սկսել էր մտածել։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Որ մտածի, պրծնի, խոսք կտամ։ ԱԺ նիստերի դահլիճը կրկես չէ»։ Ու թույլ չտվեց, որ Էդգար Ղազարյանը տնօրինի իրեն տրամադրված ժամանակը։

Էդգար Ղազարյանը տեղից հայտարարում էր՝ վերականգնեք իմ ժամանակը։ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց՝ լռեք։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ցանկացավ, որ իր հերթը զիջի Էդգար Ղազարյանին։ Ռուբեն Ռուբինյանը թույլ չտվեց։ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լևոն Քոչարյանն էլ ասաց․ «Սա ճի՞շտ ձև է նիստ վարելու։ Չի կարելի, այսքան խոսում եք բարեկրթությունից, ասում, որ բարձրանաք վերև, անաչառ եք լինելու, մարդը մտքերն է հավաքում, ուզում ձևակերպել հարց, թույլ չեք տալիս։ Ճիշտ չեք անում»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հանդես գալու հնարավորություն պետք է ունենա և խնդրեց ապահովել այդ իրավունքը։ Ռուբեն Ռուբինյանը տվեց այդ հնարավորությունը։

Էդգար Ղազարյանն ասաց․ «Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե իր հասանելիք ժամանակում հարց հնչեցնի, ինչպես տնօրինի այդ ժամանակը, ինչ հարց ձևակերպի, ինչ բովանդակությամբ դա ձևակերպի և ինչպես դա ներկայացնի։ ԱԺ նախագահ, թե տեղակալ պետք է իմանա, որ ինքը ԱԺ 105 պատգամավորներից մեկն է և մյուսներից տարբերվում է միայն նրանով, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով պարտավոր է ծառայություններ մատուցել մյուս պատգամավորներին։ Դա որևէ մեկին պատգամավորի իրավունքի խախտման հնարավորություն չի տալիս»։

Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Դուք ճիշտ եք, որ ԱԺ նախագահը պետք է նիստի բնականոն ընթացքն ապահովի, բայց նիստի բնականոն ընթացք ապահովելը ենթադրում է նաև պատշաճ հարգանք պատգամավորի և այս դահլիճի հանդեպ։ Եթե ուզում եք՝ քաղաքական պերֆորմանս արեք, բայց եթե խոսք վերցնեք, գաք այստեղ, ելույթի ժամանակ տասը րոպե լռեք, պետք է ասեմ՝ սպասենք, տեսնենք երբ է Էդգար Ղազարյանը 10 րոպե ելույթի ժամանակ լռու՞մ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել