Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը (լուսանկարում) ասուլիսում նշեց, որ օգոստոսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50%: Նա տեղեկացրեց, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ հունիսին կազմելով 5.1%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4.9%: 2026 թ. երկրորդ եռամսյակում աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների բարձր գների պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։ Տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակների ընթացքում որոշակիորեն դանդաղել է՝ չնայած սպառողական բարձր ակտիվությանը։
Նրա ներկայացմամբ՝ միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձևավորման, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը մնում են առարկայական: Եվրագոտում և Ռուսաստանում, չնայած երկրորդ եռամսյակում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ հանգեցնելով նաև աճի միջնաժամկետ հեռանկարի վատթարացմանը։ Զուգահեռաբար, պահպանվում է ապրանքահումքային և պարենային ապրանքների գների հեռանկարի շուրջ բարձր անորոշությունը։
Հովհաննես Խաչատրյանի ձևակերպմամբ՝ այս համատեքստում, հաշվի առնելով ընթացիկ բարձր գնաճային միջավայրը և դրա հեռանկարի շուրջ մեծ անորոշությունը, առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց բարձրացման ռիսկերն ավելացել են: 2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստում են շինարարության և ծառայությունների ճյուղերի զարգացումները: Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը մատնանշում է նաև տնտեսությունում ձևավորված բարձր պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների աճով։ Սա արտացոլվում է նաև համապատասխան ճյուղերում աշխատավարձերի աճի և գնաճի արագացմամբ։
Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճին շարունակում են զգալի նպաստում ունենալ նաև առաջարկի գործոնները: Մյուս կողմից՝ պահպանվում են մասնավոր աշխատավարձերի աճի և գնաճային սպասումների կայունացման միտումները։
Կարդացեք նաև
Ավելին՝ արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրների հետևանքով ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաև առանձին ապրանքների մասով ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերն ավելացել են՝ պարունակելով առավելապես գնանկումային ազդեցություններ։
Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ն միջնաժամկետ հորիզոնում կպահպանի քաղաքականության տոկոսադրույքը 6.5% մակարդակում: Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների առկայության և ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։
Մյուս կողմից՝ Խորհուրդը մատնանշել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, արտահանման առանձին ուղղություններում առաջացած խնդիրների հետևանքով եկամուտների նվազման և գնանկումային ռիսկերի ձևավորման և ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի խոսքով՝ արդյունքում, արձանագրելով Ա տիպի սցենարների նյութականանալու մեծ հավանականությունը, սակայն կարևորելով Բ տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ կապված Իրանի շուրջ անկայունության հետ՝ լոգիստիկ խնդիրների, էներգակիրների գների առումով ազդեցություններ ենք կրել ու շարունակում ենք կրել, բայց մյուս կողմից Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններից տուրիստական հոսքերի վերաուղղորդումներ են տեսնում դեպի մեր տարածաշրջան։
«Մայիս ամսից ունենք տուրիստական այցելությունների աճ, ինչ վերաբերում է ՌԴ-ին, այստեղ ազդեցություններն ամբողջությամբ չեն ռեալիզացվել, վերջին ամիսներին արտահանումները ՌԴ սահմանափակումներ ունեն, որոնք միանշանակ ազդել են արդեն ընթացիկ թվերի վրա, սակայն հունիս և հուլիս ամիսներին բարձր տնտեսական աճ կա, որովհետև շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շատ բարձր տեմպերով են աճում։ Այս ամենը ամփոփելով՝ կդժվարանամ պատասխանել, թե դեպի որ ուղղությամբ կփոփոխվեն թվերը մինչև տարեվերջ։ Մենք սցենարային մոտեցմամբ նշածս բոլոր էֆեկտներին հետևում ենք և՛ գնաճային, և՛ տնտեսական ակտիվության փոփոխությունների առումով»,- ասաց նա։
«Մեր 5,5 տոկոս պոտենցիալ երկարաժամկետ աճից շեղումները վերևի և ներքևի ուղղությամբ տեղի են ունենալու սցենարային տարբեր իրադարձությունների արդյունքում, ու երկու ուղղությամբ էլ հավանական զարգացումներ կարող են լինել։ Ինչպես նշվեց, սցենարային մոտեցմամբ բոլոր էֆեկտներին հետևում ենք»,- հավելեց Հովհաննես Խաչատրյանը։
Անշարժ գույքի և վարձակալության շուկաների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան էլ նշեց․ «Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք գնաճ, բայց դա շատ բարձր չէ, 12-ամսյա գնաճը միանիշ թիվ է՝ տարբեր հաշվարկներով՝ կախված նրանից, թե ամիսը ամսվա նկատմամբ ենք հաշվարկում, թե կիսամյակը կիսամյակի։ Կան ազդակներ, որ հենց այս պահին արագանում են։ Ֆիքսենք և ըստ դրա որոշումներ կկայացնենք։ Ամեն դեպքում չենք ցանկանում ինտերնետային կայքերից մի քանի բնակարանների գների հիման վրա որոշում կայացնել։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, այո, երկրորդ եռամսյակում արդեն մենք տեսնում ենք անշարժ գույքի գների աճի վերականգնում։ Մեզ մոտ անշարժ գույքի գների աճը գրեթե կանգնել էր, դանդաղել էր վերջին մեկուկես տարվա ընթացքում, իսկ այժմ վերականգնում ենք տեսնում․․․ Հավանաբար կա տենդենց, որ դիվելոփերներն արդեն թիրախավորում են ոչ ռեզիդենտներին, որպեսզի բնակարանները վաճառեն։ Բայց թե ինչքանով է մեծ վերջին աճերի վրա իրենց ազդեցությունը, ցույց կտա ժամանակը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































