«Դժվար եմ պատկերացնում աշխատանքը։ Ընդհանրապես նիստերը վարելու լիազորությունն իրացվելո՞ւ է, թե՞ ոչ, դա էլ քաղաքական հարմարավետությունից է կախված, որովհետև ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը այնպես չէ, որ դա ենթադրում է։ Ենթադրում եմ, թե այդ պաշտոնը զբաղեցնելն ինչ դժվարություններ է ենթադրում, բայց, մյուս կողմից, դժվարությունները ևս պատկերացնում եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանը։
Իր թեկնածությունն առաջադրելը եղել է թիմի որոշումը, և ինքը հարգում է այդ որոշումը։
Եթե ինքը չընտրվի՝ խմբակցությունը կպնդի՞ իր թեկնածությունը՝ հարցին էլ պատասխանեց՝ խմբակցությունը կորոշի։ Նա չմանրամասնեց՝ միայն ի՞ր թեկնածությունն է առաջադրվել, թե՞ այլ թեկնածուներ էլ են եղել։
Ասաց, եթե ընտրվի, զբաղվելու է ՀՀ-ի առջև ծառացած խնդիրներով, այդ թվում նաև քաղբանտարկյալների հարցերով։ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առավել ազդեցիկ կլինեն իր քայլերը։
Կարդացեք նաև
Թե ինչո՞ւ մասնավոր ոլորտում բարձր վճարվող աշխատանքը թողեց և եկավ ԱԺ՝ հարցին էլ պատասխանեց․ «Ես, ինչպես մեր 100 հազարավոր քաղաքացիներ, ունեմ այնպիսի մտահոգություններ, որոնք, հարմարավետ գործունեությունս, ընտանիքիս ցանկություններն անտեսելով, գտել եմ ճիշտ, որ կրկին անցնեմ այս ճանապարհով»։
Արամ Վարդևանյանն ասաց, որ իր դիմադրողականությունը բարձր է, հորդորեց՝ այդ մասով անհոգ լինել։
Միաժամանակ հայտարարեց, որ Հայաստանի առջև մարտահրավերներ կան, այդ առումով ինքը մտահոգ է, և ԱԺ փոխնախագահի պաշտոնը բացարձակ կիրառական նշանակություն չունի իր համար․ «Թե՛ 2021 թվականին, թե՛ 2026 թվականին ունեմ «դիսկոմֆորտ»՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակի համար»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































